ՙԹՈՒՖԵՆԿՅԱՆ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾՐԱԳՐԵՐԸ
Թուֆենկյան՚ հիմնադրամն Արցախում հայտնի է հատկապես իր ՙԲնակարանային աջակցություն վիրավոր զինծառայողներին՚ ծրագրով: Եվ ահա օրերս լուծում ստացավ հերթական ընտանիքի բնակարանային խնդիրը:
Մարտի 13-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում բնակարանամուտ էր: Արցախյան գոյամարտի ժամանակ վիրավորված ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Արարատ Ավանեսյանի ընտանիքն ունեցավ սեփական տանիքը: Առանձնատունը գնվել եւ վերանորոգվել է ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի կողմից, ՙՎիվաՍել-ՄՏՍ՚-ի եւ ՙԶարուկյան՚ հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
ՙԲնակարանային աջակցություն վիրավոր զինծառայողներին՚ ծրագիրը ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի համեմատաբար նոր նախաձեռնություններից է: Սկսել է կյանքի կոչվել 2016-ից՝ ապրիլյան պատերազմից հետո: Նպատակը սոցիալապես դժվարին պայմաններում հայտնված զինծառայողների ընտանիքներին աջակցելն է: Թիրախային խմբում տարբեր ժամանակներում վիրավորված զինծառայողներն են: ՙՎիրավոր զինծառայողների կարիքները հոգալն ենք առաջնահերթ համարում, քանի որ գտնում ենք, որ ամենից առաջ հենց նրանց ընտանիքները պետք է հարմարավետ բնակարանային պայմաններ ունենան՚,- ընդգծում է ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Առ այսօր ՙԲնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին՚ ծրագրով 8 բնակարան է կառուցվել, վերանորոգվել կամ գնվել Արցախի վիրավոր զինվորականների համար: ՙՄարտակերտի շրջանում ենք բնակարաններ հանձնել, Հադրութի շրջանում, Մարտունու շրջանում՚,- թվարկում է կառույցի պատասխանատուն:
Պատարա գյուղի բնակիչ Արարատ Ավանեսյանն այս ծրագրի շահառուների շարքում 9-րդն է: Արցախյան պատերազմի մասնակից է, վիրավորվել է 22 տարեկանում: ՙՎիրավորվել եմ Քարագլխի բարձունքում, 1993թ.,՚,- պատմում է նա: Սեփական բնակարան չուներ: Կնոջ եւ 3 դստրերի հետ ժամանակավոր բնակվել է տարբեր տներում` հաշմանդամություն ունեցող մարդու համար ոչ հարմարավետ պայմաններում: Հենց այս ամենի հաշվարկով ՙԹուֆենկյան՚ հիմնադրամում որոշեցին Արարատ Ավանեսյանին եւս ընդգրկել բնակարանային ծրագրում: Հիմնադրամն առանձնատունը գնել է եւ հինանորոգել: ՙՏան վերանորոգումն ամբողջությամբ ավարտել ենք: Կարծում ենք՝ սա անհամեմատ հարմարավետ կլինի այս ընտանիքի համար՚,- ասում է հիմնադրամի տնօրենը: Գնված առանձնատանը նաեւ կցակառույցներ ենք ավելացրել՝ խոհանոց ու սանհանգույց ունենալու համար: Դրա հետ մեկտեղ՝ աշխատել ենք տան ավանդական տեսքն էլ պահպանել: Տեսնում եք՝ ավանդական, արցախյան ճարտարապետությունն է: Շինարարական, վերականգնողական միջամտություններն արել ենք այնպես, որ նախնական տեսքը չտուժի՚:
Ընտանիքի բոլոր անդամները գոհ են արդյունքից: Առանձնատունը հարմարեցվել է երկրորդ կարգի հաշմանդամի տեղաշարժման կարիքներին: Շինարարության ընթացքում հաշվի են առնվել նաև տանտիրուհու ցանկությունները: Կարինեն գնահատում է՝ ամեն ինչ արվել է սրտացավությամբ:
Հենակների օգնությամբ տեղաշարժվող 47-ամյա Արարատը նեղվում է, որ ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանք կատարել: Ընտանիքի ապրուստի միջոցը 84 հազար դրամ թոշակն է: Հավատում է, որ նոր առանձնատունը ընտանիքին հաջողություն կբերի: ՙԲարերարներին շատ շնորհակալություն: Մաղթում եմ, որ Արցախում խաղաղություն լինի, եւ որ կարիքավոր ամեն ընտանիք էլ նման ուրախ առիթ ունենա՚,- հուզմունքը չի թաքցում Արարատ Ավանեսյանը:
Ծրագիրը շարունակվում է: Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի եւս 2 բնակարան Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղերում: