[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՄԱՆԸ

Արցախի ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Կարեն Ներսիսյանը երեկ լրագրողներին ներկայացրեց հանրապետության 2016թ. սոցիալ-տնտեսական վիճակը։ 

 ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 229,7մլրդ դրամ՝ նախորդ տարվա 209.3 մլրդ դրամի փոխարեն։ ՀՆԱ-ի աճի  տեմպը կազմել է ավելի քան 9%։ Առանձնացնելով մի քանի կարևոր ցուցանիշ, Կ. Ներսիսյանը նշեց, որ տնտեսական ակտիվ ցուցանիշի 7,4% աճ է գրանցվել, ինչը  հաջող թիվ է համարվում։

Նրա իրազեկմամբ, վերջին տարիներին վիճակագրության ոլորտում բավականին բարեփոխումներ են իրականացվել, դրանք շարունակվում են ՀՀ համապատասխան կառույցի՝  Ազգային վիճակագրական ծառայության հետ համագործակցությամբ. փոխվում է ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը, նոր հետազոտություններ են իրականացվում, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, անցում է կատարվում հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային ձևերին և այլն։ Ըստ Կ. Ներսիսյանի, այս գործողությունները միտված են համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորինս իրական վիճակագրական պատկեր ստանալու համար։

Ներկայացված տվյալների համաձայն` 9,7% աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում: Փաստացի գներով հանրապետությունում թողարկվել է 59  մլրդ  դրամի արդյունաբերական  արտադրանք։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքը աճել է 7,4%-ով. սա վերջին տարիների  ամենալավ ցուցանիշն է այս բնագավառի համար։ Ցուցանիշի աճը պայմանավորված է բուսաբուծության համախառն արտադրանքի ավելի քան  10% աճով։ ՀՆԱ-ի  կառուցվածքում գերակշռող բաժինը  պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի, մսի և կաթի արտադրությանը։ Հանրապետությունում անասնագլխաքանակը և թռչունների քանակը նվազել են։

Ի տարբերություն գյուղատնտեսության, անկում է արձանագրվել շինարարության ոլորտի տվյալներում։ Իրականացվել է ընդամենը 45,7 մլդ դրամի շինարարություն, ինչը 9%-ով պակաս է նախանցյալ տարվանից։

Կ. Ներսիսյանը ներկայացրեց, որ ծառայությունների ծավալն ավելացել է 3,7%-ով։ Արտաքին ապրանքաշրջանառության մեջ արձանագրվել է 7,4% աճ։ Ընդ որում, արտահանումն աճել է 30,6%-ով, իսկ ներմուծումը՝ ընդամենը 1,7%-ով։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ տնտեսության զարգացման մոդելը ճիշտ է ընտրված։

Բնակչության դրամական եկամուտներն ավելացել են 3,6%-ով, ծախսերը  եկամուտներին համաչափ նույնպես աճել են (այն կազմել է 3,3%)։

Սպառողական գների ինդեքսը  98,5% է։

Մարդահամարից հետո որոշակի  ճշտումներ կատարելով, ԱՎԾ-ն  ներկայացրել է բնակչության  թվաքանակը նույնպես: 2016թ. Արցախում մշտապես բնակվող մարդկանց թիվը 146 հազ. է։ Տնտեսապես ակտիվ բնակչության վերաբերյալ 2016թ. տվյալները՝ գործազրկություն, զբաղվածության մակարդակ, հաշվետվության մեջ բացակայում էին, ինչը Կ. Ներսիսյանը բացատրեց նրանով, որ դրանք հաշվարկվում են տնային տնտեսությունների  կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով, և վերջնական ցուցանիշները պատրաստ կլինեն մի քանի ամսից։ Կառույցի ղեկավարն, այնուամենայնիվ, նշեց, որ Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և զբաղվածության գործակալության տվյալներով, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը կազմել է 1403 մարդ։ 

Պաշտոնապես գրանցված գործազուրկների 91,7%-ը կանայք են։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների, գործազուրկների թիվն Արցախում գերազանցում է 8000-ը։

Ֆինանսների և դրամաշրջանառության մասին խոսելով, Կ. Ներսիսյանն  ասաց, որ 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի եկամուտները կազմել են  34,7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ համախմբված բյուջեի եկամուտները նվազել են 1,8%-ով։

2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության  տարածքում գործող առևտրային բանկերի տվյալների, վարկերը կազմել են 118,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 17,9%-ով, ներգրավված ավանդները կազմել են 74,5 մլրդ դրամ։ Նշվեց, որ անցյալ տարվանից առաջին անգամ ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր որոշ ֆինանսական տվյալներ պաշտոնապես երկուստեք տրամադրելու մասին, այդ թվում կարևոր այսպիսի ցուցանիշներ մեր տնտեսվարող սուբյեկտների կողմից. ՀՀ բանկային  սուբյեկտներում դրամաշրջանառության ծավալների, վարկային ներդրումների, դեպոզիտների, Ղարաբաղ մուտք գործող  ոչ պաշտոնական  տրանսֆերտների մասին և այլն։

Հանրապետության տարածքում բնակչության բնական աճը կազմել է 1249 մարդ։ ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների քանակը 880 մարդ էր 2015 թ.-ին, 2016-ին` 527: Մեկնողներն ավելացել են 817-ով, նախանցյալ տարվա 589 մարդու փոխարեն։ 

Սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում։ Ըստ ԱՎԾ-ի ուսումնասիրություների, սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքների գնանկման, սպառման կառուցվածքի, առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության փոփոխմամբ։ 

Լրագրողների խնդրանքով ներկայացվեց նվազագույն պարենային զամբյուղը. այն 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 30444 դրամ։ Սպառողական նվազագույն զամբյուղը 53886  դրամ է։ Լրագրողների հարցին ի պատասխան, թե ՀՀ-ում և այստեղ նույն մեթոդաբանությա՞մբ են կատարվում հետազոտությունները, Կ. Ներսիսյանը նշեց, որ ՀՀ վիճակագրական համակարգը համարվում է լավագույններից մեկը, և ԼՂՀ-ում կիրառում են հայաստանյան պրակտիկան։  Խոսելով համակարգում պարբերաբար  իրականացվող բարեփոխումների մասին, Կ. Ներսիսյանն ասաց, որ դրանք  անհրաժեշտ են և միտված են հնարավորինս  ճշգրիտ, հավաստի տվյալների ստացմանը, երկրի սոցիալ-տնտեսական իրական  պատկերի արտացոլմանը։

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ