[ARM]     [RUS]     [ENG]

ԾԽԱԽՈՏԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ

Արցախում ծխախոտի մշակությունը վերսկսվեց մի քանի տարի առաջ: Մեկնարկը Բերդաշենի ենթաշրջանից է տրվել:

Ներկայում երկրագործության այս ճյուղով հիմնականում Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում են զբաղվում: Այսօր այն հանրապետությունում  համարվում է գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը: ՙԵթե համեմատում ես հատկապես հացահատիկի մշակության հետ՝ ծխախոտագործությունն անհամեմատ շահութաբեր է՚,- գնահատում է մարտունեցի ֆերմեր Ռոբերտ Գրիգորյանը: Դա էլ իր հերթին ուղղակիորեն արտացոլվում է այս մշակաբույսին հատկացվող ցանքատարածությունների վիճակագրության մեջ: Եթե 2010-ին Արցախում ընդամենը 35 հեկտար ծխախոտ էր մշակվել, ապա 2012-ին այդ ցուցանիշը 60 հեկտարի է հասել: 2014-ին՝ 86, 2015-ին՝ 146: Աճի տեմպերն այս տարի էլ պահպանվել են: ՙԸնդհանուր առմամբ՝ 165 հեկտար ծխախոտ է ցանվել՚,- մանրամասնում է ԼՂՀ ԳՆ բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:

Ծխախոտը շահութաբերից բացի նաեւ աշխատատար մշակաբույս է: Սածիլը տնկելուց մինչեւ բերքահավաք անդադար ուշադրություն ու խնամք է պահանջում: Այնպես որ, այս դեպքում ավելացած յուրաքանչյուր հեկտարը նաեւ մի քանի լրացուցիչ աշխատատեղ է նշանակում՝ մի քանի ամիս ժամանակով: Մեկ աշխատանքային օրվա համար բանվորը միջինը 5000 դրամ է ստանում: Ծխախոտագործները շատ դեպքերում դժվարանում են աշխատողներ գտնել: ՙՄեկ հեկտարի մշակության համար մոտ 10 աշխատող է անհրաժեշտ: Սակայն միշտ չէ, որ կարողանում ենք աշխատողներ գտնել՚,-նկատել է տալիս մեր զրուցակից Ռոբերտ Գրիգորյանը: Նախորդ տարվան հակառակ, այս տարի ծխախոտագործները բնության անակնկալներից դժգոհելու առիթ հիմնականում չեն ունեցել: Ցանքսերն անփորձանք հասցրել են բերքահավաքին: Մարտունու շրջանի ծխախոտագործների առաջարկած գլուխկոտրուկի բանալին հենց այստեղ է: Այս շրջանում նախորդ տարվանից ավելի քիչ են ծխախոտ ցանել, բայց այսօր ունեն բերքահավաքի ենթակա ավելի շատ տարածք, քան նախորդ տարի են ունեցել: ՙԵթե համեմատենք՝ անցած տարվանից մի քիչ նվազել են ցանքսերը: Այսօր մոտ 90 հեկտար ծխախոտ ունենք: Անցած տարի 101 հեկտարից ավելի էր: Բայց կորուստներ էլ շատ ենք ունեցել: Այնպես որ, կարողացել ենք ծխախոտը հավաքել միայն 83 հեկտարում՚,- թվարկում է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը: Փոխարենը, այս տարվա 90 հեկտար ցանքսն էլ լրիվությամբ  հասցրել են բերքահավաքին:

 Իրավիճակը բնութագրական է նաեւ մյուս շրջանների համար: Պատկերն ամբողջացնում է գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետը: ՙԲնական աղետներից էական վնասներ ծխախոտագործները չեն կրել,- մանրամասնում է Վիլեն Ավետիսյանը:- Պարբերաբար շրջայցեր ենք կատարել՝ նաեւ ընթացքում հետեւելով ցանքսերի ընդհանուր վիճակին: Կարող ենք ասել, որ այս տարի ծխախոտի դաշտերը լավ վիճակում են հասել բերքահավաքին՚: Բերքահավաքը սեպտեմբերին է սկսվել: ՙՄասիս Տոբակո՚ ընկերությունն արդեն Արցախում մթերման երկու կետ ունի: Իվանյանի մթերման կետից բացի արդեն երկրորդ տարին է, գործում է նաեւ Մարտունու մթերման կետը: Ծխախոտի ցանքսի յուրաքանչյուր հեկտարի համար այս մթերման կետերում նախապես պայմանագրեր են կնքվում: Նախկին ծխախոտագործներից ոմանք ընդլայնել են ցանքերը, սակայն նաեւ նոր ֆերմերներ են իրենց ուժերը փորձում այս ոլորտում: ՙՄասիս Տոբակո՚-ի գործընկերների շարքում նոր անուններ են ավելացել: ՙԱնցած տարի 20-22 պայմանագիր ունեինք, այս տարի՝ 25՚,- ասվածը թվերով է հիմնավորում Իվանյանի մթերման կետի պատասխանատու Արտակ Ղահրամանյանը: Կնքված պայմանագրերի շնորհիվ՝ մթերման կետերը, թեկուզ եւ մոտավոր, ամբողջացնում են, թե աշնանը կանաչ զանգվածի ինչ ծավալներ պետք է ընդունեն, իսկ ծխախոտագործներն էլ հնարավորություն են ստանում օգտվել ՙՄասիս Տոբակո՚-ի առաջարկած աջակցության ծրագրերից: ՙԸնկերությունը տրամադրում է սածիլ,  պարարտանյութ, դիզվառելիք, որպեսզի  ֆերմերը կարողանա աշխատանքները ժամանակին կազմակերպել,- թվարկում է ՙՄասիս Տոբակո՚ ընկերության Մարտունու մթերման կետի պատասխանատու Աշոտ Մխիթարյանը:- Բացի այդ՝ հեկտարի համար 200 հազար դրամ ենք տրամադրում՚: Ծխախոտագործները տրամադրված միջոցները վերադարձնում են բերքահավաքի ժամանակ: Ծխախոտագործության ոլորտում այս տարի պետական աջակցության նոր գործիքներ են կիրառվել: Մեկնարկը Մարտունու շրջանից է տրվել ու այդ շրջանում բերքատվության մասով լրացուցիչ ակնկալիքներ ավելացրել: Ջրախնայող համակարգերի տեղադրման առաջին փորձնական ծրագիրը հենց ծխախոտագործության ոլորտում է իրականացվել՝ Արցախի գյուղատնտեսության նախարարության, ՙՄասիս Տոբակո՚ ընկերության եւ նորարարություններից չխուսափող հողօգտագործողների համագործակցության արդյունքում: Մենատնտես Ռաֆիկ Գեւորգյանի եւ նրա 2 ընկերների կողմից մշակվող ծխախոտի 20 հեկտար դաշտի ոռոգումը ոչ թե ավանդական՝ բաց առուներով է իրականացվում, այլ ժամանակակից՝ կաթիլային եղանակով: Այս դեպքում ոռոգվում է ոչ միայն մոլախոտը, այլ բացառապես  սածիլը: Ընդ որում, բույսերից յուրաքանչյուրը ջուրն ու պարարտանյութը ստանում է հասցեական: Նախնական շրջանում նորույթն անգամ նախաձեռնության հեղինակներն էին մտավախություններով ընդունում: Փորձը սակայն փորձանք չդառավ: Գյուղնախարարության պատասխանատուները պարբերաբար այցելում, իրավիճակին ծանոթանում էին: Այս փուլում արդյունքները գոհացուցիչ են համարում: ՙԻնչպես մեր դիտարկումների ընթացքում ենք արձանագրել՝ այն դաշտերը, որտեղ կաթիլային ոռոգման համակարգ է ներդրված, շահեկանորեն տարբերվում են մյուսներից՚,- դեռ նախնական արդյունքներն է ներկայացնում գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետը: Բերքահավաքը  շարունակվում է: Այնպես որ այս դաշտերի բերքատվության ցուցանիշները գնահատելու առիթն ամբողջական կլինի ավելի ուշ: Սակայն կաթիլային եղանակով ոռոգումը տնտեսվարողներին արդեն իսկ զգալի օգուտ է բերել. եւ ժամանակի, եւ աշխատուժի խնայողությունն ակներեւ է: ՙԵ՜վ ջուրն ես տնտեսում, ե՜ւ աշխատուժը, ե՜ւ ժամանակը: Օրինակ՝ 2-3 օրում կարող ես այս 20 հեկտարը ջրել, այն էլ՝ այնքան ջրով, որը սովորական, ավանդական եղանակով ջրելու դեպքում 4-5 հեկտարի հազիվ հերիքի՚,- ոլորտի պատասխանատուների լավատեսությունը թվերի է վերածում համակարգն առաջիններից մեկն իր դաշտերում ներդրած Ռաֆիկ Գեւորգյանը:  Իսկ մասնագետներն արդեն իսկ հետեւություններ են անում. այս դաշտում սածիլները տնկել են ծխախոտի համար ընդունված հեռավորությամբ: Նույն սկզբունքը պահել են նաեւ միջշարային հեռավորություններում:  Սակայն կաթիլային ոռոգման շնորհիվ բույսերն ավելի փարթամ են եւ որոշ դեպքերում անգամ ճնշում են միմյանց: Հաջորդ տարի, հավանաբար, միջշարային հեռավորությունն ավելի մեծ կթողնեն: Այս հարցերը մասնագետները դեռ կքննարկեն: Նպատակը ոչ միայն շատ, այլեւ որակյալ հումք արտադրելն է: Իսկ հնարավորությունը կա, գնահատում է Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: ՙԱյս դաշտում առկա բերքի որակն արդեն իսկ բարձր են գնահատում անգամ փորձված ծխախոտագործները: Այնպես որ՝ մենք կարող ենք էապես ավելացնել բարձրակարգ հումքի արտադրությունը՚,- հեռանկարները մասամբ է գաղտնազերծում գյուղատնտեսության  թիվ մեկ պատասխանատուն: Ընդ որում, մթերող կազմակերպությունը գնային հստակ տարբերակում ունի ըստ սորտերի. առաջին սորտի կանաչ տերեւը ընդունվում է 90, 2-րդ սորտի կանաչ տերեւը՝ 40 դրամով: Այս տարի նաեւ պետական աջակցություն կուղղվի ծխախոտագործներին. մթերված ծխախոտի յուրաքանչյուր  կիլոգրամի դիմաց ֆերմերը պետությունից 10 դրամ հավելավճար կստանա: ՙԴա վերաբերում է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ սորտին՚,- վստահեցնում է բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետը:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ