[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՊԵՍԶԻ ՋՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈԽՎԻ...

Մեկ տարի է, ինչ ԼՂՀ  գյուղնախարարության ենթակայության տակ գործում է ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ-ն։ Ինչպե՞ս է աշխատել կառույցն այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ հեռանկարներ՝ այս հարցերի շուրջ զրույցի հրավիրեցինք ընկերության տնօրեն Վիտալի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ։

 - Պարոն Դանիելյան, կառույցը  գործունեություն է ծավալում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ։ Փոխվե՞լ են նրա գործառույթները, ի՞նչ է ընդհանրապես այդ փոփոխությունը տվել ընկերությանը և նրանց, ում հետ աշխատում եք անմիջականորեն։

- Մեր գործառույթները, կանոնադրական խնդիրները, կարելի է ասել, չեն փոխվել։ Ինչպես և նախկինում, ընկերությունն զբաղվում է ջրի կուտակմամբ, եղած ցանցի (ջրատարների ու ջրանցքների) պահպանմամբ, ջրի բաշխմամբ և դրա դիմաց վճարի հավաքագրմամբ։ Եվ քանի որ ընկերությունը հիմնականում գյուղատնտեսական ոլորտում է գործունեություն ծավալում, իսկ մեր հիմնական բաժանորդները՝ ջրօգտագործողները, հողօգտագործողներն են, նպատակահարմար է եղել կատարել նման փոփոխություն։ Այսպես լիազոր մարմնին հնարավորություն է տրվել ճիշտ և արդյունավետ կազմակերպել ինչպես վերահսկողությունը, այնպես էլ աջակցությունը։

Շահել ենք մենք դրանից, թե ոչ՝  ցույց կտա ժամանակը։ Կարծում եմ, գնահատական տալու, համեմատելու համար առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջան է պետք։ Իսկ մենք գործում ենք ընդամենը մեկ տարի։ Անցած տարին երաշտային էր, այս տարին՝ համեմատաբար ջրառատ, բայց հիմա էլ ապրիլյան պատերազմն իր բացասական ազդեցությունը թողեց. այն խանգարեց  գյուղատնտեսական աշխատանքներին, նվազեցրեց տնտեսության մեջ ներգրավված աշխատուժը, ինչի հետևանքով ջուրը գրեթե  սպառողներ չունեցավ։ 

Ճիշտ է, ՙՋրային տնտեսությունը՚ նոր ստեղծված կազմակերպություն է, բայց լավ նախապատմություն  ունի։ Ինչպես ասում են՝ մենք հեծանիվ չենք հնարում. խնդիրներն ու նպատակները նույնն են, փորձում ենք ջրի եղած պաշարները բաշխել արդյունավետ։ Տարվա որոշ հատվածում պետք եղածից շատ ջուր ենք ունենում, որը կարող է օգտակար լինել սակավաջուր ամիսներին։ Ցավոք, առավել մեծ ծավալի  ջրային պաշարների  կուտակման հնարավորությունները դեռևս փոքր են։ 

Հանրապետության տարածքում ջրերի կուտակման սահմանափակ հնարավորության պատճառով Ջրային տնտեսության գործունեությունը կախված է բնակլիմայական պայմաններից։ 2015-ն այդ տեսանկյունից սակավաջուր և երաշտային տարի է եղել։ Բացի այդ, շահագործվող ջրանցքների 70%-ը հողային է, ինչը հանգեցնում է ջրի գրեթե  50% կորուստների։

Սա, կարելի է ասել, մեր միակ խնդիրն է։ Այսօրվա դրությամբ մեծ քանակությամբ ջուր կուտակելու հնարավորություն կա միայն Խաչենի ջրամբարում։ Քիչ քանակությամբ կուտակում ենք Վարանդա¬ 1-ում։ Այս տարի նախատեսում ենք ևս մեկ՝ Վարանդա-2 ջրամբարի շինարարությունը։

- Համառոտ՝ ընկերության մեկ տարվա գործունեության մասին։

- Նախ նշենք, որ մեր ընկերությունն ունի տեղամասեր Ասկերանում, Մարտակերտում, Հադրութի և Մարտունու տեղամասը տեղակայված է Մարտունու շրջանում։

ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ-ի կազմում գործում է նաև շինարարավերականգնողական և մեքենայացման բաժին։ Տարվա ընթացքում ընկերությունը կազմակերպել և իրականացրել է ոռոգման, ջրամատակարարման համակարգերի համալիր կազմի մեջ մտնող 2 ջրամբարների, 23 ջրանցքների և այլ ջրատնտեսական օբյեկտների պահպանումն ու շահագործումը։

Ջրօգտագործողների, ջուր սպառողների հետ կնքվել է 272 ջրամատակարարման պայմանագիր  ընդհանուր 5498հա հողերի ոռոգման վերաբերյալ, որոնցից 4745 հեկտարն ապահովվել է ջրով։

- Ստացվում է՝ եղել են մարդիկ, որ պայմանագիր են կնքել, բայց ջուր չե՞ն ստացել։ 

- Ցավոք, երբեմն այնպես է պատահում, որ սակավաջրության և երաշտի պայմաններում որոշ բաժանորդների պահանջված քանակի ջուր ապահովել չի հաջողվում։ 

- Ջրային ոլորտի աշխատանքը, կարելի է ասել, դեռ համակարգված չէ. ոռոգման կայացած համակարգ, որակյալ սպասարկում, կայուն վճարման մեխանիզմ կարծես թե չկան։ Բաժանորդներն էլ  դժվար են  ընկալում, որ ջուրն ապրանք է, այն բաժանորդին հասցնելը՝ ծառայություն, և դրա դիմաց պետք է վճարել։ Այս խնդիրներն ինչպե՞ս են լուծվում։

- Ոլորտում իսկապես անելիքներ շատ կան։ Դրանց զուգահեռ, պետք է նաև բացատրական աշխատանք տարվի բաժանորդների հետ, որոնցից շատերի համար ջուրը, թերևս, ՙբնության պարգևն է՚, ՙհանդի ջուր՚, որը պետք է բաշխվի ձրի։ Այստեղ, սակայն, մի ՙբայց՚ է  առաջանում, որի շուրջ մարդիկ չեն մտածում. ՙհանդի ջուրը՚ ինքնիրեն այգի ու բանջարանոց չի հասնում։ Մեր ընկերությունը մեծ աշխատանք է տանում ջրանցքների ու ջրամբարների պահպանման, վերականգնման, մաքրման ուղղությամբ։ Ի վերջո, դրանց վրա գումար է ծախսվում, ինչը պետք է փոխհատուցվի։ 

Նշենք, որ հաշվետու տարում վերականգնողական աշխատանքներ ենք կատարել. արվել են ծախսեր շինանյութերի, վառելանյութերի և պահեստամասերի տեսքով։ Եվ այն չնչին գումարները՝ 6 դրամ՝ 1 տոննայի դիմաց, որ գանձվում են, միայն ընկերության պահպանման  ծախսերին են հերիքում, մինչդեռ համակարգը պիտի զարգացվի բաժանորդների վճարների հաշվին։ Սա նշանակում է, որ ինչքան շատ բաժանորդ կարողանանք բերել իրավական դաշտ, այնքան ընկերությունն ավելի արդյունավետ կաշխատի՝ կարողանալով կյանքի կոչել իր առջև դրված նպատակները։ Առաջիկայում ևս կաշխատենք պահպանել ու բարեկարգել ջրային համակարգերը, ոռոգման ջրի կորուստները հասցնել նվազագույնի, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ապօրինի ջրօգտագործման դեմ, բարձրացնել բաժանորդների սպասարկման մակարդակը։ 

- Բաժանորդների հետ աշխատելիս ի՞նչ բարդությունների եք հանդիպում։

- Բարդությունը կայանում է նրանում, որ բաժանորդի և ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 10 բանկային  օրվա ընթացքում ոռոգման ջրի վճարը պիտի մուծվի, բայց քանի որ բաժանորդների մեծ մասն այդ ժամանակահատվածում կանխիկ գումար չի ունենում, խնդրում է  վճարը կատարել բերքն իրացնելուց հետո։ Ընկերությունն ընդառաջում է։ Ստացվում է այնպես, որ եթե բերք չեն ստանում այս կամ այն (ոչ միշտ՝ ջրի սակավության) պատճառով, հրաժարվում են կատարել այս պարտավորությունը, գտնելով, որ պարտավոր են վճարել այն դեպքում, եթե ստացել են սպասված արդյունք։ Սա, իհարկե, անհեթեթ մոտեցում է, բայց իրականությունը սա է։ Նման պատճառաբանությունները պետք է բացառվեն։ 

- Որքան էլ տարօրինակ հնչի, մեր ջրօգտագործողները ջուրը ճիշտ օգտագործել չգիտեն...

- Գյուղնախարարության խնդիրներից մեկն էլ այն է, որ բացատրական աշխատանքի միջոցով վերացնի այդ բացը. հողօգտագործողները պետք է ընկալեն, որ բույսին շատ ջուր տալը ոչ միայն օգուտ չի տալիս, այլև հաճախ լուրջ վնաս է հասցնում։ ճիշտ ոռոգում իրականացնելով է, որ ցանկալի արդյունք է ապահովվում։ 

- Ինչպե՞ս է ներկայումս հաշվարկվում օգտագործվող ջրի սակագինը։

- Առայժմ հաշվիչներ տեղադրված չեն։ Հաշվարկում ենք 1հա-ի համար սահմանված սակագնով, բայց շուտով կտեղադրվեն հատուկ հաշվիչներ, ըստ որի էլ կգանձվի գումարը։ 

- Տեղյա՞կ եք, որ հողօգտագործողների մոտ դժգոհություն կա ջրի բաշխմանը սուբյեկտիվ մոտեցման  պատճառով։ Մենք հանդիպել ենք հողօգտագործողների, ովքեր համոզված են, որ խոշոր ջրօգտագործողները, որ կապ ունեն ազդեցիկ շրջանակների հետ, ջուրը ստանում են ՙզանգով՚։ Արդյունքում մնացածներն այն անհրաժեշտ պահին ստանալ չեն կարողանում, ինչի պատճառով բերքի կորուստ են ունենում։ 

- Պետք է նշել, որ բաժանորդը ՙՋրային տնտեսություն՚ ընկերության աշխատանքը համակարգված չի տեսնում։ Այն տեսանելի է միայն իր մասով։ Ցանկացած ջրանցք իր ջրթողությունն ունի, և եթե այդ տարածքում բաժանորդների թիվը գերազանցում է ջրանցքի ջրթողության սահմանը, մնացած ջրօգտագործողները ստիպված են լինում սպասել։ Անհրաժեշտ է իմանալ, որ հայտը պետք է ներկայացվի նախօրոք։ Մեր կողմից այն պետք է քննարկվի, որպեսզի հասկանալի լինի՝ կարողանալո՞ւ ենք բավարարել այն պահանջված տարածքում։ Պետք է հասկանալ, որ գյուղատնտեսական գործունեություն ծավալելիս հաշվի են առնվում բոլոր հնարավորությունները, հաշվարկվում ռիսկերը։ Փորձենք անկեղծ լինել, այսպես ասած, ՙզանգերով՚ հարց լուծելը  բոլոր պետություններում էլ կա։  Չի բացառվում նաև մեզ մոտ։ Բայց դա մեր աշխատանքի հիմնական ձևը չէ, ձգտում ենք պահպանել հավասարությունը՝ նաև ելնելով մեր ռեսուրսներից, ինչը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով։

- Իսկ հաճա՞խ են լինում ջրգողության դեպքեր։

- Մանր հողօգտագործողների կողմից, որոնք տնամերձ կամ փոքր հողակտոր են մշակում, հնարավոր է, բայց բացառվում է, որ խոշոր ջրօգտագործողները գողանան այն, որովհետև այդքան ջուր պարզապես  անհնար է գողանալ։ 

Պետք է հետևողական լինել, որ ձևավորվի վճարման անխուսափելիության համակարգ, որի նպատակը ջրօգտագործողներին իրավական դաշտ բերելն է։ Սա կօգնի փոխել վերաբերմունքը ջրի նկատմամբ, խնայել այն, գնահատել նրա արժեքը։

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ