[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵՎԱԿՈԽԵԼ է ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Ինչպես հայտնի է, գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման շրջանակներում ԼՂՀ գյուղնախարարությունը հողօգտագործողների համար կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ, ուր ներառված են գյուղատնտեսության բոլոր ճյուղերը։ Դրանց առաջին փուլն արդեն իսկ ավարտվել է,  մեկնարկել է դասընթացների երկրորդ փուլը, որին  մասնակցում է 37 հոգի։

 ԼՂՀ գյուղնախարարության  բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Սյուզաննա  Սարգսյանի տեղեկատվությամբ՝ դասընթացների առաջին փուլն ավարտվել է հաջողությամբ։ Բոլոր մասնակիցները հանձնել են քննություն գյուղնախարարի կողմից հաստատված հանձնաժողովին, որի  անդամներն էլ հենց վարում էին դասընթացները։ Հարցերը վերաբերում էին ջրային  համակարգերին, բույսերի պաշտպանությանը, ցանքաշրջանառությանը, բույսերի պարարտացմանը, սնուցմանը, սերմնաբուծությանը։  Առավելագույն՝ 60 բալից  30 և  ավելի  բալ հավաքողներն ստացել են  հավաստագրեր։

Դասընթացների նպատակն ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման համար համապատասխան, միջազգային չափորոշիչներով կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։ Ըստ Ս. Սարգսյանի, անհրաժեշտություն է առաջացել  ձևավորել գյուղատնտեսությամբ իրականում զբաղվել ցանկացողների մի խումբ, ում  օգնությամբ գերատեսչությունն այդ ոլորտում առաջ կմղի  պետական քաղաքականությունը։ ՙԻնչպես հայտնի է, ամեն ինչ որոշում են կադրերը, և մեր նպատակն է գյուղոլորտում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց շահագրգռել աշխատել այնպես, որպեսզի այդ գործունեությունը լինի  բարենպաստ՚,-ասաց նա, հավելելով, որ Արցախում հողօգտագործողները ճիշտ  գյուղատնտեսություն վարելու, աշխատանքները կազմակերպելու խնդիր ունեն։ Ս. Սարգսյանը դասընթացները բավականին արդյունավետ է գնահատում, գտնում, որ  դրանց մասնակիցներն ունեն գիտելիքների այն պաշարը, որով կարող են  հաջողություններ  արձանագրել իրենց գործում, միաժամանակ, զբաղվելով ինքնակրթությամբ, նորանոր գիտելիքներ ձեռք բերել։ Տեսական գիտելիքներ ստացած անձանց մեջ կային  և՜ ոլորտում սկսնակ, և՜  արդեն պրակտիկ  հողօգտագործողներ, և՜ նույնիսկ գյուղատնտեսներ,  բոլորի համար էլ դասընթացները  միանշանակ արդյունավետ էին։

Ըստ նրա, քանի որ գյուղատնտեսությունը բարդ ոլորտ է և, տնտեսության մյուս ճյուղերի նման, անընդհատ փոփոխվում է, մշակման նոր տեխնոլոգիաներ, մեխանիզմներ են ի հայտ գալիս, ուստի  անհրաժեշտ է պարբերաբար դրանց անդրադառնան  և՜ սկսնակները, և՜ փորձառու գյուղատնտեսները։ Կարևոր է, որ երիտասարդների մեջ մեծ հետաքրքրություն կա դասընթացների հանդեպ, ինչի մասին է  վկայում  նաև ներկայացվող հայտերի քանակը։ 

Դասընթացների անցկացման համար, Ս. Սարգսյանի խոսքով, այնպիսի ձևաչափ է ընտրվել, որ ավելի մերձ շփում լինի վարողի և մասնակցի միջև. ներկայացված ցանկացած դասախոսություն ուղեկցվել է հարց ու պատասխանով, քննարկմամբ, ինչը թույլ է տվել ավելի մոտիկից ծանոթանալ ինչպես  կոնկրետ հողօգտագործողին, այնպես էլ ոլորտում առկա խնդիրներին։

 Դասընթացների երկրորդ փուլը  կտևի  մեկ ամիս։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ