[ARM]     [RUS]     [ENG]

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

Այսօր առավել քան դժվար է թերագնահատել էներգետիկների աշխատանքը:

Եթե նախկինում նրանց անխափան աշխատանքի շնորհիվ ունեինք ջերմություն և լույս միայն, ապա այսօր առանց այդ կարևորագույն օղակի դժվար է պատկերացնել բազմաթիվ ոլորտների գործունեությունը։  Ասել է թե՝ այն դիտելով որպես ռազմավարական ուղղություն, առանց նրա անհնար է պատկերացնել տնտեսության զարգացումն ընդհանրապես:

Շրջանի կենսագործունեության ապահովման գործում անգնահատելի է հուսալի էներգամատակարարումը: Կատարված և կատարվելիք աշխատանքները ներկայացնում է ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի տնօրեն Վիգեն ԱՂԱՋԱՆՅԱՆԸ: 

-Պարոն Աղաջանյան,ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Հադրութի մասնաճյուղը շրջանի համեմատաբար հին կառույցներից է, ունի ձևավորված ավանդույթներ: Ինչպե՞ս  եք գնահատում կոլեկտիվի   գործունեությունն ավարտվող  տարում։ 

-Իրոք, մասնաճյուղը շրջանի հին կառույցներից է և ունի ձևավորված ավանդույթներ: Այսօր մասնաճյուղում աշխատում է 114 մարդ: Կոլեկտիվում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտը մասնաճյուղի կարևորագույն պայմաններից է, ինչը  յուրաքանչյուր աշխատողի  հնարավորություն է տալիս պատասխանատվությամբ կատարել հանձնարարված գործը։ Մասնաճյուղում օդային գծերն ապահովում են 2 բրիգադներ, որոնք տեղակայված են շրջկենտրոնում և Տող գյուղում: Դրական կարելի է համարել այն փաստը, որ շրջանի բոլոր գյուղերում աշխատողներ ունենք: Լուրջ ուշադրություն ենք դարձնում անվտանգության ապահովման խնդիրներին, այդ առումով մասնաճյուղի աշխատողների ուսուցումը և հրահանգավորումը պահում ենք մշտական ուշադրության կենտրոնում: Միջին աշխատավարձը  97 հազար  դրամ է: Ցանկանում ենք կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին հուզող հարցերին և առաջացած խնդիրներին հնարավորության սահմաններում լուծում տալ, ինչն  ավելի է բարձրացնում աշխատանքի որակը, ամրապնդում կարգուկանոնը: Մասնաճյուղի աշխատակազմի համար ստեղծվել են  աշխատանքային նորմալ պայմաններ,  հիմնանորոգվել է մասնաճյուղի վարչական շենքը: Ապրիլյան քառօրյա պատերազմում մասնաճյուղի ողջ անձնակազմը գտնվում էր սահմանագծում՝  զինվորի կողքին: Հացահատիկային ցանքատարածությունները հրդեհներից պաշտպանելու գործում ևս ակտիվ մասնակցություն ենք ունեցել։

- Սխալված չենք  լինի, եթե ասենք, որ  էներգամատակարարման հուսալիությունից է կախված շրջանի անխափան աշխատանքը:  

- Մասնաճյուղի սպասարկման ոլորտն ընդգրկում է 117 բաշխիչ ենթակայան, մոտ  500կմ երկարությամբ 10/0,4 կՎ հզորության էլեկտրական գծեր: 2016թ. անցած 11 ամսում շրջան մուտք է գործել 16,1  մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապրանքային արտադրանքը կազմել է 14 մլն 351 կՎտ/ ժամ: Մասնաճյուղի գործունեության գերակա խնդիրը համարել ենք էլեկտրագծերի հուսալիության բարձրացումը: Այդ նպատակով 10 կՎ հզորության 15 էլեկտրագծերում փոխարինվել են 94 հատ  հենասյուն, 12,5կմ երկարությամբ հաղորդալար: Աշխատանքներ են իրականացվել նաև 0,4կՎ էլեկտրական գծերի վրա: Շրջանի 24 համայնքներում ընդհանուր առմամբ փոխարինվել են մոտ 180 հենասյուն և 20 կմ հաղորդալար, ցանկապատվել է 4  ենթակայանի տարածք: Հադրութ քաղաքում և շրջանի համայնքներում նոր կառուցված  բնակելի տասնյակ տներ էլեկտրիֆիկացվել  են, որի համար  տեղադրվել են 63 հատ  0.4 կՎ հենասյուներ:  Հադրութ քաղաքում և շրջանի  գյուղերում փոխարինվել են 9  ուժային տրանսֆորմատորներ: Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև թիվ 2 զորամասի, Առաքել համայնքը,  ՙՀեռուստակենտրոն՚-ը սպասարկող օդային գծերում: Կապալառու կազմակերպությունների միջոցով  և ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ¬ի ֆինանսավորմամբ կառուցվել են  Տող¬Տումի և Մայրամաձոր¬Քյուրաթաղ 10 կՎ օդային էլեկտրական գծեր:

- Ինչպե՞ս է  ընթանում սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վարձավճարների հավաքագրումը:

- Որպես գործունեության կարևոր ուղղություն՝ մասնաճյուղի ուշադրության կենտրոնում է գտնվում սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վարձավճարների   հավաքագրման գործընթացը: Շրջանում  ունենք 4595 բաժանորդներ, որից 3870¬ը բնակիչներ են: 2016թ. անցած 11 ամսում հավաքագրման գումարային ծավալը կազմել է 528 մլն 927 հազ.  դրամ: Բնակչությունից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց հավաքագրվել է 160մլն 660 հազ. դրամ: Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարների հավաքագրման 75-80 տոկոսը կատարվում է բանկային համակարգով և փոստային բաժանմունքներում: Շրջանի բոլոր բաժանորդների հետ առկա են  համապատասխան պայմանագրեր՝ համաձայն էներգամատակարարման հաստատված կանոնների: 2016թ. անցած 11 ամսում բնակչությունից տարբեր հարցերով մասնաճյուղ է մտել 62 դիմում, որոնք  ընթացքավորվել են։ Դրական կարելի է համարել այն փաստը, որ բաժանորդների կողմից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց մուծումները կատարվում են ժամանակին, որը բացառում է էլեկտրականության անջատումները:

- Ի՞նչ դժվարություններ և դեռևս չլուծված խնդիրներ կան:

- Էներգամատակարարման կարևոր պայմանը հուսալի օդային գծերի առկայությունն է: Այսօրվա դրությամբ վերանորոգման զգալի աշխատանքներ պետք է իրականացվի ՙԱզոխ-Դրախտիկ՚ սնուցման կետից  Ծակուռի, ՈՒխտաձորի ենթաշրջանի գյուղերը սնուցող 10 կՎ,  ինչպես նաև Հին Թաղեր-Արևշատ  էլեկտրական օդային գծի վրա: Զգալի վերանորոգման աշխատանքներ պետք  է իրականացվեն նաև 0.4 կՎ օդային գծերի վրա:

Օգտվելով  ընձեռված  հնարավորությունից՝ էներգահամակարգի աշխատողներին շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում ընտանեկան երջանկություն, գործում՝ հաջողություններ։ Հաստատապես կարող եմ ասել, որ համակարգը կանի իրենից կախված ամեն ինչ՝ շրջանի անխափան էներգամատակարարումն ապահովելու համար:

Էդիկ  ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ