Logo
Print this page

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՈՒ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱրմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հոկտեմբերի 15-ին մարդաշատ էր Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը.  այստեղ էին  գրեթե բոլոր մայրցամաքներից  ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր Տիգրանակերտ էին ժամանել ոչ միայն զբոսաշրջային նպատակներով, այլ մասնակցելու այդ օրը կազմակերպված ծառատունկին։

Ինչպես հայտնել են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից, ծրագիրն իրականացվել է ՙԴեպի Հայք՚ հիմնադրամի և ՙArmenian Tree Project՚ կազմակերպության հետ համագործակցությամբ ու նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։ 

Նախաձեռնությունը յուրահատուկ էր  հատկապես ծառատունկի վայրի ընտրության և մասնակիցների առումով։ Մասնակցելով նախաձեռնությանը՝ երիտասարդներն իրենց անձնական ներդրում ունեցան արգելոցի կանաչապատման ու բարեկարգման հիրավի շնորհակալ գործին։ Ծառատունկը յուրահատուկ հնարավորություն էր նաև մասնակիցների համար՝ ծանոթանալու Արցախի Տիգրանակերտի պատմությանը, հնագիտական նշանակությանը, հաղորդակցվելու նախնյաց պատմությանը։

Տիգրանակերտը, ունենալով հնագիտական ու պատմա-մշակութային բացառիկ նշանակություն, շրջակա միջավայրի համար վեր է ածվել նաև բնական յուրահատուկ օազիսի, ուր արդեն մի քանի տարի է կանաչապատման աշխատանքներ են ընթանում, արգելոցի տարածքում նաև դենդրոպարկի ստեղծման հիմքերն է դրված, և այդ ուղղությամբ բավական աշխատանք է տարվել։ Այս ծառատունկը նպաստելու է արգելոցի, որպես Արցախի բացառիկ զբոսաշրջավայրի զարգացմանը։ Կարծում ենք, որ դա մի հավելյալ առիթ է ծառ տնկողների համար, վերադառնալու և տեսակցելու ծառերը ու ինչ իմանաս մի գուցե նրանցից ոմանք փորձեն իրենց իսկ տնկած  մատաղ ծառերի հետ արմատ ձգել  Արցախում։

 

 

Արմինե  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության  վարչության առաջատար մասնագետ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.