[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ԱՌԻԹ

ԼՂՀ հռչակման հոբելյանական տարեդարձի հանդիսավոր միջոցառումների շարքում էր նաև  սեպտեմբերի 2-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում  բացված ՙՀայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար՚ խորագիրը կրող  ցուցահանդեսը:

Այն նպատակ ունի ներկայացնելու  ազգային դրամի  շրջանառության պատմությունը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:  

Միջոցառման սկզբում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իրականացրին   ԼՂՀ հռչակման 25-ամյակի առթիվ թողարկված նոր նամականիշի փոստային շրջանառության մուտքը խորհրդանշող մարման արարողություն: ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց, որ վաղուց արդեն ավանդույթ է դարձել հանրապետության համար նշանակալից տոների կապակցությամբ նամականիշերի թողարկումը, իսկ անկախության հոբելյանական տարեդարձի կապակցությամբ տոնական օրը մարվեց և շրջանառության մեջ դրվեցին 50 հազար ընդհանուր տպաքանակով նամականիշեր: Տոնական նամականիշը, որի  հեղինակը Դավիթ Դովլաթյանն է, տպագրվել է Մոլդովայի Հանրապետությունում: ՙԱյս նամականիշը մեր հանրապետությունում թողարկված նամականիշերի և գեղաթերթիկների թիվը հասցրեց 105-ի, և նա իր նախորդների պես հնարավորություն կունենա անարգել  շրջագայել աշխարհի բոլոր երկրներում՚,-նշեց Գ. Գրիգորյանը:                                                                                                                                   

Կենտրոնական բանկի դրամաշրջանառության վարչության պետ Ս. Սիմոնյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բացմանը մասնակցելու համար`  նշելով, որ աշխարհում քիչ կան պետություններ, որոնք Հայաստանի նման կարող են  հպարտանալ բազմադարյա բովանդակալից և հետաքրքիր պատմություն ունեցող ազգային դրամով: Նա նաև նշեց, որ ցուցավահանակներին ներկայացված շատ նմուշներ այդ իմաստով եզակի են. այդտեղ տեղ են գտել հայկական հին` Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ինչպես նաև  ռուսական կայսրության և  ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ, ՀՀ ժամանակակից բոլոր  թողարկումները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը:  Ցուցադրությանն առանձին ներկայացվել են նաև ԿԲ կողմից հրատարակված տեղեկատվական բնույթի տարբեր գրքեր  և բրոշյուրներ: Ցուցահանդեսի ընթացքում ԼՂՀ բնակիչները նաև ֆինանսական գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կունենան: Կազմակերպիչների համոզմամբ` նման միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն  հատկապես աճող սերնդին  հայկական դրամի` անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերն անցած հարուստ պատմությունը ներկայացնելու տեսանկյունից: Ցուցահանդեսը Ստեփանակերտում գործելու է  մինչև սեպտեմբերի 13-ը:                                                                                                                                                            

ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանի խոսքով, ԿԲ-ի կողմից արդեն ավանդական դարձած և 11 տարվա պատմություն ունեցող` ազգային դրամի պատմությունը ներկայացնող արտագնա միջոցառումների շարքում  այս ցուցադրությունն առանձնահատուկ է նրանով, որ  այստեղ ներկայացվել են նաև Արցախի համար պատմագրական մեծ արժեք ներկայացնող` Ղարաբաղի խանության մետաղադրամները, ինչպես նաև ժամանակակից ԼՂՀ հուշանվերային թղթադրամներն ու մետաղադրամները: Բացի այդ, ցուցահանդեսի ընթացքում ԿԲ աշխատակիցների կողմից կանցկացվեն դասընթացներ, որոնք ուղղված կլինեն մեր հանրապետության բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը: Դրանց ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ կրթական նյութեր և բուկլետներ: ԿԲ ներկայացուցիչները ցուցահանդեսի այցելուներին տարբեր ինտերակտիվ խաղերի օգնությամբ նաև կներկայացնեն ֆինանսական միջոցներն ավելի գրագետ և արդյունավետ կառավարելու և ֆինանսական դժվարություններից խուսափելու  եղանակները: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ