[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊԱՀՈՎԵՆՔ ՆԵՐԿԱ ՈՒ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՆ

Հարցազրույց Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ

 -Պարոն Մելքումյան, ինչպիսի՞ն էր 2016 թվականը շրջանի համար։

-2016 թվականին Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատանքային գործունեությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում գործող օրենքներին, կառավարության որոշումներին համապատասխան և ուղղված էր շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը,  հասարակական-քաղաքական կայուն իրավիճակի պահպանմանը, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016-ին, շրջանում առաջընթաց է արձանագրվել բոլոր ճյուղերում։ Նախ կներկայացնեմ վիճակագրական տվյալներ բնակչության թվաքանակի վերաբերյալ. 2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն  կազմել է 18248 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 128-ով։ 

 Այժմ կներկայացնեմ առաջընթացն՝ ըստ ոլորտների. 2016թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 14 մլրդ 195 մլն 436 հազար 590 դրամ, այդ թվում   բուսաբուծությունում՝ 8 մլրդ 175 մլն 794 հազար  դրամ, անասնապահությունում՝ 6 մլրդ 19 մլն 641 հազար  դրամ։ Նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական համախառն արտադրության աճը կազմել է 5,1 տոկոս։ 2016թ. շրջանում առաջին անգամ արտադրվել է 29648 տոննա հացահատիկային մշակաբույսերի բերք, միջին բերքատվությունը կազմել է 25 ց/հա։ Նախորդ տարվա համեմատ հացահատիկի արտադրությունը ավելացել է 4648 տոննայով, արտադրվել է 3742 տոննա բանջարեղեն, 350 տոննա խաղող, 911 տոննա կարտոֆիլ։ Մթերվել է 152 տոննա արքայանարինջ, 1178 տոննա նուռ, որոնք նախորդ տարվա ծավալները գերազանցել են համապատասխանաբար 42 և 17 տոկոսով։ 

 2016թվականին որոշակի աշխատանքներ են տարվել առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։   Կաթիլային եղանակով ոռոգման աշխատանքներ են  կատարվել  շրջանի Ասկերան, Իվանյան և Բերքաձոր համայնքներում՝ ընդամենը 23,5 հա։ Շրջանի մի շարք համայնքներում այգիների ոռոգման կաթիլային համակարգի հիմնադրման համար հայտավորված է շուրջ 133,2 հա։ Գործընթացը շարունակվում է։ 

2016թ. շրջանի պետական բյուջեն կազմել է 1 միլիարդ 716 մլն 922 հազար, որը նախորդ տարվա համեմատ ավել է 14 մլն 198 հազար դրամով, իսկ  համայնքների բյուջեներով նախատեսված 147 մլն 279 հազար դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 142 մլն 575 հազար դրամ, կամ սեփական եկամուտների հավաքագրման առաջադրանքը կատարվել է 96,8 տոկոսով՝ նախորդ տարվա 92,8 տոկոսի դիմաց, սեփական եկամուտների հավաքագրման պլանը գերակատարել է 34 համայնք։

Իրականացվել են  527,7 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից բնակարանային շինարարություն՝ 198,9 մլն դրամ,  կրթության ոլորտ՝ 39,9 մլն դրամ,  մշակույթի և սպորտի ոլորտ՝ 39,7 մլն դրամ, հասարակական նշանակության օբյեկտներ՝ 54,9 մլն դրամ, ջրամատակարարում և ոռոգում՝  45 մլն դրամ, ավտոճանապարհների վերակառուցում, վերանորոգում  և պահպանում՝ 91,3 մլն դրամ, ՙՀայաստան՚ համահայկական  հիմնադրամի հետ համաֆինանսավորվող օբյեկտներ՝ 58 մլն դրամ։ Շահագործման  է  հանձնվել  Իվանյանի  մանկապարտեզի շենքը, վերակառուցվել են Ասկերան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի հ. 10ա բազմաբնակարան շենքի տանիքը, Ծաղկաշատ, Նախիջևանիկ ու Վարդաձոր գյուղերի ջրամատակարարման ներքին ցանցերը, բարեկարգվել է Ասկերանի քաղաքային զբոսայգու տարածքը, կառուցվել է նոր խաղահրապարակ։ Ընթացքի  մեջ  են  Ասկերան  քաղաքի  արվեստի  դպրոցի  շենքի,   Սարուշենի և Նորագյուղի մանկապարտեզների, Իվանյանի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները, նախատեսվում է Խնձրիստանի ու Քռասնու համայնքային կենտրոնների և Ուղտասար համայնքի դպրոցական շենքերի կառուցումը, իսկ աղետից  տուժած  բնակելի  տների  վերականգնմանն  աջակցելու  նպատակով  թվով 98 ընտանիքների  տրամադրվել  է համապատասխան  շինանյութ՝ 15 մլն  դրամ գումարի  չափով։

Համայնքների ղեկավարների, շրջվարչակազմի կրթության և սպորտի  բաժնի հետ համագործակցության արդյունքում դպրոցահասակ տարիքի երեխաները լրիվությամբ ընդգրկվել են ուսումնական հաստատություններում, շրջանում գործում է 32 հանրակրթական դպրոց, որից 24-ը՝ միջնակարգ, 8-ը՝ հիմնական, գործում է նաև 6 մասնաճյուղ դպրոց։ Աշակերտների թիվը շրջանում 2370 է, որը նախորդ տարվա համեմատ ավել է 31-ով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  դպրոցական օլիմպիադայի կազմակերպմանը։ 2015-2016 ուսումնական տարում օլիմպիադայի շրջանային փուլին մասնակցել է 295 աշակերտ, նրանցից   47-ն իրավունք է ստացել մասնակցելու հանրապետական փուլին։ Շրջանը հանրապետությունում զբաղեցրել է 3-րդ տեղը։

2016թ. կազմակերպվել և անցկացվել է  մարզական 11 առաջնություն,  կազմվել են հավաքական թիմեր,  որոնք  հանրապետական առաջնություններում գրավել են առաջնակարգ  տեղեր։

Մշակույթի և երիտասադրության բաժնում ևս առկա են դրական տեղաշարժեր։  Հաջողություններ և ձեռքբերումներ են արձանագրվել հանրապետական մշակութային մրցույթներում։ ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթում շրջանի համայնքները տարբեր անվանակարգերով զբաղեցրել  են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը, իսկ   Աստղաշեն համայնքն   արժանացել է ՙԼավագույն գյուղական մշակութային համայնք՚ անվանակարգին։

2016թ. զգալի աշխատանքներ են իրականացվել պետական նպաստների նշանակման ու վճարման գործընթացի բարելավման ուղղությամբ, շարունակվել է պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորումը, որը  կազմել է 415 մլն 193 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 20 մլն 9 հազար դրամով,  շրջվարչակազմ դիմած 96 քաղաքացիների հատկացվել է 2 մլն դրամի ֆինանսական օգնություն։

-Ավարտվեցին համայնքների ղեկավարների 2016 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ  ժողովները։ Ի՞նչ թերություններ ու բացթողումներ են գրանցվել համայնքներում։

-Մինչ հաշվետու ժողովներին անցնելը՝ մի քանի խոսք տարածքային կառավարման մասին։ 

Շրջվարչակազմի ղեկավարի կողմից կատարվել է քաղաքացիների 420 ընդունելություն՝ նախորդ տարվա 395-ի դիմաց, քննության  է առվել 413 դիմում։

Համայնքներում կայացվել են ավագանու 316 նիստ և 51 ընդհանուր ժողով, որոնցում քննարկվել է 961 հարց։

ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի  պահանջների և ԼՂՀ կառավարության կողմից հաստատված աշխատանքային ծրագրի համաձայն շրջանի բոլոր համայնքներում իրականացվել է վարչական հսկողություն։ Ստուգումների արդյունքներով կազմվել են համապատասխան տեղեկանքներ և ներկայացվել ԼՂՀ կառավարության աշխատակազմ։ 

2017թ. փետրվար ամսում անցկացվել են համայնքների ղեկավարների հաշվետու ժողովները և բնակչությանն են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2016թ. կատարված աշխատանքները, իսկ բնակչության կողմից արված առաջարկություններն ու դիտողություններն ընդհանրացվել են շրջվարչակազմում։ Շրջանային մակարդակում լուծվող հարցերի առնչությամբ շրջվարչակազմի ղեկավարի կողմից տրվել են հաձնարարականներ ու սահմանվել ժամկետներ՝ հարցերի լուծման ուղղությամբ, իսկ վերադասի կողմից լուծում պահանջվող հարցերն ուղարկվել են ԼՂՀ կառավարություն։

-Ի՞նչ անելիքներ ու ծրագրեր կան առաջիկայում։

-Ձեռքբերումների հետ մեկտեղ շրջանում կան որոշակի խնդիրներ, որոնք, համոզված եմ, ևս կգտնեն իրենց  լուծումները։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ  2017թ. շրջվարչակազմի աշխատակազմի գործունեությունը իրականացվում  է տարվա աշխատանքային ու հիմնական միջոցառումների պլանների համաձայն, որոնցից կցանկանայի առանձնացնել սահմանադրական բարեփոխումներն ու  Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպումը։

-Պարոն Մելքումյան, որպես նախկին զինվորական ի՞նչ կասեք 2016թ. ապրիլյան պատերազմի մասին։

-Շրջանի բնակչությունը քաջ գիտակցում է, որ այսօր էլ մեր բանակը Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորն է։ 2016թ. ապրիլյան դեպքերից անմասն չի մնացել նաև Ասկերանի շրջանը։  Պաշտպանության բանակի հետ համագործակցության շրջանակներում իրականցվել են մի շարք միջոցառումներ։ Զորահավաքի կազմակերպման ուղղությամբ համապատասխան աջակցություն է ցուցաբերվել տարածքային զինկոմիսարիատին։ Վերանորոգվել են Ակնա- Ուղտասար, Խրամորթ - Արմենակավան ռազմավարական նշանակության ճանապարհները։  Զինապարտների հաշվառման, զինվորական ծառայության նախապատրաստման,  զորակոչի կազմակերպման և պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման ու զորահավաքի կազմակերպման մասով իրենց առջև դրված խնդիրները ամենայն պատասխանատվությամբ են կատարել  համայնքների ղեկավարները։

Մեր մարտահրավերը շարունակում է մնալ խաղաղության և անվտանգության ապահովումը։ Մենք պետք է լինենք զգոն, որովհետև Ադրբեջանը չի վերանայում իր մոտեցումները։ Որպես նախկին զինվորական կավելացնեմ՝ եթե ուզում ես ապրել խաղաղությամբ, ապա պատրաստվիր պատերազմի։

-Իսկ ի՞նչ կասեք տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասին։

-Շրջվարչակազմում համագործակցված աշխատանքներ են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ, ապահովվել է նրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հանրային իրազեկումը՝ շրջվարչակազմի աշխատանքային ծրագրի մաս է կազմում և կոչված է հիմնականում լուսաբանելու այդ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, գործընթացները և դրանց արդյունքում սպասվող ակնկալիքներն ու ձեռքբերումները։  Շրջվարչակազմի գործունեությունը լուսաբանվել է շրջանային ՙԲերդ՚ և ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթերում, ինչպես նաև berd-press.info ինտերնետային կայքէջում։ Շրջանում տեղի ունեցող  կարևորագույն իրադարձությունների մասին հաղորդումներ են տեղադրվել Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերում։ 

- Վերջում մեր ավանդական հարցը. Ի՞նչ կմաղթեիք շրջանի բնակիչներին։

-Խաղաղություն ու միայն խաղաղություն։ Տքնաջան ու նպատակասլաց աշխատանքի արդյունքում կարելի է շատ բաների հասնել, իսկ առանց կայուն  խաղաղության ի չիք են դառնում բոլոր ծրագրերը։ Շրջանի բնակիչներն իրենց համախմբվածությամբ ու նվիրվածությամբ Հայրենիքի համար օրհասական պահին մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք են այս հողի լիիրավ տերը և կարող են իրենց կամքը թելադրել  թշնամուն։ Գործենք, արարենք միասնակամ ու միասնաբար՝ ապահովելով ներկա ու գալիք  սերունդների բարեկեցիկ ապագան։ Վստահեցնում եմ, որ այսուհետ ևս  կանենք  ամեն ինչ՝ հանուն Արցախի Հանրապետության հզորացման։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ