[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ԱՆԿՈՐՈՒՍՏ

Քաշաթաղի շրջանում  հացահատիկի բերքահավաքն սկսվել է մայիսի 17-ից։ Հունիսի 7-ի դրությամբ հարավային թևի Կովսականի, Միջնավանի քաղաքային և Վանի, Մուշի, Երիցվանքի, Աղաձորի, Արծվաշենի, Իշխանաձորի, Գետամեջի գյուղական համայնքների և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում ընդհանուր հնձվել էր 2550հա գարու արտ, ստացվել  6489տ բերք՝ 25,4ց/հա միջին բերքատվությամբ։ Այդ օրերին դաշտերում աշխատել է ավելի քան 50 կոմբայն։ 

 Հունիսի 7-ին  երեկոյան և ողջ գիշերը տեղացած առատ տեղումների (նաև՝ կարկուտի) պատճառով բերքահավաքի աշխատանքները մինչ հունիսի 13-ը դադարեցվել էին։ Հունիսի 17-ի դրությամբ (1 ամսվա ընթացքում) շրջանում ընդհանուր կատարվել է  4265հա հացահատիկի հունձ։ Սկզբնական շրջանում հիմնականում հնձվել է գարի՝ 3930հա, ստացվել է 9635տ բերք՝ միջինը 24,5ց/հա բերքատվությամբ։ 335հա հնձված ցորենի արտերից ստացվել է 817տ բերք (24,4ց/հա)։ Հաճարի հունձ առայժմ չի ընթանում։ Հունիսի 16-ին հացահատիկի արտերում աշխատել է 56 կոմբայն (շրջանում առկա է 68 կոմբայն)։ 1 օրվա ընթացքում հնձվել է 505հա տարածք, որից ցորեն՝ 180հա. ստացվել է 458տ բերք (25ց/հա)։ 325հա հնձված գարու արտերից ստացվել է 803տ բերք՝ 24,7ց/հա միջին բերքատվությամբ։ Բացի համայնքային հողատարածքներից, բերքահավաքի աշխատանքներն ընթացան նաև շրջանի հարավ-արևելյան՝ արաքսամերձ հարթություններում։ Հունիսի 17-ի դրությամբ այստեղ իրականացվել է 315հա գարու հունձ։ Ստացվել է 475տ բերք՝ միջինը 15ց/հա բերքատվությամբ։ Հունիսի 17-ի առավոտյան տարածքում տեղացած անձրևի պատճառով հնձի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Բացի հացահատիկից, մեկ ամիս է, ինչ կատարվում է նաև անասնակերի հունձ։ Արդեն հավաքվել է 70000 հակ խոտ։ 

 

* * *

Շրջանում հունիսի սկզբից շարունակվել են նաև գարնանացանի աշխատանքները։ Հիմնականում իրականացվել է բանջարաբոստանային մշակաբույսերի, եգիպտացորենի, արևածաղկի, որոշ հատվածներում՝ նաև հացահատիկի, հիմնականում՝ հաճարի, ցանքս։ Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ հունիսի 17-ի դրությամբ կատարվել է 3213 հացահատիկի գարնանացան, ոից ցորեն՝ 35հա, գարի՝ 468հա և հաճար՝ 1148հա։  Հաճարի ամենաշատ գարնանացան՝ 170հա, կատարվել է շրջանի հյուսիսային՝ ալպիական գոտում գտնվող Լեռնահովիտ  (նախկին Եզնագոմեր) գյուղական համայնքի հողատարածքներում։ Այստեղ կատարել են նաև 10հա գարու գարնան ցանքս և 15հա կորնգանի ենթացանքս։ 160հա հաճարի գարնանացան կատարել են Ծաղկաբերդ գյուղական համայնքում, երրորդը՝ 120հա-ով՝ Որոտանի հովտում գտնվող Հայկազյան  գյուղական համայնքն է։ Հյուսիսային թևի համայնքներից հացահատիկի գարնանացան կատարել են նաև Մոշաթաղում՝ 97հա հաճար ու 10հա գարի, և Հակում՝ 87հա հաճար։ Նշված համայնքներում կատարել են նաև կարտոֆիլի, հատիկաընդեղենի, կորնգանի և այլ մշակաբույսերի գարնանացան։ Արևածաղիկ ցանել են 2 համայնքում՝ Միջնավանի քաղաքայինում՝ 40հա, և Երիցվանքի գյուղականում՝ 4հա։ Ողջ շրջանում ընդհանուր կատարվել է 119հա բանջարաբոստանային, 155հա՝ բոստան- պարենային մշակաբույսերի,12հա հատիկաընդեղենի, 28հա կարտոֆիլի, 260հա եգիպտացորենի և այլ բույսերի գարնանացան։ Անասնակերի ապահովման նպատակով իրականացվել է 330հա կորնգանի(305հա ենթացանքս) և 67հա առվույտի (47հա՝ ենթացանքս) գարնանացան։ 

Ապրիլյան պատերազմն զգալիորեն կասեցրեց գարնանացանի աշխատանքները, այնուամենայնիվ, քաշաթաղցիները չվհատվեցին, և գարնանացանն իրականացավ։ Միայն Իշխանաձորի գյուղական համայնքում, բացի տնամերձերում կատարած գարնանացանից, մոտ 7 հա սոխ և 4հա ձմերուկ են ցանել Թովմասարի տարածքում։ Հասուն արտերի հարևանությամբ արդեն կանաչին էին տալիս սոխի  ծիլերը և ձմերուկի թփերը։ Իշխանաձոր համայնքի ղեկավար Ա. Թելունցը նշեց, որ ցանքսը կատարել են պատերազմի օրերին՝ համոզված, որ հայ զինվորը թշնամուն թույլ չի տա ներս սողոսկել հայոց տարածքներ, իսկ բնակչությանն ու բանակին հարկ է ապահովել սննդով։ Սոխի և ձմերուկի դաշտերում այդ օրերին համայնքից  աշխատել են 40-50 հոգի, հիմնականում՝ կանայք. տղամարդիկ կամավոր սահմանում էին։ Տեղեկացվեց նաև, որ գյուղում նույնպես բանջարաբոստանային մշակաբույսերի գարնանացան է կատարվել, ստեղծվել  են նոր այգիներ։ 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր