[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԾ¬Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 16-ին ԼՂՀ  ազգային վիճակագրական ծառայությունը  (ԱՎԾ) ներկայացրեց  2015թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները։

2014թ. Արցախում աղքատության մակարդակի ստույգ գնահատման նպատակով առաջին անգամ ներդրվեց տնային տնտեսությունների բարեկեցության ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանությունը։ 

Միջոցառմանը ներկա էին ԱՎԾ նախագահ Կարեն Ներսիսյանը, ԱԺ սոցիալական և  առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամ Ռիտա Մնացականյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լենստոն Ղուլյանը, ԱՎԾ աշխատակիցներ։

Ներկայացնելով հետազոտության արդյունքները, Կ. Ներսիսյանը նշեց, որ ծրագիրը ծախսատար և ժամանակատար է, ԼՂՀ պետբյուջեի ռեսուրսները թույլ չեն տալիս այն կյանքի կոչել. այն հաջողվել է իրականացնել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օժանդակության շնորհիվ։ ՙՀՀ մեր գործընկերները ցուցաբերել են ոչ միայն նյութական, մեթոդական, տեխնիկական աջակցություն, այլև՝ մասնագիտական, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը՚,¬ ասաց ԱՎԾ նախագահը։ Իսկ հետազոտությունը կենսական  նշանակություն ունի. ներկայացված են սոցիալ¬տնտեսական կարևորագույն ցուցանիշներ, որոնք, Կ.Ներսիսյանի խոսքով, միանգամայն արժանահավատ են, համադրելի, վստահելի։ Ընտրանքային եղանակով հետազոտության մեջ ընդգրկվել է 1620 տնային տնտեսություն (նախորդ տարի անցկացված հետազոտության արդյունքներով 2376 տնային տնտեսություն էր հարցման ենթարկվել)։ Այս զեկույցը, ինչպես նշեցինք, թվով երկրորդն է, որ հրապարակվում է ԱՎԾ կողմից, և եթե առաջինում տեղ են գտել միայն 2014 թ. արդյունքները, երկրորդում ներկայացվել են 2014-2015 թթ. համեմատական ցուցանիշները։ Հարցման ենթարկված տնային տնտեսություններից 756-ը քաղաքային, մնացածը գյուղական բնակավայրերից էին։ 

Հարցազրուցավարներն այցելել են շուրջ 3200 հասցեով. ըստ գրանցված հրաժարման դեպքերի՝ հետազոտությանը մասնակցելու հրաժարման մակարդակը կազմել է 4,6 %։

Աղքատությունն, ընդհանուր առմամբ, արտահայտվում է տարբեր ձևով և շոշափում կյանքի տարբեր կողմեր. սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունք և այլն։ Բնակչության կենսամակարդակի փոփոխության դինամիկան նկարագրվում է նյութական և ոչ նյութական աղքատության տեսանկյունից։ Այս զեկույցն աղքատությունը գնահատում է նյութական ցուցանիշների միջոցով։ Ըստ հետազոտության, աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ընդհանուր գծից։ Ծայրահեղ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից։ Այսպիսով, ըստ զեկույցի, աղքատ է ԼՂՀ բնակչության 22,8 %¬ը՝ շուրջ 32 հազ. մարդ (2014 թ. այդ ցուցանիշը կազմել էր 26,2 %)։ Ծայրահեղ աղքատ է գնահատվել բնակչության 6,5 %¬ը (9000 մարդ)։ Զեկույցում մեջբերված այլ արդյունքներ թույլ կտան ոչ միայն վերհանել աղքատության մակարդակը երկրում, այլև պարզել դրանց պատճառներն ու  վերացման մեխանիզմներ մշակել։

ԼՂՀ¬ն հետազոտության արդյունքներով բաժանվել է 4 տարածաշրջանի՝ կենտրոնական, հարավային, հյուսիսային և վերաբնակեցված։ 2015թ.  միջին հանրապետական ցուցանիշներից բարձր է կենտրոնական և վերաբնակեցված տարածաշրջանների աղքատության մակարդակը։ Հարավային տարածաշրջանում այն չնչին տարբերություն է գրանցել հանրապետական միջին մակարդակից։ Նշվեց, որ աղքատության հաղթահարման համար  անհրաժեշտ է ևս 2,8 մլրդ դրամ։  ԼՂՀ¬ում մինչև  վեց տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները գտնվում են աղքատության բարձր ռիսկի գոտում։ Նման տնային  տնտեսությունները կազմում են 51,8 %։ Բուհական կրթության ստացած անձանց աղքատության ռիսկը գրեթե կրկնակի ավելի փոքր է միջնակարգ կրթությամբ անձանց համեմատությամբ։ Ցավալի է, որ հարցվածների ավելի քան 55 %¬ի համար կենսաթոշակն է եկամտի աղբյուր։

Մեր բնակչությունը, պարզվում է, հանգստի և մշակույթի համար չափազանց քիչ ծախսեր է կատարում. այն, հետազոտության արդյունքներով, չնչին տոկոս է կազմում։  Նա առողջության առաջնային պահպանման ծառայություններին ևս քիչ է դիմում. հարցման մասնակիցների ավելի քան 61%¬ը նշել է, որ զբաղվում է ինքնաբուժմամբ։ ԱՎԾ¬ում համոզված են, որ եթե դադարեցվեն սոցիալական նպաստներն ու տրանսֆերտները, երկրի աղքատության մակարդակը և ծայրահեղ աղքատության մակարդակը կաճեն  առաջինը մինչև 45,6 %, երկրորդը՝ 28,1 %։

Հարցմանը, թե որքան գումար է անհրաժեշտ շատ լավ, լավ ապրելու և գոյատևելու համար, պատասխանել են. շատ լավ ապրելու համար անհրաժեշտ է 221 հազ. դրամ, լավ կյանքի համար՝ 130 հազ. դրամ, իսկ գոյատևելու համար՝ 47 հազ. դրամ։

Ներկայացվեցին տվյալներ նաև ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վերաբերյալ, քննարկվեցին բնակչության թվաքանակի և բնական շարժի ցուցանիշները, ծնելիության, մահացության ցուցանիշները,  մահացության պատճառները, 2013-2015թթ. տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների ներգրավվածությունը միգրացիոն գործընթացներին, բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունը և այլն։ 

Կ. Ներսիսյանը նշեց, որ ներկայացված տվյալները նախորդ տարի անցկացված մարդահամարի արդյունքների հիման վրա չեն կազմվել. մարդահամարի վերջնական տվյալները դեռևս չեն ամփոփվել։ 2015թ. բնակչության թվաքանակի ընդհանուր հաշվառմամբ ԼՂՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 148 հազ. 100 մարդ։ Ուսումնասիրությունն ըստ շրջանների ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ 10 %¬ով բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել Մարտունու շրջանում, 1 %¬ով՝ Հադրութի շրջանում։ Մնացած շրջաններում բնակչության թվաքանակի աճ է գրանցվել։ Ի դեպ, Քաշաթաղի շրջանում այն առավելագույնն է և կազմում է շուրջ 14 %։

Այսպիսով, նշվեց, որ ԼՂՀ մշտական բնակչության ընդհանուր թիվը 2016 թ. տարեսկզբին, նախորդ տարվա համեմատ, նվազել է 800 մարդով։ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ, հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել  տարեց և 0-15 տարեկան  658 անձ։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ