[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

altԲնակչության  բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, որ ներառված է ԼՂՀ կառավարության սոցիալական ուղղվածության ծրագրերում,  չնայած դանդաղ, բայց հաստատուն  կերպով  շարունակվում է լուծում գտնել: Առաջնահերթությունը  տրվում է Արցախյան  պատերազմում  զոհված և հաշվանդամ զինծառայողների,  Մեծ Հայրենականի   վետերանների  ու սոցիալապես  անապահով  ընտանիքներին:
 Այդ առումով  պատկառելի  է Ստեփանակերտի քաղաքապետարանի` բնակարանային  արտոնյալ   հերթացուցակում գրանցված անձանց թիվը: Ամեն տարի տասնյակ  ընտանիքներ  բարելավում են  իրենց բնակարանային  պայմանները  (հատկանշական  է, որ բոլորովին վերջերս ավելի քան 90 ընտանիքներ ՙԱրցախ՚ նորակառույց թաղամասում բնակարանամուտ տոնեցին): Այնուամենայնիվ,  պատերազմի ծանր  հետևանքները  հաղթահարող  երկրի  համար խնդիրը դեռևս մնում է վերջնականապես չլուծված:
Հաշվի առնելով այդ իրողությունը և շահագրգռված, մասնավորապես, երիտասարդ ընտանիքների բնականարային  պայմանների բարելավմամբ,  գործադիրը 5 տարի առաջ սկսեց հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների ձեռքբերման ծրագրի իրականացումը: Ծրագիրը միանգամայն  հուսադրող է, ու հեռանկարում այդ  ուղղությամբ  ձեռնարկվող քայլերն, անշուշտ, կտան իրենց արդյունքը: Ըստ  Արցախի ներդրումային հիմնադրամի  գլխավոր տնօրեն  Արտակ Միրզոյանի, հիփոթեքային ծրագրի  արդյունավետությունը միանգամայն հիմնավոր է: 
Բնակարաշինարարության ընդլայնմանն ու զարգացմանն էր միտված Հիմնադրամի կողմից 2008 թվականից հիփոթեքային վարկավորմամբ իրականացվող ծրագիրը, ինչը քաղաքացիներին հնարավորություն է տալիս  պետական աջակցությամբ  (բանկերի ֆինանսավորմամբ)  բնակարաններ  ձեռք բերել, վերանորոգել կամ կառուցել առանձնատներ: Իսկ  աջակցությունը  ցուցաբերվում է հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ, ինչպես և նպատակային  փոխառությամբ` կանխավճարների  տրամադրման կարգով: ՈՒ,  բնականաբար, բավականին խոսուն են ցուցանիշները: 2008-2011թթ. բնակարան գնելու նպատակով վարկավորվել է 274 ընտանիք` 3,1 մլրդ դրամի  չափով, 23 հազար 938 քառ. մետր բնակմակերեսով: Ընդ որում, 32 ընտանիք  բնակարան է ձեռք բերել  նորակառույց  շենքերից: Եթե հինգ տարի առաջ Հիմնադրամն այդ նպատակով  աջակցություն է ցուցաբերել 55 ընտանիքի` 661մլն դրամի  չափով, ապա 2011-ին վարկավորման գումարի  չափը կազմել է ավելի քան 1մլրդ դրամ, և բնակարան է ձեռք բերել 92 ընտանիք: Հիմնադրամի  գլխավոր  տնօրենը ևս մեկ   ուշագրավ փաստ արձանագրեց. տարեցտարի  աճում է  քաղաքացիներին`   բնակարան գնելու համար տրամադրվող վարկերի  սուբսիդավորման  չափը: 
Այն հարցին, թե վարկառուներն ավելի շատ  գերադասում են  բնակարան գնել բազմաբնակարան շենքերի±ց, թե± առանձնատուն կառուցել, Հիմնադրամի ղեկավարը պատասխանեց, որ բնակարաններ նախընտրում են ձեռք բերել գլխավորապես  քաղաքաբնակները, իսկ գյուղական  բնակավայրերում  և մասամբ  շրջկենտրոններում  նախապատվությունը  տալիս են  առանձնատների  կառուցմանը: Գաղտնիք չէ նաև այն իրողությունը, որ  հատկապես վերջին շրջանում անհամեմատ  աճել է նոր բնակարան և  առանձնատուն գնել կամ   կառուցել ցանկացող երիտասարդ  ընտանիքների թիվը, ինչի մասին  վկայում են Ներդրումային հիմնադրամի պաշտոնական  տվյալները:
2008-2011թթ. ընթացքում վարկավորվել է շուրջ 130 ընտանիք` 1 մլրդ 200մլն դրամ գումարի չափով` 21.761 քառ . մետր մակերեսով տներ կառուցելու  նպատակով: Եթե 2008-ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ընդամենը 11 ընտանիքի  և վարկային գումարը կազմել է 73 մլն դրամ, ապա միայն 2011թ. հիփոթեքային  վարկից օգտվել է 46 ընտանիք, ծրագրի շրջանակում  վարկառուներին  հատկացված գումարի չափը կազմել է շուրջ 480մլն դրամ:
Արտակ  Միրզոյանի հավաստմամբ, նույն ժամանակահատվածում (2008-2011թթ.) բնակարանների վերանորոգման համար  Հիմնադրամի կողմից վարկավորվել է 2մլրդ  600մլն դրամի  գումար: Իսկ թե աճի տեսակետից որքանով են խոսուն թվերը, դրանում  համոզվելու համար բավական է համեմատել արդյունքները: 5 տարի առաջ բնակարանների վերանորոգման համար վարկ է  ստացել 125 ընտանիք: 2011-ին  գրեթե կրկնապատկվել է  բնակարանի   կարիք ունեցող վարկառուների թիվը: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել  238 ընտանիքի: Ըստ որում, ծրագրի  շրջանակում ծախսված գումարի  չափը գերազանցել է 800մլն դրամը: Տարեկան տոկոսադրույքների  սուբսիդավորումը կազմել  է 90մլն դրամ: 
Հիմնադրամի  գլխավոր  տնօրենը ևս մի ուշագրավ փաստ ներկայացրեց. հանրապետության  շրջաններում  կառույցը 2010 թվականից քաղաքացիներին բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու նպատակով աջակցության  ծրագիր է իրականացնում ` նրանց  հնարավորություն ընձեռելով բնակարանի տեր դառնալու համար 5 տոկոս կանխավճար վճարել ու տարեկան 1 տոկոսի չափով  փոխառություն  ստանալ` մինչև 18 տարի մարման ժամկետով: Մեկ տարվա ընթացքում ծրագրից օգտվել են  98 քաղաքացիներ, որոնցից 82-ը ցանկություն է հայտնել բնակարան գնել Շուշի քաղաքում: Միևնույն ժամանակ 52 ընտանիք բնակարան ձեռք բերելու նպատակով ստացել է  փոխառություն` շուրջ 600 մլն դրամի չափով:
ՙ2009 թվականի ապրիլից, գյուղաբնակ քաղաքացիների  բնակարանային  պայմանների բարելավման նպատակով, գործում է նաև պետական ֆինանսական աջակցության ծրագիրը, որի  շրջանակներում արտոնյալ պայմաններով նպատակային  փոխառությունների տրամադրմամբ աջակցություն է ցուցաբերվում բնակչությանը՚,-տեղեկացնում է Ա. Միրզոյանը և փաստում, որ միայն  երկու տարում ֆինանսական  աջակցություն են ստացել մոտ 350 ընտանիքներ: Հիփոթեքային  ծրագրից օգտվողների 60 տոկոսը բաժին է ընկնում Ստեփանակերտին, 18 տոկոսը` շրջկենտրոններին: Գյուղաբնակների միայն 12 տոկոսն  է, որ օգտվել է արտոնյալ պայմաններից: Հիմնադրամի  ղեկավարը հավելեց նաև, որ 2008թ. հիփոթեքային  վարկավորմամբ, իրացնելու նպատակով ՙԲնակարանների կառուցում՚ ենթածրագրի շրջանակներում   Ստեփանակերտում  ու շրջկենտրոններում   իրականացվում  են բնակելի  շենքերի և առանձնատների  կառուցման աշխատանքներ: Ընդ որում, երեք տարում ավելի քան 4,5մլրդ դրամի շինարարական  աշխատանք է կատարվել: Ստեփանակերտի ՙԱրցախ՚ թաղամասում  շահագործվել է թվով 215 բնակարան` 16,4 հազար  քառ.  մետր բնակտարածքով, որից շուրջ  140-ի  ֆինանսավորումը  կատարվել է Հիմնադրամի կողմից: Ասկերան քաղաքում կապիտալ վերանորոգման է ենթարկվել  և իրացվել  64¬ բնակարանոց մեկ բնակելի շենք: Ավարտվելու վրա են Մարտունի քաղաքում  7  առանձնատների, իսկ Մարտակերտում` 18¬ բնակարանոց շենքի շինարական  աշխատանքները: Շուտով  կավարտվի նաև  Շուշիում 48-բնակարանոց  շենքի և գյուղական  բնակավայրերում` բազմազավակ  ընտանիքների  համար կառուցվող  29 առանձնատների  շինարարությունը:
Ա. Միրզոյանի հավաստմամբ, ծրագրի շրջանակում զգալի թվով  բազմաբնակարան  շենքեր ու առանձնատներ են նախատեսվում կառուցել  նաև  2012 թվականին: Ասել է թե`  գործընթացը  շարունակական է, քանի որ բնակարանի կարիք  դեռ շատերն  ունեն, մասնավորապես` երիտասարդ ընտանիքները: Իսկ ռազմավարական նշանակություն ունեցող խնդրի լուծումը, որ համալիր  մոտեցում է պահանջում  իշխանություններից, մեկ-երկու տարում, բնականաբար, անհնար է վերջնական  ավարտին հասցնել: Այդ ուղղությամբ ձեռնարկվող  քայլերը հենց վերոնշյալ նպատակի իրագործմանն են  միտված:
Հավելենք, որ հիմնադրամը միաժամանակ  նպաստում է հանրապետությունում  ձեռնարկատիրության ընդլայնմանն ու զարգացմանը`  տրամադրելով արտոնյալ վարկեր: Միայն անցյալ տարի,  սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, կառույցի     կողմից այդ նպատակով ցույց է տրվել շուրջ 1,4 մլրդ դրամի պետական աջակցություն:
 
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ