[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲՅՈՒՋԵ-2018՚-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբերի 27-ին կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Գալիք տարվա ոլորտային գերակայություններն են ներկայացրել արտգործնախարար Մասիս Մայիլյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը եւ ՙԱզատ Արցախ՚ թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը։ Համատեղ նիստին մասնակցել է նաեւ խորհրդարանի նախագահ  Աշոտ Ղուլյանը։

ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2018-ին արտգործնախարարության առաջնահերթությունները կմնան անփոփոխ, պետական բյուջեից այդ ուղղություններում աշխատանքները կազմակերպելու համար հատկացվող գումարները եւս էական փոփոխությունների չեն ենթարկվի։ ՙԲյուջե-2018՚-ի նախագծով արտգործնախարարությանը շուրջ 786 միլիոն դրամ է նախատեսվում։ Այդ գումարի մեջ ե՜ւ ապարատի ծախսերն են, ե՜ւ արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն ու ծրագրերի համար հատկացված գումարները։ Ոլորտի հատկացումների մոտ 70 տոկոսը հենց ներկայացուցչություններին է ուղղվում։ 2017-ի համեմատ` 2018-ի նախատեսվող որոշակի աճը հենց ներկայացուցչությունների համար է նախատեսված՝ հիմնավորումը արտարժույթի կանխատեսվող տատանումներն են։ Վահրամ Բալայանի, Գագիկ Բաղունցի եւ Հայկ Խանումյանի հարցերը Արտգործնախարարության աշխատանքում տնտեսական բաղադրիչին էին վերաբերում։ Ենթատեքստում՝ դեպի Արցախ ներդրումների հոսք ապահովելն է։ Արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքով՝ արդեն կան սկսված ծրագրեր մի շարք ոլորտներում՝ կրթությունից մինչեւ զբոսաշրջություն։ Դրանց իրականացման հարցում Մասիս Մայիլյանը կարեւոր է համարում հենց ԱԳՆ ստորաբաժանումների ջանքերը։ Զուտ տնտեսական հարցերով զբաղվող առանձին ստորաբաժանում արտգործնախարարությունում չկա։ Բայց կա ծրագիր մոտ ապագայում գոնե աշխատանքային խումբ ունենալ՝ առանց պետբյուջեից լրացուցիչ ծախսերի։

Նիստը համանախագահող Արզիկ Մխիթարյանի հարցը Արգործնախարարության գործընկերների ցանկի մասին է։ Մ. Մայիլյանի խոսքով՝ Հայ Դատի գրասենյակը Արցախի արտգործնախարարության կարեւոր գործընկերն է, բայց ոչ միակը. համագործակցության հաջողված փորձ կա համահայկական այլ կառույցների հետ եւս, նաեւ ոչ հայկական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներն են ակտիվացվում։

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ-2018

Զբոսաշրջության ոլորտին հատկացումը 2017-ից մի փոքր ավելի շատ կլինի՝ 25 միլիոն դրամ։ Ծրագրային առաջնահերթություններն անփոփոխ են։ Մասնակցություն ՀՀ-ում կազմակերպվող զբոսաշրջային ցուցահանդեսներին, արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներին, ունեցած քարոզչանյութերի եւ տեղեկատվական նյութերի թարմացում, 2018-ի ծրագրերն է թվարկել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը։

Նիստը համանախագահողներից Ռուսլան Իսրայելյանի հարցը հայաստանյան շուկայում Արցախի զբոսաշրջային ներուժն ավելի ակտիվ ներկայացնելու անհրաժեշտության մասին էր։ Ս. Շահվերդյանը վստահեցնում է՝ արվում է ունեցած հնարավորություններին համապատասխան։ Նաեւ գաղտնազերծում է. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրերի համար ոչ պետական հատվածից եւս մուտքեր ակնկալվում են։

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության համար 2018-ը նորություններով չի առանձնանա։ 387 միլիոն դրամ հատկացումն անփոփոխ է մնում։ Եթերաժամանակն էլ անփոփոխ կմնա, արդեն ի պատասխան Վահրամ Բալայանի հարցի, մանրամասնել է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը։ 2017-ը ընկերության տեխնիկական վերազինման մասով արդյունավետ է եղել։ Փոփոխությունները շուտով հեռուստադիտողն էլ կնկատի։

ՙԱԶԱՏ ԱՐՑԱԽ՚. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ 

ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Հանրապետական թերթի բյուջեն 2018-ին մոտ 94 միլիոն դրամ կկազմի՝ մնալով 2017-ի մակարդակին։ Սուբսիդավորման գումարն է մի փոքր ավելացել՝ սեփական եկամուտների որոշակի նվազման եւ տպարանային ծառայությունների գնի աճի հիմնավորմամբ։ Վերջին 3 տարվա ընթացքում տպարանային ծախսերը մոտ 45 տոկոսով աճել են, ասվածը թվերով է հիմնավորել ՙԱզատ Արցախ՚-ի գլխավոր խմբագիրը։ Խորհրդարանի նախագահը տպաքանակի վիճակագրությամբ է հետաքրքրվել։ Լեոնիդ Մարտիրոսյանը չի թաքցնում՝ որոշակի անկում կա։ Փոխարենը՝ ավելանում է թերթի էլեկտրոնային էջի այցելուների թիվը։ Օրվա կտրվածքով միջինը՝ 1000 հոգի։

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ