[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատախազությունների կոլեգիայի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝  ՙՇրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ դատախազության հսկողության և մեղադրանքի  պաշտպանության վիճակը՚:

Ներկա էին ԱՀ և ՀՀ գլխավոր դատախազությունների ստորաբաժանումների ղեկավարները, ԱՀ բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները։

Կոլեգիայի համատեղ նիստը, որ վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  ողջույնի խոսքով բացեց ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը։

ՀՀ գլխավոր դատախազը կարևորեց նման ձևաչափով աշխատանքները՝ նշելով, որ հայաստանյան կառույցը պարտավոր է տարբեր ուղղություններում կուտակած դրական փորձով ու ձեռքբերումներով կիսվել արցախյան գործընկերների հետ։ Ա. Դավթյանի խոսքով՝ վերջին 4-5 ամիսներին Հայաստանի գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են շրջակա միջավայրի դեմ հանցագործությունները։ ՀՀ-ում այդ ուղղությամբ խոր ուսումնասիրություններ են կատարվել՝ սկսած անտառային հատվածների պահպանության, անտառօգտագործման, զուտ վարչարարության խնդիրներից մինչև նման բնույթի հանցագործությունների քննության և դրանց պատճառած վնասների վերականգնման վերաբերյալ հարցեր, ինչի արդյունքում փոխվել են խնդրո առարկայի հանդեպ մոտեցումները։ ՙԱյսօր բացառիկ կարևորություն ունի շրջակա միջավայրի անվտանգությունը, որի դեմ ոտնձգությունների քրեաիրավական պատշաճ գնահատական տալու, դատավարական ընթացակարգերը համատեղելու, դրանց արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված մեր ջանքերը միատեղելու անհրաժեշտություն կա՚,-ասաց Ա. Դավթյանը։

Երկու հանրապետություններում շրջակա միջավայրի անվտանգությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան և ոլորտում տիրող իրավիճակը ներկայացրին ԱՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության  օրինականության  նկատմամբ հսկողության բաժնի պետ Կարեն  Գաբրիելյանը և ՀՀ  գլխավոր դատախազության  հետաքննության և նախաքննության  օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանը։

Շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրությունն Արցախում ցույց է տալիս, որ 2015 թվականին գրանցվել է նման բնույթի 21 հանցագործություն. ԱՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով՝ ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու 3 դեպք, 305-րդ հոդվածով՝ ապօրինի որսի 9 դեպք և 307-րդ հոդվածով՝ ծառերի, թփերի և բուսածածկույթի ապօրինի հատման 9 դեպք, որոնցով պետությանը պատճառվել է 12մլն 858 հազ. 500 դրամի վնաս, և որից վերականգնվել է 10մլն 155 հազ.-ը, կամ 78,9 տոկոսը։ 2016թ. գրանցվել է նման բնույթի 15 հանցագործություն՝ ԱՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով՝ 4 դեպք, 305-րդ հոդվածով՝ 5 դեպք և 307-րդ հոդվածով՝ 6 դեպք, որոնցով պետությանը պատճառվել է 6մլն 994 հազ. 500 դրամի գույքային վնաս, և որից վերականգնվել է 6 միլիոնը, կամ 85,7 տոկոսը։ 2017թ. 9 ամսվա կտրվածքով հանրապետությունում գրանցվել է նմանատիպ 19 հանցագործություն՝ ըստ համապատասխան հոդվածների՝ ջրային կենդանիների և բույսերի ապօրինի արդյունահանման 7 դեպք, ապօրինի որսի 5 և ծառերի, թփերի և բուսածածկույթի ապօրինի հատման 7 դեպք, որոնցով պետությանը պատճառվել է 12մլն 496 հազ. դրամ գույքային վնաս, և որից վերականգնվել է 2մլն 690 հազար դրամը, կամ 21 տոկոսը։  2016թ. ԱՀ բնական ռեսուրսների վարչության կողմից շրջակա միջավայրի դեմ ուղղված վարչական զանցանքներով վարչական տույժ է նշանակվել  28 դեպքով՝ 910 հազար դրամի չափով, իսկ 2017թ. 9 ամսվա ընթացքում՝ 10 վարչական տույժ՝ 550  հազ. դրամի չափով։  

Կ. Գաբրիելյանի խոսքով՝ հաճախ ըստ քրեական օրենսգրքի ներկայացվող պատիժը՝ ապօրինի ծառահատումների համար, համարժեք չէ կատարված արարքի ծանրությանն ու վտանգավորությանը։ Քննարկվող հանցագործության համար խիստ պատիժներ են նախատեսված քրեական օրենսգրքի նոր նախագծում, մասնավորապես՝  363-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ազատազրկում մեկ տարի ժամկետով, իսկ ծանրացող հանգամանքների դեպքում՝ 5 տարի ժամկետով։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ օրենսդիրը հետագայում նման արարքների համար նախատեսում է ավելի խիստ պատիժ։ Բացի այդ, այլ երկրների օրենսդրությունն ուսումնասիրելուց պարզվում է, որ պատժիչ քաղաքականությունն այս կամ այն երկրում ավելի խիստ է։ Որպես ասվածի օրինակ Կ. Գաբրիելյանը նշեց Ռուսաստանի Դաշնությանը։   

ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն իր զեկուցման սկզբում նշեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում նկատվում է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քանակի կայունություն, ինչը չի կարող չմտահոգել իրավապահներին՝ հաշվի առնելով հանրապետության բնական խիստ սահմանափակ ռեսուրսները։ Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՝ ՀՀ քր.օրենսգրքի 281-298-րդ հոդվածների հատկանիշներով՝ 2011-2016թթ. կտրվածքով ՀՀ-ում հարուցվել է 295 քրեական գործ, այսինքն՝ նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մոտ 50 դեպք։ Նշված հանցագործություններով հարուցված 295 քրեական գործերից 89-ը կարճվել է, 103-ը՝ կասեցվել, 103-ը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Վերլուծությունը ցույց է տվել, որ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քանակում գերակշռում են ապօրինի ծառահատման դեպքերը, որոնց դեմ պայքարը 2017 թվականին էականորեն ուժեղացվել է։ Ըստ զեկուցողի՝ նշված հանցագործության դեմ պայքարի նոր ու վճռական փուլի մեկնարկ է համարվում ս.թ. հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Հայաստանի գլխավոր դատախազի հրավիրած խորհրդակցությունը՝ դատախազության ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հատուկ կարևորվել է անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերը լրացնելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ կարևորվել է դատախազական հսկողության ուժեղացումը, ինչպես նաև այս բնույթի հանցագործությունների կանխարգելման բացահայտման և հանցագործություն կատարած՝ այդ թվում պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության ապահովումը։ 

Շրջակա միջավայրի անվտանգությանն ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերից մեկն էլ, ինչպես նշեց Արտակ Հարությունյանը, ծառի հատման ժամկետը որոշող սարքավորումների ձեռքբերումն է, հաշվի առնելով, որ քրեական գործով խիստ կարևորվում է ծառերի հատման վաղեմությունը որոշելը։ Արդեն իսկ ձեռք է բերվել և ՙՓորձաքննությունների բյուրո՚ ՊՈԱԿ-ին է հանձնվել նշված համապատասխան սարքը։ Զեկուցողի հավաստմամբ՝ ձեռնարկված գործողությունները դրական ազդեցություն են թողել հանցագործությունների նախականխման և կանխման արդյունավետության վրա։ Այսպես՝ չորս ոչ լիարժեք ամիսների ընթացքում՝ 2017թ. հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի ծառահատման դեպքերով քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 71 քրեական գործ, ինչն ավելին է, քան 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում տարվա կտրվածքով հարուցված գործերի ընդհանուր թիվը։ Ապօրինի ծառահատման հետ կապված պաշտոնեական հանցագործության դեպքերով՝  2017թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին որպես մեղադրյալ է ներգրավվել 15 պաշտոնատար անձ, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նույն ժամանակահատվածում 296-րդ հոդվածով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ՝ 14 անձի վերաբերյալ։ Քայլեր են ձեռնարկվել անտառապետերի և անտառապահների գործունեությանը գնահատական տալու ուղղությամբ։ 

ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության  և դատական  ակտերի բողոքարկման  վարչության պետ  Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց ծառերի, թփերի և բուսածածկույթի ապօրինի հատման գործերով մեղադրանքի պաշտպանության վերաբերյալ վիճակագրական համառոտ տվյալներ և այս փուլում հատկապես դրսևորվող իրավունքի կիրառման և իրավունքի մեկնաբանության հետ կապված խնդիրները։ 

Ամփոփելով նիստը՝ ՀՀ գլխավոր դատախազը մեկ անգամ ևս ընդգծեց հայկական երկու պետությունների օրենքների համապատասխանեցման և հանցավորության դեմ պայքարում միասնական պրակտիկայի կիրառման անհրաժեշտությունը, փորձի փոխանակումն ու գերակա ուղղություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ փոխադարձ իրազեկումը։ Նա հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ այսուհետ ՀՀ դատախազությունում անցկացվող կոլեգիայի նիստերին ու կարևոր թեմաներով քննարկումներին արցախցի գործընկերների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև ընդունվող որոշումների փաթեթն օպերատիվ կերպով Արցախի դատախազությանը հասու դարձնելու համար։ ՙՄենք պետք է նույն օրգանիզմի նման ամեն օր համատեղ աշխատենք, հայաստանյան կողմի ձեռքբերումը պետք է արագ և հասու լինի արցախցի մեր գործընկերներին՚,- ասաց Արթուր Դավթյանը։

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ