[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԳԱԶ՚-Ը ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՒՄ Է

ՙԱրցախգազ՚ ընկերությունը նոր սեփականատեր կունենա: Ընկերության բաժնետերերի միակ սեփականատերը` Արցախի կառավարությունը, մասնավորեցման մրցույթ էր հայտարարել: Ապրիլի 10-ին մրցութային հանձնաժողովը հայտարարեց հաղթողին: Երկու շաբաթվա ընթացքում կստորագրվի մասնավորեցման մասին պայմանագիրը:

 ՙԱրցախգազ՚-ի մասնավորեցման գործընթացը նախատեսվում էր պետական գույքի մասնավորեցման ծրագրով: Կառավարության ներկայացուցիչը վստահեցնում է` մասնավորեցվում է ոչ թե քայքայված, պարտքերի բեռով, այլ կայուն, կառավարելի եւ զարգացման հեռանկարներ ունեցող ընկերություն: ՙՑանկացած խոշոր կազմակերպություն էլ ժամանակ առ ժամանակ ունենում է փոխառու միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն՝ ընթացիկ աշխատանքների, նոր ծրագրերի, երբեմն անգամ՝ աշխատավարձը ժամանակին վճարելու համար: Բնականաբար, ՙԱրցախգազ՚-ն էլ իր աշխատանքների ընթացքում փոխառու միջոցներ գերգրավել է, սակայն պարտքը կառավարելի է: Դրա առկայության փաստը, անշուշտ, հաշվի առել ենք, սակայն դա չէ մասնավորեցման պատճառը՚,- վստեհեցնում է ԱՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Գագիկ Իսրայելյանը:

Սահմանված կարգով մրցույթ է հայտարարվել: Արձագանքել է մեկ կազմակերպություն` ՙՋի Էմ հոլդինգ՚ ՍՊԸ-ն: ՙԿազմակերպությունը մի քանի ամիս առաջ է հիմնադրվել, գրանցված է Արցախում՚,- մանրամասնում է ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը: Մրցույթը կարող է կայանալ նաեւ մեկ մասնակցի առկայությամբ: Մրցութային հանձնաժողովը սահմանված օրը՝ ապրիլի 10-ին, հավաքվել է ՙՋի Էմ հոլդինգ՚ ՍՊԸ-ի առաջարկը քննելու: Հանձնաժողովականները նախ ծրարը փակ լինելու փաստն են արձանագրում, ապա բացում ու սկսում պարունակության քննությունը: Կառավարությունը առանցքային ուղղություններում իր պահանջներն էր ներկայացրել: Դրանցից մեկը 5 տարվա կտրվածքով մեկուկես միլիարդ դրամի ներդրումն է համակարգում: ՙՋի Էմ հոլդինգ՚-ը ավելին է խոստանում` մեկ միլիարդ 505 միլիոն դրամ: ՙՄեր ներկայացրած գործարար ծրագրով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 1 միլիարդ 505 միլիոն դրամի ներդրում իրականացնել՚,- մանրամասնում է ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչը: ՙԱկնկալում ենք, որ այդ ներդրումների շնորհիվ գազամատակարարման համակարգը կթարմացվի, նոր տեխնոլոգիաներ կկիրառվեն՚,- կառավարության ակնկալիքներն է բարձրաձայնում Գագիկ Իսրայելյանը:  Աշոտ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ցանցը բարելավելու, ընդլայնելու ծրագրեր ունեն ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ հանրապետության հեռավոր բնակավայրերում: ՙՊատկան մարմինն ամեն տարի ստուգելու, քննելու է՝ արդյո՞ք սեփականատերը ամբողջական ծավալով է կատարում իր պարտավորությունները՚,- վստահեցնում է Գագիկ Իսրայելյանը:

Կառավարության պահանջների մի հատվածն էլ սոցիալական երաշխիքներին էր վերաբերում: ՙԱրցախգազ՚-ն այսօր մոտ 380 աշխատակից ունի: Այս տարվա աշխատավարձի ֆոնդը կթողնվի անփոփոխ, իսկ աշխատավարձի նվազագույն շեմը կսահմանվի 75 հազար դրամ: Աշխատակազմում կրճատումների  կանխատեսումներ չկան: ՙՋի Էմ հոլդինգի՚ սեփականատիրոջ լիազոր ներկայացուցիչը վստահեցնում է` լավ մասնագետների կարիք միշտ էլ լինելու է: Մեկ այլ երաշխիք սպառողների համար է նախատեսվում. առաջիկա երեք տարվա ընթացքում գազի գինը նրանց համար անփոփոխ կմնա:

Երեք տարի անց էլ կառավարությունը մատակարարվող գազի գինը վերահսկելու գործիքներ կունենա` օրենքով սահմանված գործիքակազմով՝ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջոցով:

Այս պայմանները կհստակեցվեն, կամրագրվեն մասնավորեցման մասին պայմանագրում, որից հետո ընկերությունը կանցնի նոր սեփականատիրոջ կառավարմանը: Պայմանագրի կնքումը նախատեսվում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ