Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Վերջին օրերի հանդիպումները գյուղոլորտի  պատասխանատուների հետ, համակողմանի քննարկումները վկայում են, որ կառավարությունը որոշել է փոխել գյուղատնտեսության ոլորտի իր ռազմավարությունը, անցնել ինտենսիվ քայլերի՝  արմատական լուծում տալու առկա մի շարք խնդիրների։

Այդ նպատակով գործադիրն աշխատում է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգի վրա, որի մշակմանը մասնակցելու հանձնարարություն են ստացել ինչպես պատասխանատու մարմինները, այնպես էլ ոլորտում գործունեություն ծավալող կամ  առնչվող մասնավոր անձինք և կազմակերպություններ։ Հայեցակարգը վերջնական տեսքի է բերվելու մինչև տարեվերջ։ Ի՞նչ կարող է փոխել ոլորտում նման հայեցակարգը, ինչո՞ւ առաջացավ դրա  անհրաժեշտությունը.  այս  և հարակից այլ խնդիրների  շուրջ է  հարցազրույցը ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ ՄԽՈՅԱՆԻ հետ։

- Պարոն Մխոյան, ի՞նչ է, ընդհանրապես, իրենից ներկայացնում գյուղատնտեսության նոր հայեցակարգը։

- Այն նախևառաջ միտված  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  գյուղատնտեսության արդի մեթոդների ներդրմանը, որն աշխարհում կենսագործվում է ավելի քան 50 տարի, և որին մենք վաղուց պիտի անցած լինենք, եթե ուզում ենք ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ մեր փոքրիկ տեղն ունենալ։ Հայեցակարգը պահանջ է դնում հրաժարվել հին, ավանդական, 20-րդ դարի մեթոդներով գյուղատնտեսությունից, որով այլևս անհնար է հաջողություններ գրանցել։ Առաջարկվող մեխանիզմներն աշխարհում վաղուց կիրառվող, արդյունավետությունն ապացուցած մեխանիզմներ են։ Մեզանից կախվածը դրանք տեղայնացնելն է՝ հաշվի առնելով տեղական  առանձնահատկությունները։  Հատկապես մեր պարագայում, երբ, լինելով ագրարային երկիր, տնտեսության զարգացման հիմքերից մեկը տեսնում ենք գյուղատնտեսության, վերամշակող արտադրության մեջ։ Միայն այս քայլով հնարավոր կլինի զարգացնել գյուղը, գրանցել ՀՆԱ-ի աճ, բարձրացնել ժողովրդագրական ցուցանիշն ու բնակչության կենսամակարդակը, նվազեցնել գործազրկությունը։ 

Դրա համար անհրաժեշտ է տեղ տալ բարձր տնտեսական արդյունավետություն ապահովող մշակաբույսերի մշակությանը, պահպանել ագրոտեխնիկական կանոնները, կիրառել միջազգային փորձը, գիտական ներուժը, գյուղատնտեսության մեջ բազմազանություն մտցնել՝ նոր, մեր բնակլիմայական  պայմաններին հարմարվող մշակաբույսերի նոր սորտեր աճեցնելով։ Աշխարհը փոխվել է, տնտեսությունն իր պահանջներն է ներկայացնում, և գյուղատնտեսությունը բացառություն չէ։ Մեր գյուղատնտեսության ամենացավոտ և լուծման կարոտ խնդիրը ոռոգման համակարգի զարգացումն։ Դրա չկայացվածությունը բազմաթիվ այլ խնդիրների առաջացման հիմք է դարձել։ Քիչ է  ասել, որ ոռոգման համակարգը ոչ բարվոք վիճակում է. ջրային ռեսուրսների համակարգման, կառավարման լուրջ խնդիր ունենք, և այս հայեցակարգով ջրային համակարգերի արդիականացմանը մեծ տեղ է տրվում։ Եթե այսօր ի վիճակի չենք մեծ ծախսերով  եղած ջրային պաշարները նպատակաուղղել գյուղատնտեսական նշանակության հողերին, պետք է գոնե կիրառել ջրախնայողական տեխնոլոգիաներ, ինչը տասնյակ անգամ կխնայի ջուրը, կբարձրացնի հողի արդյունավետությունը։  

- Ինչո՞ւ հենց այս պահին նման հայեցակարգի ընդունման անհրաժեշտություն առաջացավ։

- Նման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը միշտ էլ եղել է. և՜ 5 տարի առաջ, և՜ 10, և՜ ավելի։ Պարզապես գյուղատնտեսության զարգացածության մակարդակը մեզ մոտ  թույլ չէր տալիս ավելի լուրջ ու հավակնոտ ծրագրեր առաջ քաշել։ Սրանից 5, 10 և ավելի տարիներ առաջ արցախցի հողօգտագործողը, ֆերմերը, կարելի է ասել, ժամանակակից ագրոտեխնիկական կանոններին ծանոթ չէր, չկար բավարար գրագիտություն՝ ժամանակակից գյուղատնտեսություն զարգացնելու համար։ Ինչպես կրթության համակարգում գոյություն ունեն ուսումնական փուլեր՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ և այն, գյուղատնտեսության մեջ էլ այդ փուլերն անցնելու անհրաժեշտություն կար։

- Իսկ ի՞նչ էինք անում առայսօր։ Չէ՞ որ կառավարության՝ գյուղոլորտի ծրագրերը պիտի որ միտված լինեին հենց Ձեր ասած անգրագիտության վերացմանը, որը պիտի  բավարար հիմք ստեղծեր գյուղատնտեսության զարգացման համար։ 

- Անշուշտ, կառավարությունը ձեռքերը ծալած նստած չէր։ Ձեռնարկվել են բազմաթիվ միջոցներ, հազար ու մի նախագիծ է մշակվել, որով փորձել ենք աջակցել հողօգտագործողին ու ֆերմերին, արտոնյալ պայմաններով փոխհատուցում ու վարկեր են տրամադրվել՝ պետության առաջարկած պայմաններով գյուղոլորտում գործունեությունը խթանելու համար։ Տարիների փորձը ցույց է տվել, որ լիաբուռ տվածը լիարժեք չի վերադարձվել։ Դրա համար էլ ցուցանիշներն սպասվածից ցածր էին։ Վերլուծելով՝ կարելի է արձանագրել, որ տալու ձևերն էլ միշտ չէ, որ էֆեկտիվ են եղել։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, և իրավիճակը շտկման կարիք ունի։

Իհարկե, սխալ կլիներ չտեսնել տարիների ընթացքում արձանագրված դրական միտումները. ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում մշակվում էին հիմնականում ցորեն, գարի, այսինքն՝ զբաղվում էին  մոնոկուլտուրայով, ինչը բերում է հողի աղքատացման, վնասատուների աճի, մոլախոտերի անսահման տարածման և այլ խնդիրների։ Մշակաբույսերն էլ մշակվում էին անփույթ, ցածրորակ էին, ունեին նվազ բերքատվություն։ Չէր օգտագործվում ժամանակակից գյուղատնտեսության մշակության  տեխնոլոգիան, ինչին աշխարհն անցել է վաղուց։ Ոռոգումը կատարվում էր կոպիտ   սխալներով, ինչի արդյունքում հողը ոչ թե ոռոգվում, այլ ողողվում էր՝ զրկվելով անհրաժեշտ նյութերից,  և նման հողից  բարձր բերք սպասել՝ լուրջ չէր լինի։ Էլ չեմ խոսում սերմացուի, պարարտանյութերի ընտրության ու չափի, օգտագործման եղանակների մասին, ինչը  նույնպես չէր պահպանվում։

- Ստացվում է՝ հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը կար,  նախադրյալները՝ ոչ։

- Ավելի ճիշտ՝ պետք է հասնեինք գյուղատնտեսության զարգացման այն քայլին, երբ կհասկանայինք, թե արդյո՞ք իմաստ ունի հայեցակարգի ընդունումը, արդյո՞ք ունենք այն իրագործելու ներուժը (խոսքն  ինչպես մասնագիտական, տեխնիկական, գիտական հնարավորությունների մասին է, այնպես էլ՝  ֆինանսական ռեսուրսների)։ Եվ մեր ծրագրերի մեջ կան եղած հնարավորությունների ուսումնասիրման  խնդիրները, լուծման ուղիները և այլն։ Այսինքն՝ հայեցակարգն ինքնագլուխ, ինքնաիրագործվող ծրագիր չէ, այն ունի պահանջներ, և դրանք պետք է բավարարել։

- Այն, որ նման նախաձեռնությամբ կառավարությունը հանդես է գալիս հիմա, հի՞մք է տալիս մտածելու, որ այսօր արդեն պատրաստ ենք բավարարելու այդ պահանջները։

- Չէի ասի այսօր լրիվությամբ պատրաստ ենք, բայց յուրաքանչյուր ուշացած օր   մեր գյուղատնտեսության զարգացումը հետ է մղում տարիներով։ Կարծում եմ, արդեն հասել ենք այն սահմանագծին, որի հատումն  անթույլատրելի կլինի և անդառնալի կորուստներ կբերի ոլորտին։ Ծրագիրը ռիսկային է, հավակնոտ, բայց՝ կենսական նշանակության։

Վերջին տարիները ես կգնահատեի որպես պիլոտային ծրագրերի իրականացման ժամանակաշրջան։ Դրանք փորձնական, եղած ներուժը գնահատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ անելու  ծրագրեր են

- Դուք Ձեր հարցազրույցներում շեշտում եք, որ Արցախի գյուղատնտեսության ապագան տեսնում եք պտղաբուծության մեջ։ Ինչո՞ւ։

- Նախ, տարածաշրջանը շատ հարմար է պտղաբուծության զարգացման համար։ Բացի այդ, պտղի տնտեսական արդյունքը մի քանի անգամ ավելի բարձր է գյուղատնտեսական այլ մթերքների  համեմատ։ Ավելորդ չեմ համարում  նաև նշել, որ  պտղաբուծության  մեջ առավել նպատակահարմար և տնտեսապես շահավետ է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։ 

- Ենթադրենք ծրագիրը հաջողվեց։ Բայց չէ՞ որ  Արցախը մեկուսացված է մեծ աշխարհից, և արտադրողի համար դժվար է իրացման լայն շուկա դուրս գալը։ Ի՞նչ պիտի արվի այդ արտադրանքը։

- Հավաստիացնում եմ, որ մենք ունենք ոչ թե իրացման, այլ ծավալի խնդիր։ Խոշոր սպառողները չեն հետաքրքրվում փոքր քանակներով, իսկ մեր նույնիսկ ամենախոշոր արտադրողը շատ հեռու է այդ պահանջարկը բավարարելուց։ Այսինքն, միջազգային շուկա դուրս գալու համար պետք է մրցունակ լինել։ Մրցունակ՝ բոլոր առումներով՝ գին, որակ, ապրանքային տեսք, քանակ։ Մինչև մեր արտադրողները սա չհասկանան, արդյունավետ բիզնես, զարգացած գյուղատնտեսություն մենք չենք ունենա։ Այսօր աշխարհում կա որակյալ սննդամթերքի պահանջ, և խոսել իրացման  անհնարինությունից այս պայմաններում, դարձյալ լուրջ չէ։ Մեր արտադրողները հաճախ մինչև ապրանքի իրացումն ամրագրում են շահույթի մի թիվ և ձգտում անպայման հասնել դրան՝ անկախ ապրանքի որակից և քանակից։ Մինչդեռ գինը կարգավորում է շուկան, և ցանկալի շահույթ ստանալու համար պետք է համապատասխան քանակի և որակի ապրանք մատակարարել սպառողին։ Իմ կարծիքով, մեր  արտադրողները մասնագիտական հմտությունները, տնտեսագիտության հիմունքներն  ուսումնասիրելու, սովորելու և դրանցով առաջնորդվելու խնդիր ունեն։ Հայեցակարգի մշակման շրջանակում նախարարությունը կսկսի նաև ուսուցողական դասընթացներ երկրագործությունից, պտղաբուծությունից, մեղվաբուծությունից, անասնապահությունից, բանջարաբուծությունից։ Հույս ունենք՝ ցանկալի արդյունքներ կունենանք։ 

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայեցակարգից, և ներդնելուց ի՞նչ ժամանակահատվածում կերևա՝  արդյունավե՞տ է այն, թե՝ ոչ։

- Հայեցակարգը  տասը տարվա համար է։ Օգտակարությունն այգեգործության մեջ կերևա 6-7 տարվա ընթացքում, երկրագործության մեջ՝ ավելի վաղ։ Հայեցակարգի համաձայն՝  հողօգտագործողին խորհրդատվական, ֆինանսական, մասնագիտական պետական օժանդակություն կցուցաբերվի, միաժամանակ կպարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գործունեություն. ցանքաշրջանառություն՝ մեր կողմից որոշված մշակաբույսերով, ջրախնայողական տեխնոլոգիաներ, հողի մշակության ժամանակակից մեթոդներ և այլն։ 

Նշանակում է՝ սա մի շղթա է, որի յուրաքանչյուր օղակ իր դերակատարությունը պիտի ունենա, և ճիշտ աշխատանք կազմակերպելու դեպքում սպասումները կարդարացվեն։ Ինչ վերաբերում է արդյունավետությանը, դրանում կասկածելու կարիք չկա, քանի որ աշխարհի փորձը դա է վկայում։ 

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ