[ARM]     [RUS]     [ENG]

2017-Ը ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂ ՏԱՐԻ ԷՐ

Քաղաքաշինության նախարարի մամուլի ասուլիսը

 Հունվարի 22-ին ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ հանրությանը ներկայացնելու անցած տարվա գործունեությունը և առաջիկա անելիքները։ Գերատեսչության ղեկավարը դրական է գնահատում 2017¬ը. այն եղել է հագեցած, արդյունավետ։ Առաջիկա տարին ևս քաղաքաշինության ոլորտի համար, ըստ Կ. Շահրամանյանի, հաջող կլինի, միանգամից նախատեսվում է մեկնարկ տալ մի քանի խոշոր ծրագրերի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում։ 

Շինարարության բաժնեմասը երկրի ՀՆԱ-ի ընդհանուր կառուցվածքում 6,1 %-ը, իսկ պետական բյուջեի 17,8 %-ն է կազմում։ Նշվեց, որ եթե 2017-ին պետբյուջեով կապիտալ շինարարության ծախսերը նախատեսված էին 11 մլրդ 700 մլն դրամ, ապա տարվա վերջին այն հասավ մինչև 16 միլիարդ 324 մլն դրամի։ Ավելի քան 4,5 մլրդ դրամ ավել ֆինանսավորումը թույլ տվեց ոլորտում առկա մի շարք առաջնահերթ խնդիրների լուծում տալ։ Բավականին մեծածավալ շինարարություն էլ կատարվեց արտաբյուջետային, այդ թվում և բարեգործական միջոցների շնորհիվ։ Պետբյուջեով հատկացվածը նախանցյալ տարվա համեմատ 2 մլրդ 424 մլն դրամով ավելին էր։ Միայն 553 մլն դրամ հատկացվել էր պահուստային ֆոնդից։ Քաղպաշտպանության միջոցառումների իրականացման համար գերատեսչությունը ծախսել է 80 մլն դրամ (այդ գումարների շնորհիվ կառուցվել են ապաստարաններ և այլն)։ 

Կ. Շահրամանյանը տեղեկացրեց, որ մոտ 90 մլն դրամի գույք է ձեռքբերվել գյուղերում կառուցված համայնքային կենտրոնների, հասարակական նշանակության այլ օբյեկտների համար։ 

Քաղաքաշինության ոլորտի ծրագրերում մեծ տեղ են  զբաղեցնում նաև ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ իրականացվածները։

2018թ. համայնքներում իրականացվող մի շարք աշխատանքներ, ինչպիսիք են շինանյութերի տրամադրման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և մի շարք նման ծրագրեր, կիրականացվեն շրջվարչակազմերի միջոցով (վերջինները հանդես կգան որպես պատվիրատու), առաջիկայում նրանց դերը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ 

Տարվա ընթացքում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտի փողոցներում,  բակերում, մի շարք  խոշոր ծրագրեր արդեն իսկ հասցվել են ավարտին։ Կ. Շահրամանյանն առանձնացրեց Մխիթար Սպարապետի, Շիրվանզադեի, Ս. Կասպարովի, Գ. Նժդեհի փողոցները, որտեղ աշխատանքներն արդեն ավարտված են: Առաքելյան, Կ. Ալվարյան, Ս. Դավթի,Վ. Սարգսյան և այլ փողոցներում աշխատանքներն ավարտին կհասցվեն ընթացիկ տարում։ Կ. Շահրամանյանն ընդգծեց, որ 2017թ. կապալառու կազմակերպությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարաժամկետ վճարման պայմանով առաջնահերթ ծրագրերի իրագործման մասով։ Պայմանավորվածությունն ուժի մեջ կլինի նաև հետագա տարիներին, և չի բացառվում, որ փողոցների  բարեկարգման, բնակարանաշինական և այլ կարևոր ծրագրեր նույնպես   կկատարվեն նման ձևով։ Նախարարն այդ որոշումը  հիմնավորում է պետության սահմանափակ ֆինանսական հնարավորությամբ՝ առաջնահերթ  լուծում պահանջող խնդիրների առկայության պարագայում։ ՙՀասկանալով այդ ամենը, մեր կապալառու կազմակերպություններն օգնության ձեռք են մեկնում` իրենց ազատ միջոցները ներդնելով պետական  նշանակության նախագծերի կենսագործման մեջ՝  2-3 տարվա ընթացքում վճարումները ստանալու պայմանով՚,-պարզաբանեց Կ. Շահրամանյանը։  

Հսկայական աշխատանք է կատարվել յուրաքանչյուր ոլորտում՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ և սպորտ, համայնքներ, մայրաքաղաք, ճանապարհներ, ջրամատակարում՝ արդյունքները  տեսանելի են։ 

2016-ի ապրիլից հետո առաջնագիծը  և հատկապես ավերված Թալիշ գյուղը պետական խոշոր ծրագրերում առաջնային տեղ է զբաղեցնում. Կ. Շահրամանյանն առանձնակի անդրադարձավ Թալիշին և առաջնագծում կատարված աշխատանքներին։  2017-ի տարեվերջին ՙԱԱ՚-ն առանձին  հոդվածով անդրադարձել էր  Քաղաքաշինության  նախարարության կողմից այդ ոլորտում կատարված աշխատանքներին, ուստի անհրաժեշտություն չենք տեսնում նորից ներկայացնել  դրանք։ Նշենք միայն, որ  աշխատանքները շարունակվելու են նաև 2018-ին։ Մինչև ապրիլյան պատերազմը Թալիշի դպրոցում 120 աշակերտ էր սովորում, գործում էր մանկապարտեզ, և գյուղի վերածնունդը կառավարության առաջնահերթ  նպատակներից մեկն է։ 

Կ. Շահրամանյանը նշեց, որ  վերջին տարիներին  մեծ ուշադրություն են դարձնում կատարվող շինարարական  աշխատանքների որակին, ուժեղացվել  է վերահսկողությունը,  ինչն իր դրական ազդեցությունն է թողել։ Նա շեշտեց, որ առաջիկայում ևս ուշադրության կենտրոնում են պահելու կառույցների սեյսմակայունության և հուսալիության ապահովման խնդիրները՝ սեյսմազինվածության բարձրացմանը միտված  կանխարգելիչ, ինժեներապաշտպանական  ծրագրերի մշակման և իրականացման միջոցով։ Կիրականացվի տարածքային պլանավորման ու ճարտարապետության ոլորտում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բազայի ձևավորում, քայլեր կարվեն համայնքների ու գլխավոր  հատակագծերի մշակման  ուղղությամբ։ Վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը զուգահեռ  կկատարելագործվի նաև բնագավառը կարգավորող օրենսդրությունը: Նախարարը նաև վստահեցրեց,  որ պետպատվերի տեղադրման գործընթացը կապահովվի գերազանցապես մրցակցային ընթացակարգերով։ 

Լրագրողների խնդրանքով ներկայացնելով ոլորտի խնդիրները, Կ. Շահրամանյանը նշեց, որ դրանք  շատ են և  բազմաբնույթ` նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի կատարելագործումից մինչև գնագոյացման ճկուն մեխանիզմների ներդրում, կառուցապատվող տարածքների ինժեներաերկրաբանական  հետազոտությունների որակի բարձրացումից մինչև  սեյսմակայուն  շինարարական մեթոդների ընդլայնում,  նոր տեխնոլոգիաների, մեխանիզմների, նյութերի ներգրավում և այլն։ 

Կ. Շահրամանյանը  խոսեց նաև մի նոր  նախաձեռնության մասին,  որը կյանքի կկոչվի 2018-ին: Դա Քյաթուկ գյուղի նախագիծն է, այնտեղ փորձելու են  վերականգնել որոշ ենթակառուցվածքներ, կկառուցվեն հասարակական  նշանակության  օբյեկտներ՝ համայնքի կյանքն աշխուժացնելու համար։ Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչ հաճախականությամբ է Կ. Շահրամանյանը հանդիպում շինարարական կազմակերպությունների  ղեկավարների ու սեփականատերերի հետ, ինչ խնդիրներ են բարձրացնում նրանք կամ լիազոր մարմինը,  ինչ նախագիծ է, որի իրագործմամբ, որպես մասնագետ, Կ. Շահրամանյանը բավարարված  է։ Նախարարը նշեց, որ ընդհանրապես կողմ է ծագած  խնդիրներին տեղում և անմիջապես լուծում տալուն (եթե դա հնարավոր է), այդ իսկ  պատճառով հաճախ է լինում օբյեկտներում, տեղում ծանոթանում խնդիրներին, զրուցում վարպետների ու բանվորների հետ, ծանոթանում շինարարության ընթացքին։ Ինչ վերաբերում է նախագծին, որն իրեն բավականություն է պատճառել, Կ. Շահրամանյանն առանձնացրեց ուռուցքաբանական նոր դիսպանսերի շենքը, որի ճարտարապետական  լուծումներից, ներքին հարդարման աշխատանքներից, արտաքին բարեկարգումից գոհ է։ Հարց եղավ Ստեփանակերտի քանդված երաժշտական դպրոցի վերակառուցվող  շենքի վերաբերյալ։ Գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ  այնտեղ կառուցվելու է մեդիակենտրոն՝ մասնավոր ներդրումների հաշվին։ Եղե՞լ են դեպքեր, երբ անորակ  շինարարության համար կապալառու կազմակերպությունը կամ ոչ լիարժեք նախագծի համար`  նախագծողը, պատասխանատվության ենթարկվի` հարցին նախարարի պատասխանը դրական էր։ Կ. Շահրամանյանն ասածը հիմնավորեց  նաև կոնկրետ օրինակներով։  Այսօր էլ լինում են և՜ անորակ կառուցված  օբյեկտներ, և՜ անպատասխանատու աշխատողներ, և՜ չվճարված աշխատավարձեր, բայց անհամեմատ ավելի քիչ, քան մյուս տարիներին` շնորհիվ գերատեսչության աշխատակիցների  ջանքերի։ 

Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի,  կառուցվող օբյեկտների տեղի ընտրության, նպատակահարմարության վերաբերյալ հնչեցին մի շարք հարցեր։ Կ. Շահրամանյանը հարցերի այլ հասցեատեր մատնացույց արեց. այդ հարցերի պատասխանները պետք է ակնկալել Ստեփանակերտի քաղաքապետարանից։ 

2018-ի ընթացքում մայրաքաղաքում կմեկնարկի  երկու խոշոր շինարարական ծրագիր, որն առավել բարետես կդարձնի Ստեփանակերտը և  կբարելավի բնակիչների և հյուրերի առօրյան։ Դա ԱրՊՀ  նոր,  ժամանակակից շենքն է և ՙՕկտյաբր՚ կինոթատրոնի տարածքում նախատեսվող մարզամշակութային  համալիրը։ Արցախի մայր բուհն ուսման իր հնարավորություններով չի զիջի ՀՀ լավագույն բուհերին, իսկ համալիրը բոլոր չափանիշներով կհամապատասխանի աշխարհի նմանատիպ կառույցներին և մեծապես կնպաստի Արցախում զբոսաշրջության, սպորտի և մշակույթի զարգացմանը։ 

Կ. Շահրամանյանի հետ զրույցը լրագրողները շարունակեցին նաև ոչ ֆորմալ պայմաններում։ Նախարարը փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպել Ամանորի առթիվ։ Կ. Շահրամանյանը լրագրողներին բեղմնավոր աշխատանք մաղթեց, իսկ Արցախ աշխարհին՝ խաղաղություն և զարգացում։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ