[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ ձեռքբերված հաջողությունների և ունեցած ավանդի համար  ոլորտի մի խումբ անձինք և կազմակերպություններ հոկտեմբերի 10-ին պարգևատրվեցին հուշամեդալներով, գործադիրի պատվոգրերով։

ԼՂՀ վարչապետի հուշամեդալներ ստացավ 9 հոգի, կառավարության պատվոգրերով պարգևատրվեցին 22 անձ և 4 կազմակերպություն։

Պարգևները հանձնեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ով, շնորհավորելով օրվա կապակցությամբ, կարևորեց նրանց աշխատանքը, նշելով, որ տարեցտարի ավելի ու ավելի ինտենսիվ են աշխատելու՝ ոլորտը զարգացնելու և Արցախում ժամանակակից գյուղատնտեսություն կայացնելու նպատակով։ Նախարարը նաև նշեց, որ Արցախում կան բոլոր նախադրյալները գերատեսչության հավակնոտ ծրագրերն իրագործելու համար։ Մնում է մի քիչ ավելի ջանք թափել, լինել նախաձեռնող և փորձել ներդնել ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներ։ Արամ Մխոյանը հավաստիացրեց, որ առաջիկայում ևս գյուղատնտեսության բնագավառի աշխատողների աշխատանքը կգնահատվի, կխրախուսվի  կառավարության կողմից։ ՙՀուսով եմ, որ առաջիկայում ևս հաջողություններ կգրանցեք, կբարձրացնեք ցուցանիշները և բարձր պարգևների կարժանանաք՚,- ասաց գյուղնախարարը։ Օգտագործելով առիթը՝ Ա. Մխոյանը ներկայացրեց նաև գյուղատնտեսության զարգացման առաջիկա ծրագրերը, այն պետական ռազմավարությունը, որը նախատեսել են իրականացնել այդտեղ հավաքվածների միջոցով։  

Սրբուհի ՎԱՆՅԱՆ