ՄԱՏԱՂԻՍԻ ՋՐԵՐՈՒՄ ՍԵՎԽԱՎԻԱՐԱՏՈՒ ՁԿՆԵՐ ԵՆ ԽԱՅՏՈՒՄ

Լինել Մատաղիսում և չհետաքրքրվել ձկնաբուծարանի ճակատագրով` թերի գործուղում կլիներ: Այն  արտադրությունով, որի մասին վերջին տարիներս հավակնոտ հայտարարություններ էին հնչում` ՙԱրցախը դառնալու է սև խավիար արտահանող երկիր: Տարեկան արտադրվելու է 15-20 տոննա սև խավիար,  1200-1500տ ձկան միս:

Արցախի գյուղատնտեսության մեջ նոր ճյուղ է ավելացել. հողագործության, անասնապահության, մեղվաբուծության կողքին հայտնվել է ձկնաբուծությունը և այլն՚: Բայց եղավ ապրիլյան պատերազմ, և այդ  հայտարարությունները սկսեցին մարել. արդեն շշուկով ասում էին, որ արտասահմանյան ներդրողների գումարները ջուրն են թափվել, խավիարի արտադրությունը հօդս է ցնդել, ծրագիրը` տապալվել:

Մարտակերտի շրջանի Թալիշի ենթաշրջան մեր գործուղման ժամանակ ցանկացանք  սեփական աչքերով տեսնել այդ ամենը: Գետափնյա տարածքում, բնության համայնապատկերին համահունչ  գույներով փռված է ձկնաբուծարանը, որին գյուղում նաև գործարան են անվանում: Վերևից նայելիս այն թվում է ընկղմված  հսկա ուռկանի մեջ: Ցանցկեն ցանկապատի դուռը փակ գտնելով և մոտակայքում մարդ չտեսնելով` հետ դարձանք գյուղ:  Դպրոցի տնօրենը շատ զարմացավ, որ չենք կարողացել մուտք գործել ձկնաբուծարանի տարածք, քանի որ այն միշտ բաց է լինում: Նրա զանգից հետո և նրա ուղեկցությամբ նորից ուղղվեցինք ձկնաբուծարան, որտեղ նույն ցանցկեն դռան մոտ սպասում էին աշխատակիցները, որոնք էլ մեզ ուղեկցեցին տնօրենի մոտ: 

 Արեն Ուլուբաբյանը մի քանի օր է, ինչ նշանակվել է  Մատաղիսի ձկնաբուծարանի տնօրենի պաշտոնակատար: Հայաստանից է եկել, որտեղ նույն գործի վրա էր: Ստեփանակերտցի երիտասարդ է: Այն տնօրեններից չէ, որ պատրաստի պատասխաններ ունեն լրագրողներին, և երբ ներկայացանք, ասաց`  նախ  գնանք ձկները տեսնելու…  

Շենքը, որտեղ տեղակայված է տնօրենի գրասենյակը,  ծառայում է նաև  որպես կեցության  վայր աշխատողների համար: Իսկ ձկնաբուծարանը, որը վարչական շենքի հարևանությամբ է, ընդհանուր տանիքի տակ բազմաթիվ ջրավազանների  համախումբ է: Տնօրենն ասաց, որ դրանց թիվը 306 է և բոլորի մեջ ձկներ կան: Կարծես նրա ասածները հաստատելու համար  մոտիկ ջրավազաններից մեկի ձկները, որոնք նման էին մեզ ծանոթ ՙՍտերլյադ՚-ներին, հանելով դնչիկները` մի քանի վայրկյան լող տվին ջրի երեսին, ապա մեջքներն ուռցնելով`  ճողփալով նորից սուզվեցին ջրի խորքը: Ա. Ուլուբաբյանն ասաց, որ դրանք ՙՍիբիրյան՚ և ՙՌուսական՚ տեսակի թառափազգիներ են: Այդ տեսակի ձկները  լավագույնն են սև խավիարի արտադրության համար: Իսկ թե ինչպես են դրանք հասել Մատաղիս, Ա. Ուլուբաբյանի պատմածով՝  դրանց ՙճամփորդության՚  աշխարհագրությունն այսպիսին է.  բեղմնավորված ձկները  Գերմանիայից, Ռուսաստանից բերվել են Հայաստան` Արարատի մարզ, որտեղի  ջրերը հարմար են ձկները մեծացնելու համար, իսկ այդտեղից էլ մանրաձկները հասցվել են Արցախ, կոնկրետ` Մատաղիս: Տեղեկացանք, որ Մատաղիսի ձկնաբուծարանի նման երկու ձկնաբուծարան կա Մասիսի շրջանում, որոնք, Ա. Ուլուբաբյանի խոսքով, Մատաղիսում  գործող ձկնաբուծական ՙՖիշ-Կ՚ ընկերության մասնաճյուղերն են: Այսինքն` տնտեսական նպատակներով ընդլայնվել է ձեռնարկության աշխարհագրությունը: 

Իսկ թե ինչու հենց Մատաղիսում և ոչ թե Արցախի մեկ այլ վայրում է հիմնվել գործարանը, Ա. Ուլուբաբյանը պատասխանեց, որ այդտեղի պայմանները ամենահարմարն են ձկնաբուծության և սև խավիարի արտադրության համար:  Երկու   գործոն է հիմնականում ազդում բարձրորակ խավիարի արտադրության վրա` թթվածնով հարուստ մաքուր ջուրն ու համապատասխան ջերմաստիճանը, որոնց Թարթառ գետի  ամենամեծ վտակ Թրղեի ջուրը լիուլի բավարարում է: Նրա մաքուր, թթվածնով հարուստ, ամբողջ տարվա ընթացքում հաստատուն 6-8 ջերմաստիճանի ջուրը  բարեբեր է առողջ, ամրապինդ ձկնկիթ ստանալու համար: 

Ձեռնարկությունը հիմնվել է 2014-ին: Արդեն կատարվել էր ձկների տեղայնացման գործընթացը, դրանք արդեն դարձել էին ՙմատաղիսցի՚, երբ վրա հասան ապրիլյան դեպքերը: Ձկնաբուծարանն ահագին վնաս կրեց, բայց վերականգնվել է, և  այսօր արտադրությունը նորից հունի մեջ է, տեղեկացրեց Ա. Ուլուբաբյանը: Կերերը, ինչպես միշտ, ստանում են արտասահմանից, որոնց վրա,  ըստ ձկների տարիքի, նշված է տրման սխեման: Մանրաձկներն ստացվում և աճում են տեղում: Ջուրը մշակվում է հատուկ տեխնոլոգիաներով: Ոչ մեծ աշխատախումբը հերթափոխով աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Խավիարի արտադրության փորձարկում կատարվել է: 

Ա. Ուլուբաբյանը նաև տեղեկացրեց, որ խոշոր ներդրողները շարունակում են մնալ արտասահմանից: Վերջերս Արցախում էին աշխարհում շատ հայտնի սև խավիարի վաճառքով զբաղվող  մասնագետներ, որոնք համտեսել էին արցախյան խավիարը և հիացել նրա  որակով ու համով,   և պայմանավորվածություն  է ձեռք բերվել նրա արտահանման համար: 

Ա. Ուլուբաբյանի տեղեկատվությամբ` 2018թ. վերջին կտան արտադրանքի առաջին խմբաքանակը, իսկ ձեռնարկությունն իր լրիվ հզորությանը կհասնի 2022-23թթ. ու ՙԱրտադրված է Արցախում՚ մակնշմամբ սև խավիարը, ինչպես նաև ձկան միսը  կհայտնվեն աշխարհի շուկաներում: 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ