Logo
Print this page

ԳԱՐՆԱՆԱՑԱՆ. ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ

Քաշաթաղի շրջանի հարավային թևում, որտեղ հիմնականում զբաղվում են հողագործությամբ,  սկսված է  գարնանացանը: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ համայնքային հողատարածքներում ընդհանուր կատարվել է 1181հա հերկ: Գարնանը հիմնականում կատարվում է գարու և հաճարի ցանքս: 

 Մարտի 18-ի դրությամբ 510հա գարու և 270հա հաճարի գարնանացան է կատարվել: Հերկի աշխատանք ամենաշատը՝ 200հա, կատարվել է Ձորափի գյուղական համայնքում, ցանվել է 100հա հաճար: Երիցվանքի  հողատարածքներում կատարվել է 120հա հերկ, սակայն ցանքս դեռ չի կատարվել: Որոտան համայնքում իրականացվել է 100հա  հերկ. հողն ամբողջությամբ օգտագործվել է 50հա հաճար և նույնչափ գարի ցանելու համար: Քաղաքային համայնքներից արաքսամերձ Միջնավանի վարելահողերում կատարվել է 70հա հերկ, ցանվել է 50հա գարի: Իսկ Ողջիի ավազանում գտնվող Կովսականի վարելահողերում 50հա հերկն օգտագործվել է ամբողջությամբ՝ դարձյալ գարու ցանքսի համար: 

Գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի տեղեկությամբ՝ այս օրերին գարնանացանի աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են տեղացած անձրևների պատճառով:  Հյուսիսային թևի համայնքներից հացահատիկի գարնանացան կատարելու են միայն Հակ, Մոշաթաղ և Լեռնահովիտ գյուղական համայնքների սարահարթերում՝ մոտ 1000հա: 2016թ. աշնանը շրջանում կատարվել է 17171հա հացահատիկի՝ ցորենի ու  գարու ցանքս: Նախատեսված է նաև 3000-3500հա գարնանացան կատարել: Դրա մեջ է մտնում նաև բանջարաբոստանային մշակաբույսերի, բոստան-պարենի, եգիպտացորենի և այլ բույսերի  ցանքսը: 

***

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

 Գարունն աստիճանաբար իր իրավունքների  մեջ է մտնում: Տեսանելի է գարնան - գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը: Այս օրերին Հադրութի շրջվարչակազմում աշնանացանի  ծավալներն են ճշտվում: 2016թ. աշնանացանն իրականացվել է առանց պետական աջակցության, սակայն  ծավալներով նախորդ տարվա ցուցանիշները չի զիջում: 2017թ. բերքի տակ կատարվել է մոտ  9510 հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 2710 հա¬ն՝ սեփականաշնորհված և գյուղամերձ վարձակալված, 6800 հա¬ն՝ պետական պահուստային  վարձակալված վարելահողերում: Ինչպես տեղեկացրեց  շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը, եղանակներն աշնանացանի համար բարենպաստ են եղել, ցանքսերի ընդհանուր վիճակն էլ այսօր կարելի է բավարար գնահատել:

 

Բարձր բերք ապահովելու համար խիստ անհրաժեշտ են աշնանացան հացահատիկային ցանքսերի  սնուցումը, պայքարը մկնանման կրծողների դեմ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, չնայած ձեռնարկվող  միջոցներին, պայքարն  այդ ուղղությամբ  որոշ տարածքներում պետք է շարունակվի: Ըստ բաժնի վարիչի՝ աշխատանքները կազմակերպելու համար հողօգտագործողներին  հատկացվել են 1000կգ  թունաքիմիկատներ: Ներկա դրությամբ գործընթացը շարունակվում է:

 Տարեցտարի գյուղատնտեսության ոլորտում ավելանում են  ֆինանսական ներդրումները: Ֆինանսավորվող այդ ծրագրերից մեկը գարնանացան  մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագիրն է, որը հանրապետությունում գործում է 2013 թվականից: Համաձայն այդ ծրագրի՝ նախատեսվում է հանրապետությունում ընդլայնել յուղատու մշակաբույսերի  ցանքատարածքները, նշեց բաժնի վարիչը: Ֆինանսական միջոցներ կտրամադրվեն նաև բանջարաբոստանային մշակաբույսերի համար:

   2017 թվականի բերքի տակ նախատեսված է շրջանում կատարել 1200 հա գարնանացան: Արցախի գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել գարնանացան մշակաբույսերի  պահանջվող սերմերի հայտը: Ըստ ներկայացված հայտերի՝ շրջանում կկատարվի 235 հա եգիպտացորենի, 22 հա արևածաղկի, 250 հա հնդկացորենի, մոտ 100 հա սիսեռի, 6,8 հա առվույտի,  8 հա սոյայի, 110 հա կարտոֆիլի, մոտ 100 հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս:

2017թ.մարտի 15-ի դրությամբ շրջանում կատարվել է 10 հա կարտոֆիլի, 5 հա բանջարաբոստանային մշակաբույսերի  ցանքս: Գարնանացանի աշխատանքները շրջանում քայլ առ քայլ առաջ են ընթանում:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.