[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵՑ ԵՎ ԸՆԴԳՐԿՎԵՑ ԱՌԱՋԻԿԱ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ

 

 

 

Արցախի խորհրդարանում, համաձայն ԱԺ նախագահի կողմից հաստատված ժամանակացույցի, ավարտվել են ՙԱՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի քննարկումները։

Դրանք անց են կացվել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և մյուս մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ։  

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։ Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարները։ 

Ամփոփիչ նիստում քննարկվել է ԱՀ 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի մասին օրենքի  նախագծի և դրան ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթին եզրակացություն տալու հարցը։ 

Համաձայն օրակարգի՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկատվություն է հաղորդել ՙԼՂՀ բյուջետային համակարգի մասին՚ և դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։   Ըստ նախարարի՝ ներկայացված օրինագծերի փաթեթի ընդունման առաջնահերթությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության բյուջետային համակարգը կարգավորող օրենսդրությամբ՝ 2017թ. փետրվարի 20-ին ընդունված ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու նկատառումներով։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել բյուջետային գործընթացի շրջանակներում Արցախի Հանրապետության Նախագահին, կառավարությանը և վարչապետին վերապահված իրավասությունները, մասնավորապես՝ յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշման ընդունման գործառույթը վերապահվել է կառավարությանը, երկրորդ՝ առաջարկվում է սահմանել, որ պետական բյուջեի նախագիծը, պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը Ազգային ժողով են ներկայացվում ԱՀ Նախագահի կողմից։ Բացի այդ, պետական բյուջեի կատարումն ապահովում է կառավարությունը, ինչպես նաև պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը՝ կառավարության սահմանած կարգով։  

Նշված բոլոր հիմնական իրավակարգավորումներն արդեն իսկ ամրագրված են Սահմանադրությամբ, և, ինչպես ասաց ֆինանսների նախարարը, հիմնական նպատակը դրանք ընդունված կանոններին համապատասխանեցնելն է։ 

Նախագծային փաթեթով առաջարկվում են նաև որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքին կից ներկայացվում են մի շարք այլ օրենքներ, որոնցում կատարված փոփոխությունները նույնպես պայմանավորված են այն հանգամանքով, որ պետբյուջեի նախագիծը ներկայացվում է ոչ թե կառավարության, այլ Նախագահի կողմից։ Դրանք են՝ ՙԳիտական և գիտատեխնկական գործունեության մասին՚, ՙԲնակչության բժշկական սպասարկման և օգնության մասին՚, ՙՖիզիկական կուլտուրայի և սպորտի մասին՚, ՙԼՂՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին՚, ՙԶբաղվածության մասին՚, ՙԹմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին՚ և ՙԿենդանական աշխարհի մասին՚ օրենքները։ 

Օրակարգի երկրորդ հարցը, որ վերաբերում էր մի շարք հարկային օրենքներում նախատեսվող փոփոխություններին ու լրացումներին, ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Արթուր Հարությունյանը։ Նա նշեց, որ հարկային օրինագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է տնտեսության որոշ ոլորտներում գործող արտոնությունների կիրառման ժամկետների երկարաձգման, հարկման մեխանիզմների կատարելագործման, որոշ պատասխանատվության միջոցների վերանայման և օրենքների կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, ՙՀարկերի մասին՚ Արցախի Հանրապետության օրենքի փոփոխությամբ  առաջարկվում է միասնականացնել հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում կիրառվող տույժի դրույքաչափը` սահմանելով 0,075 տոկոսի չափով: Գործող օրենքով մինչև 90 օր ուշացնելու դեպքում կիրառվում է տույժ 0,075 տոկոսի չափով, իսկ 91-365 օրվա համար` 0,1 տոկոսի չափով, և, երկրորդ՝ վերանայել հարկային մարմնի կողմից հարկ վճարողների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների ցանկերը: Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին։

Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է ՙԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը և ներկայացված մյուս նախագծերի փաթեթներն ընդգրկել նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի օրակարգ։

Համաձայն բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, դեկտեմբերի 4-ից խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունները և կներկայացվեն կառավարությանը։ 

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ