Logo
Print this page

ՋՐԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍԱՆ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻՆ. 42 ՀԵԿՏԱՐԸ ՍԿԻԶԲՆ Է

Եթե տարիներ առաջ որեւէ մեկն ասեր, թե հնարավոր կլինի Արցախում անգամ բջջային հեռախոսի օգնությամբ տասնյակ կիլոմետրերի հեռավորությունից այգի ոռոգել՝ լավագույն դեպքում նրան կատակասեր կհամարեին, վատագույն դեպքում՝ ֆանտազյոր:

Այսօր դա իրականություն է: Բերդաշենցի մի քանի այգեգործ արդեն գրեթե հասել են անհավանական թվացող այդ հնարավորությանը: Այգին ջրախնայող համակարգով են ապահովել՝ իր ենթակառուցվածքներով: Պետական նոր ծրագրի հերթական արդյունքին նաեւ վարչապետ Արայիկ Հարությունյանն է ծանոթացել՝ հենց տեղում էլ մասնագետներից ու գյուղոլորտի պատասխանատուներից պարզաբանումներ ստանալով նոր համակարգի աշխատանքի նրբությունների ու առավելությունների մասին:

Բերդաշենցի Աղաջանյան եղբայրները տարիներ առաջ են սկսել այգեգործությամբ զբաղվել: ՙՍկսել ենք մոտ 10 հեկտարից, այսօր արդեն շուրջ 60 հեկտար այգի ունենք՚,- տեղեկացնում է Սարմեն Աղաջանյանը: Այգու մի մասը, այսպես ասած` ՙինտերնացիոնալ՚ հատվածն է. այստեղ կողք կողքի հաշտ ու համերաշխ բազմաթիվ պտղատու ծառատեսակներ են աճում: Առանձնահատուկ ուշադրության է արժանանում նռենիներին հատկացված հատվածը: Այն եղբայրների 60-հեկտարանոց այգուց 55 հեկտարն է կազմում: Աղաջանյանները հավակնում են ամուր դիրքեր գրավել Արցախում նռան արտադրությամբ զբաղվողների առաջին շարքերում: Ընդ որում, խոսքը միայն քանակի մասին չէ: Նաեւ այգում ներդրված տեխնոլոգիաներն են Արցախի համար նորույթ: Աղաջանյանները ոռոգման ջրախնայող համակարգ են տեղադրել: Փորձնական աշխատանքներն ավելի վաղ են արվել: Պաշտոնական շնորհանդեսին մասնակցել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ շրջվարչակազմերի ղեկավարների եւ կառավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ: ՙԻհարկե, սա Արցախում ջրախնայող համակարգերի ներդրման առաջին փորձը չէ,- մանրամասնում է գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:- Նախորդ տարի նման համակարգ ենք տեղադրել ծխախոտի ցանքսերում եւ համոզվել՝ արդյունավետ է: Բնականաբար, նաեւ անցած տարվա դրական փորձն է նպաստել, որ ծրագիրը շարունակվի եւ ընդլայնվի՚: Ա. Մխոյանը ոռոգման ոլորտում արդիական համակարգերի հետ նաեւ արդիական մոտեցումների ներդրումն է համարում գյուղատնտեսության հետագա զարգացման կարեւոր նախապայմանը: Այն անգամ հեռակառավարմամբ կարգավորելու հնարավորություններ ունի: Համակարգը ոչ միայն հնարավորություն կտա սահմանված քանակով ջուրը բույսերից յուրաքանչյուրին հասցնել, այլեւ կարող է օգտագործվել ծառերի սնուցման եւ բուժման նպատակներով: Նախաձեռնության հեղինակ Աղաջանյան եղբայրները գնահատում են նորույթի հնարավորությունները: ՙՃիշտ է, համակարգը ձեռք բերելու, տեղադրելու համար նախնական որոշակի ներդրում է անհրաժեշտ, սակայն գործարկման առաջին 3-4 տարվա ընթացքում ծախսերը լիովին փոխհատուցվում են՝ մի կողմից ժամանակի, աշխատուժի եւ ջրի խնայողության տեսքով, մյուս կողմից՝ բերքատվության աճով ու բերքի որակով՚,- ակնկալիքները չի թաքցնում Սարմեն Աղաջանյանը: Ակնկալիքները միանգամայն հիմնավոր են, հաստատում է գյուղատնտեսության փոխնախարար Գեւորգ Վերանյանը. ՙԻսրայելում նման համակարգով ապահովված նռան այգին մինչեւ 70 տոննա բերք է տալիս, մենք սպասում ենք, որ այս այգին, որը հեկտարից մինչ այժմ 10 տոննա բերք էր տալիս, ներկայումս կապահովի գոնե 30 տոննա բերք՚: 

Արցախում ջրախնայող համակարգերի ներդրման մասին խոսակցություններն սկսվել էին ավելի վաղ: Նախորդ տարի մասնավոր նախաձեռնությամբ եւ պետական աջակցությամբ առաջին փորձն արվեց ծխախոտագործության ոլորտում: 2016-ին կաթիլային ոռոգման համակարգով ապահովվեց ծխախոտի ցանքսերից մոտ 25 հեկտարը: Այսօր արդեն հանրապետությունում ծխախոտի ցանքսերից շուրջ 80 հեկտարն ապահովված է նման համակարգով: Ծրագրում այգիները ներառելու պլաններն այս տարի սկսեցին իրականանալ: Աղաջանյան եղբայրների այգին առաջին փորձն էր. 60-հեկտարանոց այգու 42 հեկտարն արդեն ապահովված է նոր հնարավորությամբ: Ջրախնայող համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը անհատույց տրամադրում է պետությունը՝ առայժմ որպես փոխառություն, որը, սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով կվերածվի դրամաշնորհի: Իսկ ծախսերի 50 տոկոսը ֆերմերն ինքը պետք է հոգա:  

Մոտ 150 հեկտար այգիների համար հայտեր արդեն կան: Նախագծերը պատրաստ են: Գյուղատնտեսության նախարարությունում հայտերի ընդունումը շարունակվում է: ՙՀայտը ներկայացնելն առաջին քայլն է: Մեր մասնագետներն ուսումնասիրում են, պայմանները ստուգում: Կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում նախագիծ է կազմվում, որի  հիման վրա էլ կատարվում է ֆինանսավորումը՚,-ընթացակարգն է ներկայացնում գյուղատնտեսության փոխնախարարը:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.