Logo
Print this page

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ

Արցախի  Հանրապետության կառավարության փետրվարի 15-ի նիստում հաստատվել է առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամ զինվորականների կողմից սպառված էլեկտրական էներգիայի և գազի դիմաց պետական սուբսիդավորման ծրագիրը: 

 Ինչպես տեղեկացրեց Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նվեր Գրիգորյանը, համաձայն այդ որոշման՝ շրջանում սկսվել է նշված ծրագրի շրջանակներում քաղաքացիներից  դիմումների ընդունումը: Հադրութի շրջանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում հաշվառված են 14 առաջին և 115 երկրորդ կարգի  հաշմանդամ զինվորականներ: 2017 թվականի մարտի 29–ի դրությամբ  տարածքային գործակալություն են դիմել 110 հաշմանդամ զինծառայողներ  սպառված էլեկտրական էներգիայի և գազի դիմաց պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար: Ստացված բոլոր դիմումները մուտքագրվել և գրանցվել են, ստուգվել է պահանջվող  փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը,  յուրաքանչյուր  հաշվառուի համար կազմվել են առանձին գործեր: Ըստ հաստատված կարգի՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը  շահառուների ցուցակները և համապատասխան ֆինանսական հայտերը  կներկայացվեն Արցախի  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժին: Մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը  դիմողները փոխառություն  կստանան  հունվար ամսից, իսկ այն քաղաքացիները, ովքեր դիմել են մարտի 31-ից հետո,  փոխհատուցում կստանան հաջորդ ամսվա 1-ից, նշեց Նվեր Գրիգորյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ  աջակցությունը տրամադրվում է շահառուի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով ամսական 60 կվ/ժամ էլեկտրական էներգիայի և 10 խոր. մետր գազի դիմաց, իսկ այն բնակավայրերում, որոնք գազիֆիկացված չեն, աջակցությունը  տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի ամսական 78 կվ/ ժամ էլեկտրական էներգիայի դիմաց: Ծրագիրն իրականացվում է սոցիալական հիմնադրամի ծրագրի հետ համատեղ: Գումարները կփոխանցվեն բանկերում բացված ընկերությունների հաշիվները, որը և մուտքագրվելու է բաժանորդի դիմային հաշիվը: Գումարները կփոխանցվեն կուտակային պայմանով, յուրաքանչյուր ամիս: Ավել փոխանցված գումարները կծախսվեն հաջորդ ամսում: Տարվա կտրվածքով մնացորդում մնացած գումարները կփոխանցվեն  պետական բյուջե: Տարվա ընթացքում շահառուի ընտանիքի հետ կատարվող փոփոխությունների մասին (ամուսնություն, ծնունդ, ամուսնալուծություն և այլն)  5 օրվա ընթացքում շահառուն պետք է տեղեկություն ներկայացնի  սոցիալական ծառայության տարածքային գործակալություն:

Արցախի կառավարության կողմից ընդունված այս որոշումը ևս մի կարևոր պայման է հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցելու գործում: 

 

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.