[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԵՐՔԻ ՏՈՆԸ՚՝ ՅՈԹԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 8-ին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կայացավ արդեն ավանդական դարձած 7-րդ ՙԲերքի տոնը՚։

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն էր տրվել ցուցադրելու և վաճառելու արտադրածը։  Այստեղ յուրաքանչյուր շրջան ուներ իր տարածքը։ 

Ինչպես միշտ, այս անգամ էլ ներկայացված բերք ու բարիքն օրհնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Այնուհետև, Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, երկրի պետական այրերը շրջեցին տոնավաճառի տաղավարներով։ Հանրապետության ղեկավարն անմիջապես  արտադրողներից հետաքրքրվեց վաճառքի հանված գյուղմթերքների և վերամշակված բարիքների արտադրությամբ: 

Տեղեկացվեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մոտ 250 նոր տաղավար է ավելացվել։ Արցախի բոլոր շրջանների 167 համայնքներից մասնակցում են հազարից ավելի հայտատուներ։ Վաճառքն իրականացվում է շուկայականից 15-20 տոկոսով ցածր գնով, քանի որ ԱՀ գյուղնախարարությունը հոգացել է ճանապարհածախսը, ինչպես նաև հատկացրել առանձին տաղավարներ։ Ինչպես միշտ, այս անգամ ևս լավագույնս էր ներկայացել Քաշաթաղի շրջանը։ Այցելուների համար իրականացվում էր հյուրասիրություն։ Հատուկ տեղ էր հատկացված գյուղատնտեսական կենդանիների համար։ Այստեղ նաև հովիվներն էին՝ յափնջիներով ու մորթե գլխարկներով։ Մոտ 40կգ քաշ ունեցող դդումի վրա քանդակված էր շրջանի առաջընթացը խորհրդանշող տեսարան (քանդակագործ՝ Տաթև Բաբայան)։ Տոնավաճառին շրջանից մասնակցում էր շուրջ 500 մեքենա։ ՙՆերկայացրել ենք 60-ից ավելի ապրանքատեսակներ։ Քանի որ մեր շրջանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում, փորձել ենք այս տարի հետաքրքրություն մտցնել՝ ներկայացնելով հնդկական, սիրիական, լիբանանյան, ասորական, ռուսական խոհանոցներ՝ համապատասխան ազգերի ներկայացուցիչներով՚,-տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը։ Շրջանի Ալաշկերտի գյուղական համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանն իրազեկեց, որ համայնքը ներկայացել է 18 մեքենայով, բերել են մոտ 10տ տարբեր տեսակի բերք ու բարիք։ Առևտուրը լավ էր ընթանում։ Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ 10-ից ավելի ընտանիք է մասնակցում տոնավաճառին, բերել են իրենց տարածքում արտադրվող միրգ ու բանջարեղեն, նաև տնական օղի, գինի։ Բացի գյուղմթերքից, համայնքը ներկայացել էր նաև քաղաքում գործող արտադրամասում ստեղծված ձեռքի աշխատանքներով, որոնցով հետաքրքրվեց նաև հանրապետության Նախագահը։ Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լիլիթ Տոնոյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ ցուցադրում և վաճառում է իր կողմից արտադրված օճառներ, յուղեր, որոնք  ստեղծվել են տարբեր բույսերից ու ծաղիկներից։ Երիտասարդ ուսուցչուհին նշեց, որ վաճառքից ստացված գումարն օգտագործվում է հայրենի գյուղի և այլ կրթօջախներում ստեղծագործարանների կառուցման համար։ Առանձին տաղավարով հանդես եկող ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության երիտասարդ թևը ներկայացել էր Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում արտադրված բարիքներով։ Այս գյուղի բնակիչ Արկադի Խաչատրյանը և որդին՝ Արենը, արդեն 10 տարի է, ինչ զբաղվում են այգեգործությամբ։ Ունեն 14հա նռան և 3հա այլ մրգատու (խնձորենի, տանձենի, թզենի, դեղձենի, հոնի) այգիներ։ Արտադրում են նաև ՙԽնդողնի՚ տեսակի խաղող, որի մի մասն արտահանվում է ՀՀ Արմավիրի մարզ, իսկ մնացածից արտադրում են ՙԽրամորթ՚ գինի։ Հադրութի շրջանից ՙՄեծ Թաղեր՚ ՍՊԸ տնօրեն Գարիկ Ոսկանյանն ասաց, որ իրենց ընկերությունն ընտանեկան է, ունի 1 տարվա պատմություն, 4 աշխատող։ Տեղական մրգերից արտադրում են մուրաբաներ, չրեղեն, որոնք էլ ներկայացրել են տոնավաճառին: 

Մարտունու շրջանը ներկայացել էր նաև տարածքում գործող գործարանների արտադրանքով՝ ալկոհոլային խմիչքներ՝ տարբեր տեսակի գինիներ և օղիներ։ Ներկայացված էին նաև Մարտունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները։ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի բնակիչները բերել էին հիմնականում պանիր ու  մեղր, նաև՝ խնձոր, լոբի և այլ մթերքներ։ 

Տոնավաճառն ընթանում էր Ստեփանակերտի և հանրապետության տարբեր շրջաններից եկած մշակութային խմբերի համերգային կատարումներով, ազգային երգ ու պարով։ Կայացավ ևս մեկ կարևոր միջոցառում, որը գոհացրեց և՜ վաճառողին, և՜ գնորդին, և՜ ամենակարևորը՝ օրը դարձավ տոնական: Պատերազմ տեսած մեր ժողովուրդը վստահ է՝ իր պահապան զինվորն ամուր ու անառիկ է պահելու հայրենի սահմանը, իսկ հողագործը բերք ու բարիք է արարելու։ 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ