Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին մեկնարկեց հողօգտագործողների վերապատրաստման դասընթացների ծրագիրը, որն իրականացվում է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի շրջանակներում։

Նշենք, որ սեմինար-  դասընթացները կտևեն մեկ ամիս և կներառեն գյուղատնտեսության բոլոր ճյուղերը։

Հողօգտագործողների առջև բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանը, ով ներկայացրեց է նման միջոցառման կարևորությունը, անհրաժեշտությունը, նպատակները, գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներն ու դրանց լուծման՝ գերատեսչության առաջարկած մեխանիզմներն ու ոլորտի զարգացման իրենց տեսլականը։ Գյուղատնտեսության վարման ավանդական ձևը Ա. Մխոյանն այլևս հնացած և ինտենսիվ գյուղատնտեսոթյան համար անարդյունավետ է համարում և համոզված է, որ Արցախը պետք է անցնի այլ գործելաոճի՝ ինչին աշխարհում վաղուց են անցել։ Դա նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հողի մշակությանն անցնելն ու միջազգային շուկայում սեփական գյուղարտադրանքով ներկայանալն է, ինչի մեթոդներն ու հմտություններն էլ կփորձեն նման միջոցառումներով հասանելի դարձնել արցախցի հողօգտագործողներին։  

Վերջին տարիներին գյուղնախարարոթյունը, ճիշտ է, առայժմ  ոչ համակարգված, այլ պիլոտային տարբեր ծրագրերի  ձևով, անցել է ժամանակակից գյուղատնտեսության վարման, փորձելով  տեղայնացնել միջազգային փորձը և արդեն իսկ որոշ արդյունքներ է գրանցել։ 

Ըստ Ա. Մխոյանի, փորձը ցույց է տվել, որ մեր ունեցած ռեսուրսներով, ճիշտ ցանքաշրջանառության միջոցով, ջրային ռեսուրսների ճիշտ  կառավարում իրականացնելով հնարավոր է ստանալ բարձր ցուցանիշներ, գյուղատնտեսական նոր մթերքներ, աճեցնել Արցախի համար ոչ ավանդական տեսակներ և այլն։ Գյուղատնտեսության նոր հայեցակարգի միջոցով նախարարությունը փորձում է ոլորտում առավել համակարգված, առավել լայնածավալ աշխատանքներ սկսել ոլորտում։ Հայեցակարգի կետերից մեկն էլ վերաբերում է գյուղատնտեսության մեջ զբաղվածների ուսուցանմանը, ինչի մեկնարկը հայտարարվեց այս միջոցառմամբ։ Ա. Մխոյանը շեշտեց, որ իրենց նպատակը արհեստավարժ գյուղատնտեսներ պատրաստելը չէ, ինչն անհնար է մեկ ամսվա ընթացքում, ոչ էլ  սեմինար-դասընթացի մասնակիցներին ակադեմիական գիտելիքներ փոխանցելը, այլ գյուղատնտեսությամբ զբաղվող մենեջերներ պատրաստելը, ովքեր կունենան բավարար գիտելիքներ՝  կազմակերպելու այդ աշխատանքը, կկարողանան հողի մշակության նոր տեխնոլոգիաներով իրենց համար ապահովել բարձր բերքատվություն, հետևաբար և՝ հնարավորինս մեծ եկամուտ, ինչն իր ազդեցությունը պիտի թողնի ընդհանուր տնտեսության զարգացման վրա՝ ստեղծելով աշխատատեղեր, նպաստելով այդ բիզնեսի զարգացմանը, բարձրացնելով բնակչության մի ստվար մասի կենսամակարդակը, օժանդակելով գյուղմթերքի շուկայի  գների վրա և այլն։ Ինչպես ընդգծեց Ա. Մխոյանը, սա կլինի այն առաջին քայլը, որով արցախցի հողօգտագործողը կկարողանա արդեն տարբեր խողովակներով, մեթոդներով հարստացնել ստացած գիտելիքները, ինչը և կօգնի ավելի գրագետ, ավելի արդյունավետ աշխատել հողի հետ։ Ինչո՞ւ  հենց հիմա՝ այս մասին Ա. Մխոյանի խոսքով, այն պատճառով, որ հենց հիմա է հաջողվել այս կամ այն չափով նախադրյալներ ստեղծել ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման համար։ Նոր ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել հենց դահլիճում հավաքվածների ու նրանց նմանների միջոցով։ Նախարարը  համոզմունք հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրի մեջ կլինի պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն, աշխատասիրություն՝ կառավարության ծրագրերը կյանքի կոչելու համար։ Գյուղատնտեսության հայեցակարգի մշակմամբ նաև առավել արդյունավետ, նպատակային, ռացիոնալ կօգտագործվեն ոլորտին հատկացված պետական և ոչ պետական միջոցները. պետությունն արտոնյալ վարկերով և այլ կարգի օժանդակություններով կաջակցի միայն նրանց, ովքեր մասնակցություն են բերում ոլորտում պետական նոր քաղաքականության իրականացմանը, ովքեր մասնակցել են դասընթացներին, հանձնել քննություն և ստացել հավաստագիր։ Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննությունը լինելու է անաչառ, հետևաբար և, պետական աջակցություն ստանալու են նրանք, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, ցանկություն ու աշխատասիրություն՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Սա թույլ կտա խուսափել վարկային միջոցների ոչ նպատակային  օգտագործումից, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում պետության համար։ 

Ա. Մխոյանից տեղեկացանք, որ դասընթացներին մասնակցում են նախօրոք հայտագրված  հողօգտագործողներն ու հողի մշակությամբ զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացիներ, հիմնականում՝ երիտասարդներ։ Երկրագործության թեմայով այս դասընթացների առաջին փուլին մասնակցել է 35 հոգի, սակայն հայտագրվածների թիվը հասնում է շուրջ 120-ի։ Դասընթացներին մասնակցելու հայտ են ներկայացրել քաղաքացիներ բոլոր շրջաններից։ 

Սեմինար-պարապմունքները կանցակցվեն մի քանի փուլով, և հայտ ներկայացրած բոլոր անձինք դրանց մասնակցելու հնարավորություն կունենան։ Առաջին դասընթացը կլինի սերմնաբուծության ոլորտից։ Առաջիկայում թեմաներ կլինեն պտղաբուծության, բանջարաբուծության, անասնապահության և գյուղատնտեսության ռազմավարական ծրագրում ընդգրկված այլ ճյուղերի մասով։ Դասընթացները վարելու են հիմնականում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան բաժինների մասնագետները։ Ա. Մխոյանի խոսքով, պարապմունքների ժամանակ լսարանին կփոխանցվեն մատչելի, առարկայական գիտելիքներ, և որպեսզի դրանք ավելի տեսանելի ու հասկանալի լինեն, այդ ամենը կցուցադրվի սլայդների միջոցով։ Խոսելով դասընթացների արդյունքների ակնկալիքներից, Ա. Մխոյանն ասաց, որ ժամկետը սեղմ է, բայց այդ սեղմ ժամկետներում առավելագույն գիտելիքներ կփոխանցվեն։ Գիտելիքներ, որոնք թույլ կտան ճիշտ կազմակերպել գյուղատնտեսական բիզնեսը, ստանալ ցածր ինքնարժեքով բերք և մրցունակ մթերք։ Կարդարացվեն սպասելիքները թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ