[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է

Արդեն մի քանի տարի է, ինչ Արցախի կադաստրային համակարգը գործում է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ:

Ի՞նչ են տվել բարեփոխումները, ի՞նչ խնդիրների առաջ  է այսօր կանգնած համակարգը, ի՞նչ ծրագրեր է կենսագործում կառույցը. այս ամենը` Անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մաքսիմ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցում:

-Պրն Ալեքսանյան, կառավարության կազմում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում  կադաստրի վարչությունը ներկայումս գործում է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կազմում։ Ի՞նչ ցույց տվեց ժամանակը, արդարացրե՞լ է իրեն նման կառուցվածքային փոփոխությունը։

-Նշված տեղափոխությունը, կարծում եմ, արդարացի է,  նախ, որ  նման մոտեցում կա նաև այլ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, իսկ երկրորդը՝ որ կադաստրում իրականացվող գործարքների քանակն ուղղակի արտացոլումն  է հանրապետության տնտեսական  վիճակի (եթե գործարքների քանակն ավելանում է, ուրեմն, երկրում առկա է տնտեսական աճ): 

-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերջին տարիներին։ Հետագա ի՞նչ բարեփոխումների կարիք ունի համակարգը, և ընդհանրապես, ի՞նչ եք անում բնակչության հետ աշխատանքում  վարչարարությունից, բյուրոկրատական քաշքշուկներից զերծ մնալու համար։ Կիրառվո՞ւմ են ավտոմատացված համակարգեր, թե՞ դեռ ոչ։

- 2012 թվականի հուլիսի 1-ից մեր համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումների սկիզբ դրվեց: Հիշեցնեմ, որ դրա արդյունքում երեք անգամ կրճատվել են  ծառայությունների մատուցման ժամկետները՝ 12 աշխատանքային օրից դառնալով 4 աշխատանքային օր: Վերջին երկու  տարվա ընթացքում բարեփոխումները շարունակվել են: Մասնավորապես, 2016 թվականից կադաստրի համակարգը մատուցված ծառայությունների դիմաց գանձում է միայն պետական տուրք, մինչդեռ նախկինում գանձվում էր ծառայությունների մատուցման գումար և պետական տուրք: Սակագները 60-ից ավելի էին, քաղաքացիներն ինքնուրույն շատ դժվար էին հաշվարկում, թե ինչքան գումար է անհրաժեշտ կադաստրից որևէ ծառայություն ստանալու համար: Դրանք նվազեցվել և հասցվել են 24-ի:  Ամենից մեծ ծրագիրը, որը հնարավոր դարձավ կյանքի կոչել մեր հայաստանյան գործընկերների օժանդակությամբ` 2017 թվականի ապրիլի 10-ից NKRPIS ավտոմատ գրանցման համակարգի ներդրումն էր, որը հնարավորություն տվեց ամբողջությամբ ավտոմատացնել իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթները: Եվ որ ամենակարևորն է,  արդեն, անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից, դիմելով ցանկացած տարածքային ստորաբաժանում` քաղաքացին կստանա իր կողմից պատվիրված ծառայությունը՝ օրենքով սահմանված ժամկետներում: 

-Ի՞նչ ծրագրեր են ներկայումս իրականացվում կառույցի կողմից։ 

-Մեր վարչության կողմից, բացի ընթացիկ գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթներից, իրականացվում են կադաստրային քարտեզագրման, հողաշինարարական, գեոդեզիական և անշարժ գույքի շուկայի դիտարկման ծրագրեր: 2017 թվականին շարունակվել են Ստեփանակերտ քաղաքի կադաստրային քարտեզագրման աշխատանքները՝ WGS-84 կոորդինատային համակարգում, սկսվել են կադաստրային քարտեզի ճշտգրտման աշխատանքներ Ասկերանի շրջանի Պատարա և Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքներում: Տեղագրական քարտեզագրման աշխատանքներ են իրականացվել Պաշտպանության բանակի, ինչպես նաև՝ պատմամշակութային օբյեկտների տարածքների համար, շարունակվել են գույքագրման աշխատանքները ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերում: Առաջին անգամ թվային քարտեզների վրա հողային հաշվեկշիռ է կազմվել Ասկերանի և Մարտունու համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերում: 2018 թվականին նշված ծրագրերը կշարունակվեն, նախատեսված է նաև պիլոտային ծրագիր որոշ գյուղական բնակավայրերում հասցեների ռեեստր ստեղծելու համար: 2017 թվականից գործում է կադաստրային գործերի թարմացման և արդիականացման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 2018 թվականի վերջը համապատասխան միջոցառումներ իրականացնել կադաստրային գործերի թղթային արխիվներն անժամկետ պահպանելու համար: Ընթացիկ տարում պետբյուջեից միջոցներ են հատկացվելու համակարգի տեխնիկական վերազինման համար, գլխավոր սերվերի տվյալների պահպանման համար ձեռք է բերվելու լրացուցիչ պահարան և տեղադիրքի դիրքորոշման ժամանակակից GNSS սարք:

-Ունե՞ք բավարար,  արդեն ձևավորված տեղեկատվական բազա: Ինչպե՞ս է այն թարմացվում։  

-Ներկա պահին տեղեկատվական բազայում առկա է 122200 միավոր կադաստրային գործ՝ թվայնացված տարբերակով: Յուրաքանչյուր փոփոխություն առկա գործերում, լինի դա սեփականատերերի, թե իրավունքների փոփոխություն, 24 ժամվա ընթացքում արտացոլվում է տեղեկատվական բազայում: Այն համալրվում է նաև նոր անշարժ գույքի միավորների գրանցման դեպքում:  

-Մի քանի տարի առաջ իրականացվում էր աշխարհագրական անվանումների հաշվառում և գրանցում։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը:

- Համայնքների վարչական սահմաններում աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Մոտակա տարիներին նախատեսվում է նման գործընթաց ծավալել  նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում: 

-Կադաստրային գործարքներն էժան չեն, և հաճախ բողոքներ են լինում այդ կապակցությամբ։ Որքանո՞վ են հիմնավորված այդ սակագները։ Դուք վերանայո՞ւմ եք դրանք՝ ժամանակի հրամայականով։ Եվ դրանք կառույցի՞, թե՞ քաղաքացու շահերից ելնելով են կատարվում։

-Իրավունքի պետական գրանցման և գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ՙՊետական տուրքի մասին՚ ԱՀ օրենքով սահմանված են համապատասխան տուրքեր: Տուրքերի չափերը, համեմատած մյուս երկրներում գործող սակագների հետ, այդ թվում  նաև Հայաստանի Հանրապետությունում գործող սակագների նկատմամբ, ցածր են: Հաշվի առնելով, որ իրավունքի պետական գրանցում է իրականացվում անշարժ գույքի նկատմամբ, և քաղաքացիների մեծամասնությունը կարող է ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը 1-3 անգամ նման հարցով դիմել կադաստրի համակարգ, կարծում եմ, որ 30000 ՀՀ դրամ պետական տուրքը չպետք է բողոք առաջացնի: Իսկ այն քաղաքացիները, որոնք հաճախ են օգտվում կադաստրի ծառայություններից, հիմնականում գործարար միջավայրից են. նրանց համար, իրենց իսկ խոսքերով, սակագնի չափն  այնքան չէ էական, որքան  որ հնարավորինս կարճ ժամկետում, առանց լրացուցիչ քաշքշուկների, ծառայություն ստանալը:

-Ծառայությունների սակագներում կա՞ն արտոնություններ այս կամ այն սոցիալական խմբերի համար։

-Արտոնություններ, իհարկե, կան: Կոնկրետ Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում բնակելի տան նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար 30000 ՀՀ դրամի փոխարեն գանձվում է 2000 ՀՀ դրամ, իսկ 10000 ՀՀ դրամի փոխարեն, միասնական տեղեկանք ստանալու համար, գանձվում է 1000 ՀՀ դրամ: 

-Ինչպե՞ս եք գնահատում կառույցի զարգացման, արդիականացման տեմպերը, ի՞նչ խնդիրներ ունեք։ 

-Աշխարհում անշարժ գույքի կադաստրի համակարգը մշտական զարգացման տեղ ունի, և մեր հանրապետությունում գործող կադաստրի համակարգը հետ չի մնում զարգացման ուղուց: Ուսումնասիրվում է միջազգային փորձը և հնարավորության սահմաններում կիրառության մեջ դրվում այստեղ: Նորությունների շարքից կարևորում եմ գեոդեզիական ցանցի խտացումը WGS-84 կոորդինատային համակարգում և գրանցման ավտոմատացված համակարգի ներդրումը: Ավելացնեմ, որ արդեն մշակվել և շրջանառության մեջ է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով,  հօգուտ քաղաքացիների,  նախատեսված են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, իրավունքի պետական գրանցումը և տեղեկատվություն ստանալը դիմումատուի պատվերով հնարավոր կլինի կատարել դիմումը ներկայացնելու  օրը՝ երկու ժամվա ընթացքում: Գործող օրենսդրությամբ, ամենակարճ ժամկետը դիմումը ներկայացնելու հաջորդ օրն է: Նախատեսվում է իրավունքի դադարումն իրականացնել նույն օրը, ինչպես նաև՝ այլևս պետական տուրք չգանձել հասցեների փոփոխության գրանցման համար: 

-Կադաստրի վարչությունը պարբերաբար կատարում է անշարժ գույքի վերլուծություն։ Ինչպիսի՞ պատկեր ունենք հիմա։ Այն թանկացե՞լ, թե՞ էժանացել  է հանրապետության տարածքում։

-2017 թվականին անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների քանակը 2016 թվականի համեմատ ահագին՝  68,8% -ով, աճել է: Ապրիլյան պատերազմի հետևանքով՝ 2016 թվականին  անշարժ գույքի գների և առքուվաճառքի գործարքների քանակի անկում է արձանագրվել: Սակայն 2017 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում  կատարված գործարքների տվյալներն ամփոփելով,  արձանագրվել է շուկայական գների աճ. բնակարաններում` 2,9%-ով, իսկ առանձնատներում` 7,5%-ով: Մանրամասն տեղեկատվություն այդ մասին  մենք հրապարակում ենք մեր կայքէջում և ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթում՝ եռամսյակային պարբերականությամբ:

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ