Logo
Print this page

ՙԹԱԼԻՇԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻ ՀԱՐՑԸ՚

Հարցազրույց Թալիշի գյուղական համայնքի ղեկավար Վիլեն ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ 

 - Թալիշի մասին ցանկացած տեղեկություն մեզ հետաքրքրում է, բայց եկեք նախ խոսենք բնակչության մասին, մարդկանց տեղավորման խնդիրներից։ 

- Նախքան տեղահանությունը Թալիշի համայնքն ուներ շուրջ 125 ընտանիք՝ 500 մշտական բնակչով։ Ունեինք նաև  ժամանակավոր հաշվառմամբ 67 բնակիչ։ Ներկայում բնակչության թիվն ուղիղ համեմատական է տեղի հնարավորություններին։ Ունենք քսանվեց ընտանիքի համար նախատեսված պայմաններ, բայց ապրում է 28-ը՝ շուրջ 114 բնակչով։ Այս պահի դրությամբ առկա է ընտանիքներ տեղավորելու խնդիրը, մինչդեռ պայմաններ դեռևս չկան։ Հարցը բարձրացված է՝ ընդհուպ մինչև հանրապետության նախագահի մակարդակ, խնդրի կարգավորման  խոստումներ կան։ Արդեն պատվիրված է քսան տնակ, սպասում ենք դրանց տեղափոխմանն ու տեղադրմանը, որից հետո կսկսենք նոր ընտանիքների ընդունումն ու տեղավորումը։ Առաջին հերթին կտեղավորենք Հայաստանի Հանրապետությունից վերադարձողներին։ Ես նախապատվությունը տալիս եմ բազմազավակ ընտանիքներին, առավել ևս նրանց, ովքեր ունեն անչափահաս երեխաներ։ Այդ քսան ընտանիքներն էլ որ վերաբնակեցնենք, դպրոցում աշակերտների թիվը կտրուկ կաճի։ Իսկ դա մեզ համար կենսական նշանակության հարց է։ Հաջորդ մեր քայլը պիտի լինի մանկապարտեզի բացումը։ 

- Այս պահի դրությամբ որտե՞ղ է ապաստանել թալիշցիների մեծ մասը։

- ՀՀ Չարենցավան քաղաքում։ Պիտի հատուկ շեշտեմ Չարենցավանի քաղաքապետարանի ընդգծված ուշադրությունն ու հոգածությունը մեր համագյուղացիների հանդեպ։ Մնացած բնակավայրերի համեմատությամբ՝ նրանց մոտեցումները մի փոքր այլ են։ Կա նաև մեկ այլ հանգամանք. նախկինում մեր համագյուղացիներից շատերն են այդտեղ բնակություն հաստատել։ Պարզ է, որ դժվար պահին հարազատների մոտ պիտի ապաստանեին։ Չարենցավանում ունենք մոտ 150 բնակիչ, իսկ Ղարաբաղի տարածքում ապրիլի 1-ի դրությամբ՝ մոտ 130 բնակիչ։ Կարևորն  այն է, որ կարողանանք արագ լուծել նրանց հարցերը, որպեսզի չցրվեն տարբեր կողմեր։ Հետագայում ավելի բարդ կլինի նրանց վերաբնակեցնելը։ Ի դեպ,  պետք է նշեմ, որ վերադառնալ ցանկացողներ շատ կան, ինչն անչափ ողջունելի է։

  - Հավանաբար, խնդիր է նաև բնակիչներին աշխատանքով ապահովելը։ 

- Ալաշանի տեղամասում չկա մշտական աշխատանք, եղած աշխատատեղերը դպրոցում են, գործում են նաև գյուղապետարանը, բուժկետը։ Չմոռանանք ասել, որ ունենք նաև զինծառայողների ընտանիքներ, որոնք նույնպես կայուն եկամուտ ունեն։ Մի քանի հոգի էլ Մատաղիսի հէկ¬ում են աշխատում։

- Ինչպե՞ս են ապրում նրանք, ովքեր եկամտի միջոցներ չունեն։

- Օգնության տրամադրման տարբեր աղբյուրներ կան։ Ձեռք են մեկնում  իշխանությունները, անհատ բարերարներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը (ֆինանսական օժանդակությամբ), Սոցապ նախարարությունից օժանդակություն տրվում է սննդամթերքի տեսքով, որոշակի օգնություն տրամադրվում է շրջվարչակազմի կողմից, հիմնականում՝ այդքանը։ 

- Իսկ թալիշցիները հող մշակելու հնարավորություն ունե՞ն։

- Ալաշանում գյուղատնտեսական նշանակության խոշոր  հողատարածքներ չկան, սակայն ցանկության դեպքում բնակիչները կարող են տնամերձի չափով փոքրիկ հողատարածքներ մշակել և որոշակի բանջարաբոստանային մշակաբույսեր ստանալ։ Իսկ մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ այստեղ հնարավոր չէ կազմակերպել՝ վարելահողերի բացակայության պատճառով։

- Ի վերջո ի՞նչ սպասելիքներ ունեն թալիշցիները, ի՞նչ  է խոստանում նրանց վաղվա օրը։

- Դժվար հարցադրում է, բայց մենք հուսով ենք, որ մեր այստեղ մնալը ժամանակավոր բնույթ է կրելու։ Իսկ Թալիշ կվերադառնանք այն ժամանակ, երբ անվտանգության իրական  երաշխիքներ լինեն։ Թալիշցին,  բնականաբար, չի ուզում կրկին հայտնվել նույն կարգավիճակում, ինչպիսին որ եղել է ապրիլյան օրերին։ Անվտանգության երաշխիքին զուգահեռ՝ հարակից մի շարք հարցեր էլ կան, որոնք լուծվելու դեպքում հնարավոր կլինի կրկին տունդարձի ճամփան բռնել։ Խորհելու շատ հարցեր կան, ամեն իրավիճակից էլ ելք կա, կապրենք՝ կտեսնենք։ Մի բան միանշանակ է, և դա բոլորիս ցանկությունն է ու գյուղի ապագայի տեսլականը. որ մենք շարունակենք ապրել ու արարել մեր նախնիների հողում՝  բոլորիս հարազատ ու սիրելի Թալիշում։ Թալիշի վերականգնումը պիտի դառնա համայն հայության պատվի հարցը։ Ինձ համար շատ ծանր է գիտակցել, որ միջնադարից եկող գյուղի պատմությունը գալիս է և մեր սերնդով ավարտվում։ Այդպես չի կարող լինել.  Թալիշը պիտի բնակեցվի։  Եվ եթե բնակեցվի, նոր  պայմանները պիտի լինեն  առանձնահատուկ։ Քսաներեք տարվա համայնքի ղեկավար եմ, իմ  քսաներեք տարիների վաստակը մեկ օրում կորել¬փոշիացել է։ Հաջորդ անգամ մենք պիտի գյուղ վերադառնանք ոչ թե զրոյից կրկին ստեղծելու, եղածի, եղածի վրա պիտի գնանք։ Այս անգամ արդեն այլ մոտեցում պիտի լինի։ Առայժմ անորոշ վիճակ է, բայց մի բանում վստահ եմ՝ մենք կրկին գյուղ ենք վերադառնալու։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.