Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱ՞Կ, ԹԵ՞ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀԻՎ

Հարկային մուտքերը գերակատարվել են

 2016-ը մոտենում է ավարտին: Ֆինանսների նախարարության համար տարին մարտահրավերներով էր հարուստ: Մի կողմից՝ ապրիլյան պատերազմից հետո խնդիր կար արտոնություններ սահմանել դժվարությունների հանդիպած հարկ վճարողների համար, մյուս կողմից՝ աճող ծախսերը հոգալու համար անհրաժեշտ էր ապահովել բյուջեի մուտքերը: Հունվար-սեպտեմբերի ցուցանիշները հուսադրող են թե առաջին, թե երկրորդ մասով:

Իրոք որ ապրիլյան պատերազմի հետեւանքով Արցախի տնտեսվարողները որոշակի դժվարություններ ունեցան: Շատերը եկամուտներն ակնկալած չափով չստացան: Առաջին արտոնությունները սահմանվեցին արտոնագրային եւ հաստատագրված վճարներ վճարողների համար: Սահմանված արտոնությունների առաջին հասցեատերերը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն էին? բացառությամբ գազալցակայանների եւ վիճակախաղ կազմակերպողների: ՙ2016թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար, բացառությամբ գազալցակայանների եւ վիճակախաղերի կազմակերպիչների, նվազեցվել են հաստատագրված եւ արտոնագրային վճարները՝ շրջաններում 70, Ստեփանակերտում՝ 40 տոկոսով՚,- մանրամասնում է ֆինանսների նախարարության աշխատակազմի հարկային վարչարարության մեթոդաբանության եւ հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը: Այդ արտոնությունից ավելի քան 1500 հարկատու է օգտվել՝ հանրապետության հարկ վճարողների ավելի քան 30 տոկոսը: Բյուջեի եկամուտները դա նվազեցրել է 140 միլիոն դրամով:

Փոփոխությունների հաջորդ մասը եկամտային հարկի եւ շահութահարկի մասով էր: Դրանց նպատակն էլ բանկերին եւ վարկային կազմակերպությունների որոշակի խավի հաճախորդների նկատմամբ ավելի մեղմ լինելու հնարավորություն տալն էր: Մասնավորապես, ՙԵկամտային հարկի մասին՚ օրենքում կատարված փոփոխության համաձայն, պարտապան զինծառայողի կամ կամավորականի զոհվելու դեպքում բանկի եւ վարկային կազմակերպությունների կողմից 2016թ. ընթացքում նրանց ժառանգներին, երաշխավորներին եւ ընտանիքների անդամներին ներված վարկի գումարներից եկամտային հարկ չի հաշվարկվում:  Նմանատիպ մի փոփոխություն էլ ՙՇահութահարկի մասին՚ օրենքում է կատարվել: Ըստ այդմ, բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկերի նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի եւ տուգանքների գումարները 2016թ. ընթացքում զիջելու կամ ներելու դեպքում, այդ գումարների չափով նվազեցվում է բանկի կամ վարկային կազմակերպության տվյալ տարվա համախառն եկամուտը:

Որոշ արտոնություններ սահմանված են եղել դեռ մինչեւ ապրիլյան պատերազմը: Մասնավորապես, գործունեությունը նոր սկսող հարկ վճարողները, համապատասխան պայմանները բավարարելու դեպքում, հավաստագիր են ստանում եւ երեք ամսով ազատվում առեւտրի հարկից, հաստատագրված վճարներից եւ արտոնագրային վճարներից: ՙ2016թ. առաջին ինն ամսվա կտրվածքով այս արտոնությունից շուրջ 400 հարկ վճարող է օգտվել՚,- ընթացիկ ցուցանիշներն է ամբողջացնում Արմինե Մուսայելյանը:

Այս ամենը, բնականաբար, նվազեցրել է մուտքերը: Այդքանով հանդերձ, 2016-ի հունվար-սեպտեմբերի կտրվածքով պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորված մակարդակը գերակատարվել է: ՙՆշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 21 միլիարդ 592 միլիոն դրամ՝ պլանավորված 21 միլիարդ 500 միլիոնը գերազացելով 0.4 տոկոսով՚,- ասվածը թվերի է վերածում ֆինանսների փոխնախարար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ պլանային առաջադրանքները կատարվել են բոլոր եկամտատեսակների մասով: Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մուտքերի մեջ որոշակի աճել է խոշոր հարկ վճարողների բաժինը, մանրամասնում է Արթուր Հարությունյանը. ՙՀունվար-սեպտեմբեր ամիսների հաշվարկով՝ պետբյուջեի հարկային եկամուտների եւ տուրքերի մոտ 71 տոկոսն ապահովել են խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկատուները՚:

Այս պահին մշակման փուլում է պարտավորություններ կուտակած հարկ վճարողների համար հարկային եւ պարտադիր այլ վճարների մասով արտոնություններ սահմանող օրենքի նախագիծը: ՙՎարչապետի հանձնարարությամբ մշակվող այս նախագծի ընդունման արդյունքում պարտավորություններ կուտակած հարկ վճարողները, հարկային մարմնի հետ կնքված ժամանակացույցով մարումներ կատարելու դեպքում պարտավորությունների մի մասի դիմաց արտոնություններ կստանան՚,- տեղեկացնում է բաժնի պետ Արմինե Մուսայելյանը՝ չթաքցնելով, որ այդ փոփոխությունից հարկ վճարողների հետ ակնկալիքներ ունի նաեւ հարկային մարմինը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ