[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2017թ. ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին ԱԺ սոցիալական և առողջապահության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։  Նիստը  վարել են հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը։ 

 Համատեղ նիստի օրակարգում քննարկվեց 2017թ. բյուջեի նախագիծը, որը վերաբերում էր  սոցիալական և առողջապահության ոլորտներին։ Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական բյուջեն ներկայացրեց ԼՂՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։ Նշվեց, որ 2017թ. սոցիալական պաշտպանության ոլորտի միջոցառումներն ուղղվելու են բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական և գերակա ուղղություններին։ Ս. Ավանեսյանի հավաստմամբ՝ ոլորտի գերակայությունները կշարունակեն մնալ բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի հետևողական բարձրացումը և ժողովրդագրական իրավիճակի բարելավումը։ Գալիք տարում սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 21 մլրդ 794 մլն դրամ՝  2016թ. 21 մլրդ 958 մլն-ի դիմաց։ Այսինքն՝ գալիք տարում ծախսերը կնվազեն 164 մլն-ով։ 

Անդրադառնալով ՙԳործատուի մոտ աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում՚ ծրագրին՝ նախարարը նշեց, որ դրա իրագործման համար նախատեսվում է 16մլն 500 հազ. դրամ՝ 2016թ. 18,8 մլն-ի դիմաց։ Նվազումը պայմանավորված է շահառուների թվի կրճատմամբ։ Տարվա կտրվածքով շարունակվելու են հաշմանդամներին տրամադրվել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ։ Նախատեսվում է հատկացնել 450 պրոթեզաօրթոպեդիկ պարագա (աչքի 20 պրոթեզ, լսողական 140 սարք և  տարբեր տեսակի 60 թիկնասայլակ)։ Դրանց ձեռքբերման  համար կպահանջվի 53,8 մլն դրամ։ Ծախսերը 2016թ. համեմատ կավելանան 4,5 մլն դրամով։ Աճը պայմանավորված է շահառուների թվի ավելացմամբ։ Էական փոփոխության չեն ենթարկվել Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնին տրամադրվող գումարները։ Ծրագրով նախատեսվում է 20, 9մլն դրամ։ 

Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների հատկացման համար բյուջեով նախատեսվել է 906,1 մլն դրամ՝  859,3մլն-ի դիմաց։ Աճել է կենսաթոշակառուների թիվը։ Կենսաթոշակի միջին չափը կկազմի 91հազ. դրամ։ Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակների ընդհանուր գումարը կկազմի  30մլն դրամ՝ 32,1 մլն դրամի փոխարեն։ Կենսաթոշակի միջին չափը կկազմի 24,5 հազ. դրամ։ Իսկ սոցիալական կենսաթոշակների տրամադրման համար նախատեսվում է 595,9մլն դրամ՝ 581,94 մլն-ի դիմաց։ Անհրաժեշտ միջոցները հաշվարկելիս հաշվի են առնվել կենսաթոշակառուների թվի փոփոխման միտումները 2015թ. հունվարի 1-ից սահմանված կենսաթոշակների միջին չափերի պահպանման պայմաններում։ Արդյունքում կենսաթոշակի միջին չափը կկազմի 19,8 հազ. դրամ։ Ս. Ավանեսյանը պարզաբանեց նաև օրենքով և ԼՂՀ Նախագահի հրամանով սահմանված կենսաթոշակների և դրամական պարգևատրումների ծրագրով նախատեսված ծախսերը։  Այն կկազմի 154,1 մլն դրամ։ 2017թ. կշարունակվեն առանց  ծնողական խնամքի մնացած երեխաներին (11 շահառու) հատկացվող մեկսենյականոց բնակարանի  կամ բնակելի տան մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածության կահավորման ծրագրերը։ Գալիք տարում կպահպանվի սոցիալապես անապահով քաղաքացիներին և ընտանիքներին տրամադրվող դրամական օգնության ծախսի մակարդակը։ Կշարունակվեն ծնելիության խթանման ծրագրերը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը, ավանդների բացումը՝ պայմանավորված ընտանիքում ծնված երեխայի հաջորդականությամբ՝ 2010թ. հունվարի 1-ից գործող չափերի պահպանմամբ։ 2017թ. 8,4 մլն դրամով կավելանան վարժական հավաքների, զինծառայության և փրկարարական ծառայության ընթացքում զոհված  (մահացած) զինծառայողների ու փրկարար ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը։ ՙԱշխատանքային կենսաթոշակներ՚ ծրագրով նախատեսվում է 10մլրդ 750մլն դրամ։ Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի 43,1 հազ. դրամ։ 

 

2016թ. համեմատ 2017-ին 27 մլն դրամով կավելանան ԼՂՀ պաշտպանության և փրկարարական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ու փրկարար ծառայողների ընտանիքներին տրամադրվող պարտադիր միանվագ պետական ապահովագրական վճարները։ Դա պայմանավորված է ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների, 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամների թվի աճով։  Ավելացել են նաև պետական նպաստների ծրագրով նախատեսված ծախսերը՝ պայմանավորված ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների երեխաների նպաստի նշանակմամբ և նպաստառուների թվի ճշտմամբ։ Մի շարք ծրագրերում կպահպանվի 2016թ. հատկացված գումարների մակարդակը։ Կշարունակվեն գործող հիմնական ծրագրերը։ 

Պատգամավորների հարցերը վերաբերում էին ԼՂՀ ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգի մշակման և ներդրման ծրագրի արդյունավետությանը, առանձին խմբերի քաղաքացիների բնակարանների բարելավման հարցերին, տրամադրվող պրոթեզաօրթոպեդիկ որակյալ պարագաներին, երեխաների խնամքի  և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին, տնային պայմաններում սպասարկվող տարեցների խնամքին, սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման ծրագրերին։  

2017թ. ԼՂՀ բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 5 մլրդ 917,8 մլն դրամ՛ 2016թ. 5մլրդ 949,8 մլն դրամի դիմաց։ Նվազումը կազմում է 32մլն դրամ։ ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի մեկնաբանմամբ՝ գումարի նվազումը պայմանավորված է ԼՂՀ ԱՆ կանոնադրական կապիտալի համալրման ծրագրով գումարների փոփոխությամբ։ 2017թ. պետբյուջեի նախագծով արտահիվանդանոցային ծառայություններին նախատեսվել է 2 մլրդ 340,9 մլն դրամ, 2016թ.՝ 2 մլրդ 315,6 մլն դրամի դիմաց, որը կազմում է ընդհանուր առողջապահության բյուջեի 39, 6%¬ը։ Ծախսերն աճել  են 25,3 մլն դրամով։ Կ. Աթայանը մանրակրկիտ ներկայացրեց արտահիվանդանոցային ծառայությունների խմբի 10 ծրագրերի նախատեսվող ծախսերը։ Հիմնականում պահպանվել է 2016թ. ծախսերի մակարդակը։ Հիվանդանոցային բուժօգնության մասով 2017թ. նախատեսվում է 2 մլրդ 452, 9 մլն դրամ՝ պահպանելով համապատասխան ցուցանիշի նկատմամբ 2016թ. մակարդակը։ Այն կազմում է առողջապահության ընդհանուր բյուջեի 41,4 %¬ը։ Հանրային առողջապահական ծառայությունների իրականացմանն ուղղվող ֆինանսական միջոցները կապահովեն Արցախի բնակչության սանիտարա-համաճարակային անվտանգությունը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը և այլն։ ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանն ու համաճարակաբանության և հիգիենայի  կենտրոնին նախատեսվող ծախսերը 2016թ. համեմատ կնվազեն՝ պայմանավորված ՀՀ-ից հումանիտար կարգով ստացված պատվաստանյութերի ձեռքբերմամբ։  Առանձին ծրագրերով  հատկացվելիք գումարների աճը պայմանավորված է որոշ ծառայությունների ավելացմամբ։ Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ծախսերի փոխհատուցման ծրագրի գումարը կպահպանի 2016թ. մակարդակը։ Նախատեսվում է 686 ուղեգրվող հիվանդի ճանապարհածախսի փոխհատուցման գումար։ Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման նպատակով հատկացվող գումարներն ավելացվել են։ Դա պայմանավորված է յուրահատուկ, բացառիկ բուժսարքավորումներով և տեխնոլոգիաներով անվճար ախտորոշիչ հետազոտությունների իրականացմամբ, մասնավորապես սրտային հիվանդությունների հետազոտությունների լիարժեքությունն ապահովելու համար։ 

Անդրադարձ եղավ բժշկական ապահովագրության հարցերին, Հակապալարախտային դիսպանսերի և Ինֆեկցիոն հիվանդանոցի շենքային պայմանների անմխիթար վիճակին, ստոմատոլոգիական ծառայություններին, դժվարամատչելի հետազոտությունների ցանկին, հանրապետությունից դուրս սովորող ուսանողների առողջական խնդիրներին, գյուղական բնակավայրերում մասնագետների այցելություններին և հետազոտություններին։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ