[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Չնայած   Արցախի պաշտոնական տոնացույցում էներգետիկի  մասնագիտական  տոն օրը չկար, ավանդույթի համաձայն համակարգի աշխատակիցներն այն  տոնում էին։

Այսօր այն նշվում է նաև  պետական մակարդակով. իրենց  գործունեությամբ  աչքի ընկած  մասնագետները ԼՂՀ կառավարության  կողմից արժանանում են  պետական պարգևների,  պատվոգրերի, արժևորվում է նրանց աշխատանքը,  քանի որ հենց էներգետիկների հմուտ  աշխատանքի շնորհիվ մենք՝ սպառողներս, ունենք լույս, ջերմություն, հարմարավետություն։ 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանը, այսօր Արցախի Հանրապետության էներգահամակարգը  զարգանում է այնքանով, որքանով թույլ են տալիս ռեսուրսները։ Մեկ անգամ չէ շեշտվել (այդ թվում՝ գործադիրի  ղեկավարի կողմից), որ, չնայած կատարվում են  մեծածավալ ներդրումներ, համակարգը բավարար չափով  զարգացնելու համար առկա ռեսուրսները քիչ են։ 

2007 թվականից  էներգետիկայի ճյուղը երկրի իշխանությունների կողմից հայտարարվել էր գերակա ուղղություն, որից հետո սկսվել էր հանրապետության տարածքում փոքր հէկերի կառուցման ծրագիրը։ Ապագայի ծրագրերը  հավակնոտ էին՝  բավարարել էներգետիկայի մասով ներքին պահանջները, իսկ ավելցուկն արտահանել։ Ծրագիրն օբյեկտիվ և սուբյեկտիվ  պատճառներով  իրագործվել է մասամբ, չնայած պատասխանատու մարմինները, հենվելով ցուցանիշների վրա, նշում են, որ կարողացել են  ապահովել նախատեսված  հզորությունները, իսկ այն, որ դեռևս լրիվությամբ ինքնաբավ չենք,  պայմանավորված է սպառման ծավալների  նախատեսվածից բարձր  աճով: 

Այսօր Արցախում  (2016թ. 11 ամսվա ցուցանիշներով) էլեկտրաէներգիայի սպառումը կազմում է 263,92 մլն կՎտ/ժ։ Նախորդ տարի, նույն ժամանակահատվածում, այն 261,75 մլն կՎտ/ժ էր։ Բաշխիչ ցանցերից օգտվող բնակիչ¬բաժանորդների թիվը դեկտեմբերի 1-ի դրությամբ 43209 էր։ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ¬ն ունի 7241 այլ սպառողներ ևս։ 11 բաժանորդ օգտվում են բարձր լարման ցանցից, որոնցից մեկը՝ 110 կՎ, իսկ 10-ը՝ 35 կՎ լարման ցանցից։  Տ. Ծատրյանի  խոսքով, ընդհանրապես,  տարեկան բաժանորդների, սպառման ծավալների 4-5 % կայուն աճ է նախատեսվում, 2016¬ին  նույնիսկ նախատեսվում էր շուրջ 20-30% աճ՝ պայմանավորված հանքարդյունաբերության ոլորտի  ծրագրերով։ Ծրագրի իրագործումը որոշ պատճառներով հետաձգվել է և կյանքի կկոչվի 2017¬ին։ Էլեկտրաէներգիայի փաստացի կորուստները (որոնց մեջ մտնում են կոմերցիոն և տեխնոլոգիական կորուստները)  այս տարի կազմել  են 14,9%՝  2015թ. նույն ժամանակահատվածի 15,5 %¬ի դիմաց։ Տ. Ծատրյանը նշեց, որ կորուստները հաշվարկվում են հատուկ ծրագրի միջոցով. դրա վերջնական կիրառման դեպքում (որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում) մարդկային գործոնը լրիվությամբ կբացառվի և կերևա կորուստների իրական չափը։ Ընկերության  տնօրենն   ըմբռնումով է մոտենում սպառողների բողոքներին, մտահոգություններին՝ ոչ կայուն էներգամատակարարման մասով (ինչ արած՝ համակարգի հնարավորությունը դա է),  գտնում է, որ դրանց մի մասն արդարացված է, մի մասը՝ անհիմն։ ՙՄիշտ չէ, որ աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում են խնդիրներ առաջանում։ Խնդիրների առաջացման բազմաթիվ գործոններ կան։ Ներկայում գործող էլեկտրաէներգիայի մատակարարման ռադիալ մեխանիզմը թույլ չի տալիս վթարների ժամանակ առանց անջատումների աշխատել,¬ ասաց նա։¬ Բայց, հավատացեք, էներգետիկներն անում են ամեն հնարավորը և նույնիսկ անհնարը՝ կայուն, անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Հոսանքի պարբերական անջատումները հաճախ կապված են լինում պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, որոնց մասին բաժանորդներն անպայման տեղեկացվում են, կամ՝ վթարների, որոնք հաճախ բնական աղետների հետևանք են: Վերջինից ապահովագրված չեն նույնիսկ  հզոր էներգահամակարգ ունեցող երկրները: Երկրորդ օդային գծի շահագործմամբ  այդ խնդիրների մեծ մասը  կլուծվի՚։ 

Մասնագիտական տոն օրվա առթիվ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ¬ի  ամենահին աշխատողներից մեկը՝  ընկերության գլխավոր  ճարտարագետ Սերգեյ Խառատյանը, բոլոր էներգետիկներին նախ անվտանգ աշխատանք է մաղթում։ ՙԷներգետիկներն աշխատում են շուրջօրյա, փոթորիկների, ձյան, անձրևի և արևի պայմաններում։  Յուրաքանչյուրի սխալը կարող է ճակատագրական լինել  ոչ միայն սեփական անձի, այլև ընկերների համար։ Իհարկե, հաճելի է տաք ու լուսավոր սենյակում  գտնվելը, բայց գոնե այս օրը պետք է հիշենք, որ այդ պահին, հնարավոր է, ինչ¬որ մեկը մասնագիտական իր պարտքը կատարելով՝ ապահովում է մեզ համար այդ ամենը՚,¬ ասաց  նա։ Ս. Խառատյանը էներգահամակարգում աշխատում է 1963¬ից, նվիրված է իր մասնագիտությանը,  աշխատանքին, և հույս ունի, որ առաջիկայում կարելի կլինի զարգացնել համակարգը: Ըստ նրա՝ խորհրդային ժամանակների համեմատությամբ  ներկայում փոխվել են աշխատելու մեխանիզմները: Անփոփոխ  է մնացել մեկ հանգամանք. առանց  գործին նվիրվածության, պատասխանատվության  էներգահամակարգում անհնար է աշխատել։

Խորհրդային տարիներին ռեսուրսներն, իհարկե, շատ ավելի  մեծ էին։ Ղարաբաղի էլեկտրասնուցումն իրականացվում էր անկախ 8-9 աղբյուրներից, այսօր ունենք ընդամենը Սարսանգ ՀԷԿ¬ը և Շինուհայրի ենթակայանը։ Այն ժամանակ մեծ էին արտադրության ծավալները, սպառումը, ու համակարգից կախվածը միայն աշխատանքի կազմակերպումն էր: Ե՜վ  տնօրենը, և՜ գլխավոր ճարտարագետը  մեծ հույսեր են կապում Սոթքի ենթակայանի և 2-րդ օդային գծի կառուցման հետ, որով հնարավոր կլինի լուծել էլեկտրաէներգիայի մատակարարման  խնդիրների մեծ մասը։ Տեղեկացանք, որ մոտ ժամանակներս այն նախատեսվում է ավարտին հասցնել. Արցախի կառավարության ղեկավար Ա. Հարությունյանը  տարբեր առիթներով խոսելով այդ բավականին բարձրարժեք ծրագրի մասին, այն որակել է որպես վերջին 20-25 տարիների խոշորագույն տնտեսական ծրագիր։

Չնայած կատարվող ներդրումներին, ՙԱրցախէներգո՚ ընկերությունը վնասով է աշխատում։ Պատճառները, տնօրենի խոսքով, տարբեր են. աշխարհաքաղաքական, տնտեսական ներկա պայմաններում, որ գտնվում է մեր երկիրը, սուղ բյուջետային միջոցներով դժվար է բավարար զարգացում ապահովել, ձգտել և հասնել արագ զարգացող  էներգահամակարգերի մակարդակին։

 Ըստ Ս. Խառատյանի՝ ներկայում աշխարհից  հետ ենք մնում նախ տեղեկատվական հագեցվածության ապահովման հարցում։ ՙԷներգետիկայի  բնագավառում ժամանակին անհրաժեշտ ապրանքը ձեռք չբերելու դեպքում անհնար կլինի աշխատանքի օպերատիվ կազմակերպումը,¬ համոզված է նա։¬ Խորհրդային  Միությունում մեխանիզմն այլ էր՝ մատակարարումը բարձր մակարդակի վրա էր, տրամադրվում էր ամեն ինչ՝ նյութերը, սարքավորումները, և մնում էր միայն կազմակերպել համակարգի անխափան աշխատանքը։ Շուկայական հարաբերություններն այլ մոտեցումներ են պահանջում, և պետք է վերադասավորվենք՚։ 

Ս. Խառատյանը խնդիրներ է տեսնում բաշխիչ ցանցերում, հրատապ է համարում օդային գծերի, գլխամասային տրանսֆորմատորային ենթակայանների կառուցման հարցը։ Խնդիրների լուծման  հրատապությունը գիտակցում են նաև իշխանությունները։ Այս տարի պետությունը կտրուկ քայլեր ձեռնարկեց։ Էներգահամակարգի զարգացման համար պետական միջոցները, ինչպես նշեցինք, բավարար չեն, իսկ դրա զարգացումը ծայրաստիճան անհրաժեշտ է՝ տնտեսության մյուս ոլորտները, հատկապես արդյունաբերությունը զարգացնելու համար։ Որոշում կայացվեց էներգամատակարարումը  վստահել մասնավոր հատվածին՝  ՙԱրցախէներգո՚ ընկերությունը մասնավորեցնելու որոշում ընդունվեց։ 

Տիգրան Ծատրյանը նշեց, որ մասնավորեցման գլխավոր նպատակը համակարգի զարգացման և արդիականացման համար անհրաժեշտ ներդրումների ապահովումն է։ Դրանք կկատարվեն առաջիկա 5 տարիների ընթացքում՝ փուլային եղանակով։ Միայն 2017թ.  նախատեսվում է 4-5 մլրդ դրամի  ներդրում. կվերակառուցվեն հիմնականում 110 կՎտ, 35 կՎտ  օդային գծերը, մի շարք 110/35 և 110 հզորության ենթակայանները։ ՙԱմեն ինչ կարվի, որպեսզի Սոթքից մուտք գործած  2¬րդ գիծը լիակատար աշխատի՝ ապահովելով  կայուն, ապահով էներգամատակարարում՚,- ասաց   Տ. Ծատրյանը։  Խոսելով ընկերության  մասնավորեցման նպատակահարմարությունից՝ տնօրենը նշեց, որ  այն ունի իր դրական կողմերը, և առաջիկայում դրանք շոշափելի կդառնան։ 

Ապրիլյան  պատերազմը բեկումնային եղավ Արցախի համար։ Իշխանությունները ստիպված էին վերանայել տնտեսական քաղաքականությունը, փոփոխություններ մտցնել  ռազմավարական մի շարք ծրագրերում։ Էներգետիկ ոլորտը բացառություն չկազմեց. պատերազմի հետևանքով մեծ  վնաս է հասցվել նաև  էներգահամակարգին, Մարտակերտի շրջանում շարքից դուրս են եկել օդային գծերը, ենթակայանները, և ՙԱրցախէներգո՚¬ն առաջիններից մեկն էր, որ լծվեց  վթարների վերացման գործընթացին։ Փորձ է  արվել սեղմ ժամկետներում ունեցած  ռեսուրսներով վերականգնել վթարները։ Որոշակիորեն  փոփոխության են ենթարկվել նաև   ընկերության ծրագրերը. մեծացվեց նման դեպքերին ավելի  արագ արձագանքելու հնարավորությունը, մշակվում են  նախագծեր՝ տեղում լրացուցիչ սնուցման գիծ  ունենալու համար։ Մարտակերտի  շրջանում հիմնականում վերակառուցվել են 110 կՎտ օդային գծերը, որոնք սնում են առաջնագծում տեղակայված զինվորական  մասերը։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ