Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Հանրությունը տեղեկացված է, որ հանրապետությունում հեռահաղորդակցությունը անալոգային հեռարձակման ձևից ընթացիկ տարվա վերջերին վերջնականապես պետք է անցնի թվային հեռարձակման:

Այդ մասին Արցախի հեռուստատեսութամբ տրվում են նախազգուշական հայտարարություններ, որոնցում բնակչությանը հիշեցվում է անհրաժեշտ  գործողություններ ձեռնարկելու մասին: Սակայն այս օրերին  բնակչության կողմից ահազանգեր հնչեցին` կապված ընդունիչ սարքերի, հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի և մի շարք այլ հարցերի հետ:

Պարզաբանումների ակնկալիքով դիմեցինք ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման բաժնի պետ Կարեն Գրիգորյանին:

Ըստ նրա, թվային հեռարձակման անցումը պայմանավորված է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ապահովմամբ, ինչը թույլ կտա հասնել հեռուստածրագրերի հեռարձակման ցանցի զարգացման եվրոպական երկրների հետ համադրելի ցուցանիշների: Որպեսզի գործընթացը մի շարք սոցիալապես անապահով խմբերի համար ցավալի չլինի, կառավարությունը, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը, մշակել է ծրագիր, համաձայն որի՝ զոհված ազատամարտիկների, 1-ին կարգի հաշմանդամների, Հայրենական պատերազմի վետերանների, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին և սոցիալական միայնակ թոշակառուներին անվճար տրամադրվում են թվային կցուրդներ` գործող անալոգային հեռուստացույցների համար:

Հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի և այլ հարցերի վերաբերյալ բնակչության կողմից հնչող ահազանգերի առնչությամբ Կ. Գրիգորյանն ասաց, որ իրենց կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր բնակչությանը նշված գործընթացի մասին տեղեկացնելու համար, բայց բաժանորդների մի մասին հատուկ է սպասել մինչև վերջին պահը, անջատումից հետո նոր սկսել բողոքել: Նա ընդգծեց, որ նախնական որոշման համաձայն, Հ 2 հեռուստաալիքը չի անջատվել: Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբերին կցուրդները ուշ տրամադրելու հարցին, Կ. Գրիգորյանն ասաց, որ այդ սարքերն իրենք պետք է ստանային Հայաստանի համապատասխան նախարարությունից, ուղղակի գործընթացը փոքր-ինչ ուշացել է: Նա հավելեց, որ հեռուստաալիքները դեռևս միացնելու են, անջատելու են, որպեսզի մարդիկ զգոն լինեն և լուծեն իրենց խնդիրները: Խանութներում վաճառվում են կցուրդներ` սկսած 10.000 դրամից: Նա բաժանորդներին զգուշացրեց, որ ում հեռուստացույցը թվային է, կցուրդ պետք չէ:

Տեղեկացնենք, որ վերջնական անջատման մասին նախօրոք կհայտարարվի։ Այսպես թե այնպես՝ գործընթացի ավարտման վերջին ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ն է:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ