ԼՂՀ-ում վերջին 10 տարիներին ապահովվել է տարեկան 10% միջին տնտեսական աճ. Արայիկ Հարությունյան
ԼՂՀ-ում վերջին 10 տարիների ընթացքում իրականացվող տնտեսական քաղաքականության շնորհիվ ապահովվել է կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմել է մոտ 10%. ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստին ներկայացնելով ԼՂՀ 2006-2015թթ. սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերը՝ այս մասին ասաց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Ըստ նրա, 2015թ-ին ՀՆԱ-ն աճել է 9,1%-ով՝ կազմելով 438 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 2015 թ-ն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար, որը մոտ 4 անգամ գերազանցում է 2006 թ-ի մակարդակը:
Վարչապետը նշեց, որ ծառայությունների արտադրությունն առաջանցիկ տեմպերով է աճել ապրանքների արտադրության նկատմամբ և այժմ կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 60%-ը: 10 տարում ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերական արտադրության տեսակարար կշռի ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմել է շուրջ 16%, որն ապահովել են հանքարդյունաբերության, արդյունաբերության՝ հիմնականում սննդամթերքի արտադրությամբ, թեթև արդյունաբերության ապրանքների և շինանյութերի արտադրությամբ ու էներգետիկան՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
Երկրում 2015 թվականին արձանագրված 9.1% տնտեսական աճի 1.8 տոկոսային կետն ապահովել է գյուղատնտեսությունը, որի համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 134 մլն ԱՄՆ դոլար, գրանցելով 12.9% իրական աճ 2014թ. և մոտ 2 անգամ աճ 2006թ. նկատմամբ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճի միջին տարեկան ցուցանիշը 10 տարիների ընթացքում կազմել է մոտ 6.3 %:
ԼՂՀ-ում ըստ վարչապետի՝ իրականացվել է մոտ 105 մլն ԱՄՆ դոլարի շինարարություն, այդ թվում նաև պետական ֆինանսավորմամբ: Այս ցուցանիշը գերազանցում է 2006 թվականի մակարդակը 4 անգամ: Ոլորտում վերջին 10 տարիների միջին տարեկան աճը կազմել է մոտ 15%:
Արայիկ Հարությունյանը նաև ներկայացրեց արտաքին առևտրաշրջանառության ծավալը, որը նախորդ տարի՝ 2015 թ-ին կազմել է ավելի քան 314 մլն ԱՄՆ դոլար, որը 2,4 անգամ գերազանցում է 2006 թ-ին արձանագրված ցուցանիշը: Ներմուծումը գերակշիռ մասն է կազմում` 70%-80%: Արտահանումը ԼՂՀ-ում բնորոշվում է համեմատաբար սահմանափակ անվանացանկով: