Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ՄԵԹՈԴ՝ ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅԴ ՓՈՐՁՆ ԱՐԴԵՆ ԿԱ

Զբաղվել խոզաբուծությամբ, բայց չմտահոգվել անասնաֆերման ամեն օր մաքրելու հարցով, չանցկացնել կոյուղի եւ, որ կարեւոր է ոչ միայն խոզաբուծությամբ զբաղվողի, այլեւ հարեւանների համար՝ խոզի հոտը չզգալ:

Հավատալը դժվար է, եթե չասենք՝ անհնար: Բայց փաստերի դեմ ոչինչ ասել չես կարող. Արցախում արդեն  նման փորձ կա:

Նելսոն Ավանեսյանի անասնաֆերման առաջին հայացքից հարյուրավոր այլ անասնաֆերմաներից չի տարբերվում: Անգամ դեռ թերի գործեր կան, խոստովանում է սեփականատերը: Շինարարությունը շարունակելու, տարածքը բարեկարգելու հարցերը դեռ օրակարգում են: Այն, ինչն անհնար է չնկատել առաջին քայլից, խոզերին հատուկ հոտի իսպառ բացակայությունն է: Եվ սա այն դեպքում, երբ խոզերն արդեն մոտ երկու ամիս այստեղ են, եւ ֆերման դեռ ոչ մի անգամ չի մաքրվել: ՙ55 օր է, ինչ այս ֆերմայում արդեն խոզ եմ պահում: Այդ ողջ ընթացքում տարածքը ոչ մի անգամ չենք  մաքրել: Եվ դրա կարիքը չի էլ զգացվում,- իրավիճակը ներկայացնում է Նելսոն Ավանեսյանը:- Այս դեպքում նաեւ կոյուղագիծ  անցկացնելու խնդիր չեմ ունեցել: Ավանդական խոզաբուծարանի պարագայում դա անխուսափելի կլիներ, սակայն այս դեպքում դրա կարիքը չկա՚: Գաղտնիքը բառիս բուն իմաստով ոտքերի տակ է: Նելսոն Ավանեսյանը խոզաբուծության մեջ կիրառվող նոր մեթոդների մասին լսել է, հետաքրքրվել, մոտ մեկ տարի ուսումնասիրել  եւ որոշել է ռիսկի դիմել՝ Արցախում առաջինը փորձելով նոր մեթոդը: ՙՖերմայի հատակը 80 սանտիմետր խորացրել եմ, նախապատրաստել,- գաղտնիքը բացում է նորարար-ֆերմերը:- Նախապատրաստած խորությունը փայտի թեփով՝ սղոցանյութով եմ լցրել՝ այն խառնելով հատուկ բակտերիաների հետ, որոնք սնվում են հենց խոզի արտաթորանքով՝ շատ արագ քայքայելով այն: Ընդ որում, դա այնքան արագ է կատարվում, որ անգամ հոտը չի տարածվում, իսկ թեփն էլ չոր է մնում՚:

Բակտերիաները ներմուծել է: Փայտի թեփը տեղականն է: Մեկ քառակուսի մետրի նախապատրաստման համար 4-5 հազար դրամ է ծախսել: Պատրաստված 80 սանտիմետր հաստությամբ ծածկույթը  երեք տարի նպատակին կծառայի, իսկ հետո կարող է որպես որակյալ պարարտանյութ օգտագործվել: Նոր մեթոդը կիրառելիս պետք է որոշակի պայմաններ պահպանել: Առաջինը որոշակի տարածքում պահվող կենդանիների առավելագույն քանակը չգերազանցելն է: Այս դեպքում չափորոշիչը ոչ թե գլխաքանակն է, այլ ընդհանուր քաշը: ՙԱրդյունավետության համար՝ մեկ քառ. մետրի վրա կենդանիների քաշը պետք է լինի մինչեւ 30 կիլոգրամ: Այսինքն, եթե այս վանդակը մոտ 10 քառ. մետր է, այնտեղ խոզերի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 300 կիլոգրամը՚,- Նելսոն Ավանեսյանը պայմանները մանրամասն է թվարկում: Դրական կողմերը պարզապես անասնաֆերման մաքրելու անհրաժեշտությունից ազատվելով չեն սահմանափակվում: Ստեղծված խառնուրդը նաեւ ջերմային կայուն ռեժիմն է ապահովում ե՜ւ ամռանը, ե՜ւ ձմռանը: Մյուս կողմից՝ թեփի եւ բակտերիաների խառնուրդը նաեւ մի շարք վարակների դեմ է հաջող հակամիջոց. նորարարության հեղինակը դրա մասին տեղյակ է, բայց հույս ունի, որ գործնականում դրանում համոզվելու առիթ չի ունենա: Ամեն դեպքում, իր կողմից քայլեր է ձեռնարկում վարակների ներթափանցումը կանխելու համար: Կենդանիներին չոր կեր է տալիս: Կերակրումը՝ գրեթե, իսկ ջրելն ամբողջովին ավտոմատացված է: Կենդանիներն իրենք են բացում ջրի փականը: Այնպես որ՝ հնարավոր է օրերով ֆերմայի դուռն անգամ չբացել՝ նվազագույնի հասցնելով տարբեր վարակների ներթափանցման հավանականությունը: Այս նորարարությունը կարող է հետաքրքրել ոչ միայն խոզաբույծներին: ՙԱյս մեթոդը կարող են օգտագործել նաեւ մանր եղջերավոր կենդանիներ, ճագարներ, թռչուններ բուծողները,- թվարկում է Նելսոն Ավանեսյանը:- Պարզապես պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել եւ մանրամասները ճշտել: Թռչնաբուծության կամ ոչխարաբուծության դեպքում, բնականաբար, պահանջները մի փոքր այլ են՚:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ