Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԱՄԵՆԱԴԺՎԱՐ ԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՆ Է՚

ՀՀ  և ԼՂՀ վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը 

 Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ից  աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ կառավարության պաշտոնական պատվիրակությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի  գլխավորությամբ։ Հայաստանի պատվիրակության  արցախյան օրակարգը հագեցած էր. տեղի են ունեցել հանդիպումներ, խորհրդակցություններ ինչպես երկու հայկական հանրապետությունների կառավարությունների մակարդակով, այնպես էլ ըստ ոլորտների։

Նոյեմբերի 4-ին Կարեն Կարապետյանի  գլխավորած պատվիրակությանը դիմավորել են արցախյան գործընկերները՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Հաջորդ օրը երկու վարչապետներն  այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել  Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին։

Նույն օրը ՀՀ պաշտոնական պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ վարչապետը, նրանք այցելել են նաև դիրքեր, ծանոթացել ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքին, շփվել զինվորների հետ, որից հետո երկու վարչապետները պատմական Տիգրանակերտի ամրոցում ՀՀ և Արցախի լրագրողներին ասուլիս են տվել։ Այն անցել է ոչ ֆորմալ, անմիջական մթնոլորտում՝ թեյի սեղանի շուրջ։ Թե՜ վարչապետները, թե՜ լրագրողները բավականին անկաշկանդ ու անկեղծ էին հարցուպատասխանի մեջ։ Քանի որ  ասուլիսն սկսվեց նրանց՝ առաջնագծից վերադառնալուց անմիջապես հետո, զարմանալի չէ, որ առաջին հարցը հենց դրան էր վերաբերում՝ ի՞նչ տպավորությամբ, տրամադրությամբ են վերադարձել այնտեղից։ Այս մասին Կ. Կարապետյանն ասաց, որ այցելությունը տպավորիչ էր, տեսել են զինվորների  կամքը, ոգին, համեստությունը, որը շատ պարտավորեցնող է։ Նկատե՞ց ՀՀ վարչապետը, որ առաջին  գծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում. սա Կ.Կարապետյանին ուղղված հաջորդ հարցն էր։ ՙՉեմ նկատել, բայց լսել եմ, որ նման վիճակագրություն կա։ Եթե դա իրոք այդպես է՝ անարդարացի է։ Մենք բազմիցս նշել ենք մեր ծրագրերի, նպատակների մասին։ Այսօր մեր երկրի ամենամեծ դեֆիցիտն արդարության դեֆիցիտն է։ Եթե կա նման երևույթ՝  մենք մտահոգվելու, մտածելու առիթ, շտկելու անհրաժեշտություն ունենք՚,-ասաց նա։

ԼՂՀ  վարչապետից լրագրողները տեղեկացան, թե ինչ է փոխվել ապրիլից հետո առաջնագծում։ Նշվեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, բացվել  հատուկ հաշիվ, որի միջոցները նպատակաուղղվել են պաշտպանական դիրքերի ամրապնդմանը, բանակաշինությանը։ Հաջորդ տարվա բյուջեով էլ, Ա. Հարությունյանի խոսքով, մեծ տեղ է տրվելու բանակի մարտունակության բարձրացմանը։ Ո՞րն է ամենադժվար հաղթահարելի խնդիրը համարում Կ. Կարապետյանը (կոռուպցիան, ֆինանսական միջոցների սղությունը, մենաշնորհները), որոնք կան և՜ Արցախում, և՜ ՀՀ-ում։ Այս հարցին ի  պատասխան ՀՀ վարչապետը նշեց, որ ամենադժվար հաղթահարելին մարդկանց  վստահությունը, հավատը  վերականգնելն  է։ Նա ասաց, որ չգիտի  Արցախի ու Հայաստանի տնտեսական շուկայի տարբերությունները, բայց, իր նկատառումներով, Արցախում կոռուպցիոն ռիսկերը  նվազագույնի են բերված։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գործոնների հաշվին են պատրաստվում  իջեցնել գազի սակագինը, դա կատարվում է կարճաժամկե՞տ, ինչպես նշում են որոշ փորձագետներ, թե՞ չէ, Կ. Կարապետյանի կառավարության ստեղծումը նախընտրական քայլ է, թե՞ ոչ։ Այս և նման  հարցերին  իր պատասխանները Կ. Կարապետյանը  հիմնավորեց և՜ մասնագիտորեն, և՜ տրամաբանորեն։

Դրանցից մեկը՝ գազի գնի առնչությամբ, այն է, որ փորձ է արվում գազի գնի նվազեցմամբ մեծացնել շուկան, ինչի  արդյունքում սպասվելիք եկամուտները կավելանան։

Կ. Կարապետյանը նշեց, որ ներկա կառավարության հիմնական խնդիրներից մեկը տնտեսական շուկայի աշխուժացումն է։ Նա  գոհունակություն արտահայտեց Արցախում երկու՝ Գյուղի և գյուղատնտեսության և Ներդրումային հիմնադրամների գործունեության հիմքում  դրված մեխանիզմների վերաբերյալ, գտնելով, որ  հիմնադրամների գործունեությամբ կատարվել է ՙֆանտաստիկ ճիշտ, համարձակլ, բիզնես տրամաբանությամբ հիմնավորված քայլ՚, ինչը տվել է ցանկալի արդյունք։ ՀՀ վարչապետի կողմից ձեռնարկվող քայլերը՝ երկրում տնտեսության վիճակի բարելավմանը նպատակաուղղված, որոշակի հույս են ներշնչել ժողովրդին, բայց իշխանությունների հանդեպ անվստահության պատճառով կարծիք կա, որ այդ քայլերը կատարվում են ընտրությունները շահելու նկատառումներից ելնելով։ Նրա  խոսքով՝ իրականում ընտրությունները կառավարությանը շատ են խանգարում, քանի որ դրանց նախաշեմին միշտ տնտեսական  պասիվություն, անորոշություն է լինում, տրամադրությունների լարվածություն և այլն։ Անկախ  ընտրությունների լինել չլինելուց, այսօր ՀՀ և Արցախի տնտեսական շուկան ակտիվացնելու, արդար բիզնես-միջավայր,  գործարարության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա նաև այդ ամենը կենսագործելու շանս։  Կառավարությունը,  նրա ղեկավարի  խոսքով, օգտագործելու է այդ հնարավորությունը։ Նա կարևոր է համարում հասարակության հետ կապը, որը հաճախ լրագրողների միջոցով  է կատարվում, այդ իսկ պատճառով առաջարկում է լրագրողներին մասնագիտանալ տնտեսագիտության մեջ, որպեսզի  տնտեսական  հարցերի վերաբերյալ քննադատությունը լինի մասնագիտորեն,  իսկ իր համար հնարավոր դառնա մասնագիտական բացատրություններ տալ։ Կ. Կարապետյանը գտնում է, որ կառավարության բոլոր ծրագրերն այդպես էլ  կմնան թղթի վրա, եթե հասարակության, քաղաքացու, դիրքորոշում ունեցող անհատի, գործարարի հետ  և իշխանությունների միջև համագործակցություն չլինի։

Արցախցի  լրագրողներից մեկը նկատեց, որ վարչապետ Ա. Հարությունյանի տրամադրությունն ընդգծված բարձր է Կ. Կարապետյանի այցի ժամանակ, և հետաքրքրվեց պատճառներով։ Ա. Հարությունյանը նշեց, որ այո, կային մտահոգվելու տեղիք տվող խնդիրներ, իսկ այսօր ինքը թունելի վերջում տեսնում է այն լուսավոր կետը, որը կարող է ցրել մտահոգությունը։ ՙՄիայն Արցախով հնարավոր չէ լուծել հայկական հարցերը, իսկ այն տրամադրությունները, որ առկա էին ՀՀ-ում, ինձ համար ավելի մտահոգիչ էին, քան  առաջնագծում տիրող իրավիճակը, որտեղ հակառակորդը  տեսանելի է՚,- ասաց նա։ Հարց բարձրացվեց Արցախում Ղարաբաղ Տելեկոմի մենաշնորհային դիրքի մասին, նրա հետ ԼՂՀ կառավարության կնքած պայմանագրի անընդունելի պայմանների  մասին, ոլորտում առկա խնդիրների՝ անորակ կապ, բարձր սակագներ և այլնի մասին։ Ա. Հարությունյանը նշեց,  որ Ղարաբաղ Տելեկոմը բավականին աշխատանք է կատարել Արցախում՝ շուրջ 70 մլն դոլարի ներդրում, կառավարությունն էլ կատարում է նրա հանդեպ պարտավորությունները։  Գերծանրաբեռնվածության պատճառով համապատասխան որակ ապահովել ընկերությանը չի հաջողվում, բայց կառավարությունը նոր պայմաններ է առաջադրել, այնպես որ  աշխատանքներ տարվում են առավել հուսալի և որակյալ ծառայություն մատուցելու ուղղությամբ։ Ի դեպ, հունվարի 1-ից  Ղարաբաղ Տելեկոմը կվերանայի գործող սակագները։ 

Իսկ ի՞նչ ուղղությունների հաշվին կարելի է  տնտեսության ՀՆԱ-ի կառուցվածքում  կտրուկ աճի ցուցանիշներ ապահովել. այս մասին խոսելով՝ վարչապետներն առանձնացրեցին առաջին հերթին ՏՏ ոլորտը։

Իր ծրագրերում ի՞նչ տեղ  կտա Հայաստանի նոր կառավարությունը Արցախին, կլինե՞ն ներդրումային ծրագրեր, հեռանկարներ, որոնք Արցախի տնտեսության զարգացմանը կօժանդակեն։ Այս մասին Կ. Կարապետյանը ասաց, որ Արցախի  տնտեսությունն ավելի շատ  հաջողություններ ունի, քան Հայաստանինը։ Դրանք ակնհայտ են։ Եվ դա առաջին հերթին այն պատճառով, որ չեն վախենում սխալվելուց, սխալը խոստովանելուց, շտկելուց։ Երկու կառավարությունների միջև  կա համագործակցություն, այն ավելի կսերտացվի,  կմշակվեն նոր մեխանիզմներ, և եթե հաջողվի զարգացնել  Հայաստանի տնտեսությունը, այն իր անդրադարձը կունենա Արցախի վրա։ 

Մենք խնդրեցինք Ա. Հարությունյանին  մեկնաբանել  շրջանառվող լուրերն Արցախում սպասվող կադրային փոփոխությունների, նախատեսվող կրճատումների մասին, ինչին  ի պատասխան նա ասաց, որ առանձնակի կադրային փոփոխություններ չեն նախատեսվում։ Կրճատումների մասին լուրերը՝   այս փուլում, ևս հերքեց։ Բայց նշեց, որ Սահմանադրական  բարեփոխումների արդյունքում կունենանք կառավարման նոր մոդել, որից հետո կլինեն և՜ կադրային փոփոխություններ, և՜ կրճատումներ։ Ինչպիսի՞ն է պատկերացնում Կ. Կարապետյանը ժամանակակից Հայաստանը. արդար, ինտելեկտուալ, զարգացած, այսպիսին էր պատասխանը։