ԱՐՑԱԽՈՒՄ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ
Անցած կիրակի Արցախում բերքի տոն էր. Ստեփանակերտում մեծ շուքով նշվեց Գյուղատնտեսության աշխատողի օրը, որն ուղեկցվեց արդեն ավանդական դարձած գյուղատնտեսական տոնավաճառի միջոցառումներով։
Չնայած տաղավարները տեղադրվել էին Վերածննդի հրապարակում, բայց տոնավաճառը ձգվում էր դեպի Վ. Սարգսյան փողոց ու կենտրոնական շուկայի մոտակայքը։ Այդ օրը շուկայի վերածված Վերածննդի հրապարակում կարելի էր գտնել ամեն ինչ՝ վաճառքի հանած կենդանիներից մինչև միրգ ու հատապտուղ, չիր ու չամիչ, հրուշակեղեն, գինի ու օղի։ Ազգային երգն ու պարը, խաղ-մրցույթները, հյուրասիրությունն այն դարձրել էին իսկական բերքի տոն։
ԼՂՀ գյուղնախարարությունից ստացված տեղեկություններով՝ այս տարի, անցած տարվա համեմատությամբ, հայտերի քանակն ավելացել էր շուրջ 30%-ով, ներկայացվել էր ավելի քան 600 հայտ, դրանցից 20-ը՝ վերամշակող կազմակերպություններ։ Գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսավորել է տոնավաճառին մասնակցողների տրանսպորտային ծախսերը։ Ըստ տնտեսվարող ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ մթերքները վաճառվել են շուկայականից շուրջ 20% ցածր գներով։
Ցուցահանդեսն Արցախում կազմակերպվում է արդեն 6 տարի, տարեցտարի մասնակիցների թիվը աճում է։
ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյա անձինք նույնպես նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ այցելել էին տոնավաճառ։ Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Բերքի տոնն արդեն ավանդական է դարձել հանրապետությունում և ընդգծեց, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել և շարունակաբար զարգացնել։ Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, վարչապետ Ա. Հարությունյանը, այլ պաշտոնյաներ Արցախից ու Հայաստանից։ Տոնավաճառում ներկայացված բերք ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Գյուղատնտեսության նախարար Ա. Մխոյանն իր խոսքում ասաց, որ այս տարվա տոնավաճառը ամենաներկայացուցչականն է. շուրջ 700 մեքենա, այդքան էլ սեղանիկ։ Այս տոնավաճառը տարբերվում է նաև նրանով, որ ավելացել էր ներկայացվող ապրանքների տեսականին։ Տոնը կարևորվում է այն բանով, որ հնարավորություն է տալիս անմիջական շփում ստեղծել արտադրողի ու սպառողի միջև։ Նման կապող օղակի վառ օրինակ է ՙՍպայկա՚ ընկերությունը, ով նաև այս տարվա տոնավաճառի գլխավոր հովանավորներից է։ ՙՍպայկա՚-ն Անդրկովկասի՝ արտահանմամբ զբաղվող ամենախոշոր կազմակերպությունն է։ Ինչպես նշեց ընկերության ներակայցուցիչ Լյուսի Հայրապետյանը, ընկերության նպատակը հնարավորինս շատ արտադրողներ ներգրավելն է իրենց ծրագրում։ Տոնավաճառին ՙՍպայկա՚ ընկերությունը ներկայացել է ՙՎանո՚ օղիով՝ արտադրված Հադրութում։ Այն մեծ ուշադրություն է դարձնում բիոարտադրանքին, փաթեթավորումն ու ձևավորումն էլ համահունչ է արտադրանքին։ Ընկերությունը պատրաստ է համագործակցել արցախցի մյուս արտադրողների հետ և տոնավաճառին ներկայացել է հենց այդ համագործակցության զարգացման նպատակով։ ՙՄենք վերցնում ենք արտադրանքի նմուշը, համարակալում, ստուգում, եթե այն համապատասխանում է գործող չափանիշներին, կապ ենք հաստատում արտադրողի հետ և լայն շուկա դուրս բերում այն՚,- ասաց Լ. Հայրապետյանը՝ հավելելով, որ առաջին անգամ Բերքի տոնին մասնակցել են անցյալ տարի։ Նա համոզված է, որ Արցախում համագործակցությունը դեռ երկար կշարունակվի։
Տոնավաճառում ամեն տարի իր նախաձեռնողականությամբ, ստեղծարար մտքով, թարմ գաղափարներով առանձնանում է Քաշաթաղի շրջանը։ Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ էլ շրջանն ակտիվ մասնակցություն է բերել տոնավաճառին, ավանդականի հետ ներկայացնելով նույնիսկ էկզոտիկ պտուղներ, բայց կարևորն իրենց համար ոչ թե դրանք վաճառելն է, այլ տոնը։ Այս տարի բնությունը շռայլ է եղել նաև քաշաթաղցիների նկատմամբ, այնպես որ՝ քաշաթաղցիները ցույց տալու բան ունեին։ Տոնավաճառին շրջանը ներկայացել էր 54 համայնքով, և Ա. Մխիթարյանը հատուկ հպարտությամբ է նշում, որ ՙշուկայի 65%-ը զբաղեցնում էր հենց Քաշաթաղի շրջանը՚։
Սրբուհի ՎԱՆՅԱՆ