[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ, ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ

ՙՎանքասար՚ գինին պատրաստվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գտնվող ՙՊիանկ՚  ՍՊԸ-ի կողմից, խաղողի տեղական Խնդողնի տեսակից, որն Արցախում  աճում է հնագույն ժամանակներից:  

Խաղողի այս տեսակի ՙնախահայրը՚ ծառերի բներով սողացող վայրի խաղողն է:  Ընկերության հիմնադիրը մոսկվայաբնակ  գործարար Արտաշես Թովմասյանն է, որը, բացի հիմնական գործունեությունից (նա ավելի քան երկու տասնամյակ  աշխատել է կոնյակագործության և գինեգործության ոլորտում, եղել է Մոսկվայի  գինու-կոնյակի ՙԱրարատ՚ գործարանի արտադրամասի պետը, ապա և՝ կոմերցիոն տնօրենը, Երևանի կոնյակի գործարանի Մոսկվայի  ՙԱրարատ՚ առևտրի տան կոմերցիոն տնօրենը), պրոֆեսիոնալ երաժիշտ է,   Հենրիխ Բարխուդարովի հետ մասնակցել   է ՙՂարաբաղ՚ էստրադային   նվագախմբի ստեղծմանը, եղել է Ստեփանակերտի մշակույթի տան տնօրենի տեղակալ: 

Գինեգործության ոլորտում  Թովմասյանների ընտանիքն ունի խոր և ձևավորված ավանդույթներ: Նրա հայրը՝  Շահեն Թովմասյանը, ողջ գիտակցական կյանքում զբաղվել է գյուղատնտեսությամբ և գինեգործությամբ, 30 տարի աշխատել է ՙՂարգինտրեստի՚ ղեկավար պաշտոններում:  

2009 թվականին ձեռք բերված 9 հա տարածքով այգիները, որից 2 հա-ն նռան այգիներ են, իսկ 7-ը՝ խաղողայգիներ, գտնվում են Կարկառի գետահովտում: Հենց այս հովիտը շրջափակող սարերից մեկի անունով էլ գինին կոչվել է ՙՎանքասար՚: 

Ձեռք բերելով խաղողայգիները և  հիմնադրելով  սեփական գործը՝  ձեռնարկատերն անմիջապես խաղողայգիների տարածքում  կառուցել է գործարան:  

Ընկերության հիմնադիրը գինու ու գինեգործության մասին սեփական համոզմունքներն ունի,  որոնք ձևավորվել են երկարամյա փորձի ընթացքում. նա գտնում է, որ հայ և եվրոպական  գինեգործության ավանդական տեխնոլոգիայով բարձրորակ գինու մեծածավալ   արտադրություն անհնար է կազմակերպել, քանի որ մաքուր, տեխնոլոգիաների ճիշտ կիրառմամբ արտադրության կազմակերպումը մեծ ծավալների դեպքում դժվարանում է: Բարձրորակ գինու համար խաղողը պիտի հավաքվի հատուկ արկղերում, քանի որ այն վերամշակելու նպատակով երկրորդ անգամ  տեղափոխելը բացասաբար է անդրադառնում գինու պատրաստման հետագա ընթացքի վրա:  Ա. Թովմասյանը պատահական չի համարում նաև ձեռնարկության հիմնադրումը խաղողայգու տարածքում, քանի որ գտնում է, որ խաղողի սկզբնական վերամշակումը պիտի սկսել այն քաղելուց  առավելագույնը 4 ժամ հետո: ՙՊիանկ՚ ՍՊԸ-ում սկզբնական վերամշակումը կատարվում է  քաղից մեկ ժամ հետո: 

ՙՎանքասար՚ գինին ընդամենը մեկ տարի է,  ինչ շուկայում է: Այս տարի  կթողարկվի ընդամենը 20 հազ. շիշ, որի հիմնական մասը կիրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Արտադրության ծավալները հետագայում նախատեսում են հասցնել մինչև 30-50 հազ. շշի: Իսկ  գինու որակի, ապրանքի մատուցման՝ պիտակավորման, դիզայնի, գովազդի կազմակերպման հարցերում կատարելագործվելու ու  արտադրությունը զարգացնելու հեռանկարներ կան: Կընդլայնվի նաև գինու տեսականին. ՙՎանքասար՚-ը սպառողին հայտնի է մուգ կարմիր գույնով, իսկ առաջիկա հինգ տարիների ընթացքում  շուկայում կհայտնվի նաև սպիտակ ու վարդագույն, էլիտար  և  նռան  կարմիր  գինի: Հնարավոր է, որ  սկսեն նաև օղու արտադրություն՝ փոքր ծավալներով: 

 ՙՎանքասար՚-ի նուրբ համի ու   ներդաշնակ  բույրի գաղտնիքը Ա. Թովմասյանը բացատրում է գինու արտադրության ավանդական  տեխնոլոգիաների պահպանմամբ,  նոր, ժամանակակից սարքավորումների կիրառմամբ: Մոտ ժամանակներս ձեռնարկության հիմնադիրը պատրաստվում է այն վերազինել իտալական առավել ժամանակակից սարքավորումներով, որը  կարագացնի արտադրական մի շարք պրոցեսներ: Կվերանայվի նաև պիտակի դիզայնավորումը: 

 

 Սրբուհի Վանյան