[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԲՅՈՒՋԵ-2017-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների դեկտեմբերի 2-ի համատեղ նիստը բավականին հագեցած էր։

Ութ գերատեսչություններ ներկայացրին 2017 թվականի իրենց հատկացումները, կառույցների  ղեկավարները պատասխանեցին խորհրդարանականների բազմաբնույթ հարցերին։ Նիստին ներկայացվեցին տնտեսության առանցքային ոլորտները՝ գյուղատնտեսություն, էկոնոմիկա, քաղաքաշինություն և այլն, ուստի պատգամավորների հարցերի բազմազանությունն ու բուռն քննարկումները պատահական չէին։

Հնչեցված տվյալների համաձայն՝ գյուղոլորտի 2017թ. ֆինանսավորումը կկազմի 4մլրդ դրամ։ Այս տարի  պետական բյուջեից հատկացումներն ավելացվել են. միայն 250մլն դրամ նախատեսված է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի ծրագրերի իրականացման նպատակին։ Խորհրդարանականների մոտ բազմաթիվ  հարցեր էին առաջացել նախևառաջ այդ հայեցակարգի վերաբերյալ։ Քանի որ ծրագիրը դեռևս ներկայացված չէ ԱԺ, խորհրդարանականները վերապահումով մոտեցան այն հանգամանքին, որ պիտի քննարկեն ու հաստատեն մի ծրագրի հատկացում, որին ծանոթ չեն։ Գյուղնախարար Արամ Մխոյանը նշեց, որ ծրագիրը պատրաստ կլինի միայն 2017-ի առաջին եռամսյակում։ Ստացվում է, որ ԱԺ-ն պետք է հաստատի հայեցակարգի ծախսը, իսկ գերատեսչությունն ընթացքում ըստ ծրագրերի կբաշխի այն։

 Մի շարք պատգամավորների և գյուղնախարարի միջև տարակարծություն կար հատկապես հայեցակարգով նախատեսված որոշ ծրագրերի վերաբերյալ։ Դրանցից մեկն առնչվում էր խոշոր եղջերավոր անասուններին մսուրային պահվածքով պահելու գործընթացին, որը, ըստ նախարարի հիմնավորման, առավել արդյունավետ է, միաժամանակ կնպաստի ցանքատարածությունների պահպանմանը. դրանց  հաճախ մեծապես վնասում են անասունները, որոնց տերերը չեն հետևում։ Հայեցակարգով մի շարք միջոցառումներ են նախատեսված, այդ թվում և դրամական միջոցների վճարումներ նրանց, ովքեր անասուններին կպահեն գոմում։ Պատգամավորները մտահոգություն հայտնեցին այն առթիվ, որ դա անասնաբուծության զարգացման ճիշտ ճանապարհ չէ, մանավանդ որ Արցախն ունի 100-հազարավոր հեկտարներով արոտավայրեր։ Օրինակ բերվեց Հոլանդիայի, Շվեյցարիայի փորձը՝ երկրներ, որոնք հաջողությամբ զարգացնում են գյուղատնտեսության այդ ճյուղը՝ անասունների ազատ պահվածքով։ Նախարարն, իհարկե, այս տեսակետին չհամաձայնեց, նշելով, որ երկիրն այսօր մսի ու կաթի արտադրության ծավալների խնդիր ունի, և իրենց նպատակն այդ ծավալներն ավելացնելն է։ Բացի այդ, Ա. Մխոյանը համոզված է, որ այս քայլը թույլ կտա զարգացնել կերակուլտուրաները, ինչը գյուղատնտեսության այդ ճյուղը ևս կաշխուժացնի։

Դեռևս անցյալ տարի պատգամավորները պահանջում էին, որ գերատեսչությունը տվյալներ ներկայացնի արտեզյան ջրհորների քանակի, դրանց վիճակի, ջրամատակարարման մեխանիզմների  մասին։ Այս տարի հարցը կրկնվեց. Ա. Մխոյանը խոստացավ շուտով տրամադրել այդ տվյալները՝ այս անգամ արդեն ավելացված ջրհորների մասով ևս։ Անասունների սպասարկման մեխանիզմների, մասնավորապես՝ անասնաբույժների աշխատանքի մասով պատգամավորները որոշ առաջարկներ ունեին։ Ըստ վիճակագրության՝ մեզանում մի կողմից անասնաբույժների թիվը մի քանի անգամ գերազանցում է պահանջարկը, մյուս կողմից՝ կան խնդիներ՝ կապված անասունների սպասարկման հետ։ Խորհրդարանականներն առաջարկեցին շուկայական հարաբերություններով տնտեսություն  կառուցելուն զուգընթաց՝ նրանց, ովքեր դեռևս խորհրդային աշխատաոճ ունեն, աշխատանքը ևս բիզնես-հիմքերի վրա դնել՝ բարձրացնելու գործունեության արդյունավետությունը։ Ա. Մխոյանը դա լուրջ խնդիր է համարում, որը պետք է քննարկել նեղ-մասնագիտական շրջանակներում։

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի տեղեկատվությամբ՝ 2017թ. պետբյուջեում կապիտալ ծախսերը կկազմեն 11մլրդ 700 մլն դրամ, ինչը կուղղորդվի փոխանցվող օբյեկտների ֆինանսավորմանը։  Քաղաքաշինության ոլորտի գալիք տարվա բյուջեում ավելացվել է նոր հոդված, որի համաձայն՝ 1մլրդ 500մլն դրամ կնպատակաուղղվի առաջնագծի ինժեներական աշխատանքներին, որոնք կվերահսկվեն Քաղաքաշինության նախարարության կողմից։ 1մլրդ 667 մլն դրամ կհատկացվի ճանապարհաշինությանը, 1 մլրդ 437 մլն դրամ՝ Ստեփանակերտում կատարվող կապիտալ շինարարությանը, պետական ծրագրերով բնակարանաշինությանը՝ 1մլրդ 718մլն դրամ, կրթության ոլորտի շինարարությանը՝  680մլն դրամ։ 

Ինչպես հայտնի է, կառավարությունը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ ևս շինարարական ծրագրեր կունենա։ Այդ նպատակով պետբյուջեով նախատեսված է 1մլրդ 477մլն դրամ։ Պատգամավորները մտահոգություն հայտնեցին Քաշաթաղի շրջանի Քարեգահ և Այգեհովիտ  գյուղերի ջրամատակարարման մասով. այդ հարցին պատասխանելով՝ Կ. Շահրամանյանը նշեց, որ 2017թ. կապիտալ ծախսերի ծրագրով զգալի տեղ է հատկացվում համայնքների ջրամատակարարմանը. այդ երկու գյուղերի խնդիրը ևս տարվա ընթացքում կլուծվի։ 1 մլրդ 367մլն դրամ կհատկացվի այդ ծրագրին։ ԼՂՀ հանրային  հեռուստառադիոընկերության  շենքի արտաքին տեսքի վերաբերյալ մտահոգություն հնչեց։ Կ. Շահրամանյանը պարզաբանեց, որ ի սկզբանե նպատակ կար  Արցախի հեռուստառադիոընկերությունն այդ շենքից տեղափոխել,  այդ իսկ պատճառով  այնտեղ վերանորոգում չի իրականացվել։ Տարբերակները քննարկվում են, ու եթե առաջիկայում այդ հարցը չլուծվի, շենքի արտաքին տեսքի բարելավման խնդիրը կմտցվի օրակարգ։ 

Արդեն մի քանի տարի է՝ թատրոնի շենքի թեման ևս օրակարգում է. լուծումը դեռևս ուշանում է։ Պատգամավորները մայրաքաղաքի փողոցների, բակերի վերանորոգման, ապաստարանների կառուցման ծրագրերով ևս հետաքրքրվեցին։ Կ. Շահրամանյանը պարզաբանեց, որ վերջինս քաղպաշտպանության ծրագրերով է ֆինանսավորվում։ Պատգամավորներն առաջարկեցին քաղպաշտպանության ոլորտի՝ ապաստարանների, թաքստոցների վերաբերյալ շինարարական ծրագրերը նույնպես մտցնել Քաղաքաշինության նախարարության ենթակայության մեջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց կառուցման համար մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ։ 

Էկոնոմիկայի նախարարության 2017թ. բյուջեն նախագծով կազմում է 3մլրդ 233մլն դրամ՝ առանց պետական կառավարչական հիմնարկի պահպանման ծախսերի։

Բնակչության սպառած էլեկտրաէներգիայի սուբսիդավորման ծրագրով, որը գործում էր նաև անցյալ տարի, 230 մլն դրամով ավելացել են ծախսերը. պատգամավորները հետաքրքրվեցին՝ թե ինչու։ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ սպառման ծավալների աճով, նաև՝ անցյալ տարի դա  բյուջեով պահանջվածից ավելի քիչ էր պլանավորված։ Ինչպես հայտնի է, բնակչության համար այդ սակագինը 49 դրամ է սահմանված, որից 24 դրամը սուբսիդավորվում է պետության կողմից։ Գալիք տարի սպառման ծավալների 3% աճ է նախատեսվում, որի հաշվարկով էլ այդ գումարն ավելացվել է։ Ա. Խաչատրյանը նաև իրազեկեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել  արտահանման խթանման զարգացման ռազմավարությունը, որից ելնելով՝ կմշակվի տարեկան ծրագիր։ 2017թ. պետբյուջեով այդ նպատակի համար գումար չի նախատեսվել։ Ուստի հնարավոր է, որ այլ միջոցներից գումար նախատեսվի։

Պատգամավորները ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար¬նախարար Լևոն Գրիգորյանի ուշադրությունը հրավիրեցին 2009թ. տպագրված ԼՂՀ ատլասում տեղ գտած վրիպումների վրա։  Նա ասաց, որ 2017թ. նախատեսվում է Ատլասի 2-րդ թողարկումը. հանձնաժողովի կազմում  կընդգրկվեն համապատասխան մասնագետներ, և այդ առաջարկությունները, նաև այս ընթացքում կատարված անվանափոխությունները, այլ փոփոխություններ կներկայացվեն ու տեղ կգտնեն այնտեղ։ Կառավարության աշխատակազմը 2017թ. պետբյուջեից կստանա պահպանման ծախս և 12 ծրագրի ֆինանսավորում։ 

Պատգամավորների դիտողություններով պետբյուջեի նախագծում որոշ տեխնիկական  բացթողումներ ևս կշտկվեն։ 

Նիստում քննարկումներ եղան նաև շրջակա միջավայրի և բնական  ռեսուրսների ոլորտի, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող հանձնաժողովի, Արցախի ներդրումային և Գյուղատնտեսության և գյուղի աջակցության հիմնադրամների 2017թ. պետբյուջեների հատկացումների մասով։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ