[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ. ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ` ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ

Արցախի Հանրապետության կառավարությունն   ավելի քան մեկ տարի նախապատրաստական աշխատանք է տարել գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը մշակելու և ներդնելու ուղղությամբ:

Այն բավականին ընդգրկուն փաստաթուղթ է և նպատակաուղղված  է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը: Հայեցակարգի  կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է ոռոգման արդի համակարգերի ներդրմանը, քանի որ, ինչպես պնդում են մասնագետները, և ինչը հասկանալի է առանց  այդ էլ, Հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրագործումն անհնար կլինի առանց ոռոգման համակարգերի ստեղծման: Թեմայի շուրջ հարցազրույցի հրավիրեցինք գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան ԾԱՏՐՅԱՆԻՆ:

-Պարոն Ծատրյան, տարեսկզբին հաստատված՝ Գյուղատնտեսության զարգացման նոր հայացեկարգի հիմքը, կարելի է ասել, ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրումն է: Խնդրում ենք մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում այդ ուղղությամբ:

-Ինչ խոսք, գյուղատնտեսության համակողմանի զարգացման ճանապարհին կատարյալ, կայացած ոռոգման համակարգի դերն անգնահատելի է: Բնականաբար, Հայեցակարգում կարևորագույն տեղ է հատկացված ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն ու դրանց ընդլայնմանը: Այդ նպատակով առաջիկայում նախատեսվում են ոռոգվող հողատարածքների ավելացում, տեխնիկական վիճակի բարելավման և արդիականացման միջոցով ոռոգման ենթակա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ջրապահովվածության մակարդակի բարձրացում, ինչպես նաև ոռոգման ջրի կորուստների և համակարգերի շահագործման ծախսերի նվազեցում: Հողագործության արդյունավետության բարձրացման նպատակով կիրականացվեն մելիորատիվ սպասարկման բարելավում, նոր կաթիլային տեխնոլոգիաների ներդրում և սուբսիդավորման գործող համակարգի բարեփոխում: Նաև կբարձրացվի ոռոգման ջրի մատակարարման հուսալիությունը:

-Ի՞նչ պայմաններով եք ոռոգման կաթիլային համակարգը հողօգտագործողներին առաջարկում: Կարելի՞ է ասել, որ այն հասանելի է բոլոր ցանկացողներին, թե՞, այնուամենայնիվ, կան վերապահումներ, և ոլորտում պետական աջակցությունը տրամադրվում է որոշակի պայմաններով:

- Նոր հիմնադրվող և մինչև երկու տարեկան բազմամյա տնկարկների, ինչպես նաև ծխախոտի մշակության համար ոռոգման կաթիլային համակարգը տեղադրվում է արժեքի 50 տոկոսի չափով անհատույց և 50 տոկոսի չափով անտոկոս փոխառության միջոցով, իսկ երեք տարեկան և ավելի տարիք ունեցող բազմամյա տնկարկների դեպքում՝ համակարգի ամբողջական արժեքի չափով անտոկոս փոխառության տրամադրմամբ (նվազագույնը 1 հա մակերեսով հողատարածք զբաղեցրած մեկ պտղատեսակով):

-Որքան տեղյակ ենք, ոռոգման համակարգերի ներդրման ֆինանսավորման հարցում զգալի դերակատարություն է ունենալու ՙՀայաստան՚  համահայկական հիմնադրամը: Ի՞նչ ծրագրեր կիրականացվեն:

- Արցախում ոռոգման ամբողջական համակարգի ներդրման համար անհրաժեշտ կլինի ծավալուն աշխատանքներ իրականացնել. պետք է կառուցել ջրամբարներ, մայր ջրանցքներ, անցկացնել  խողովակաշարեր: Վերջին հինգ տարիների ընթացքում  կառավարության կողմից կառուցվել կամ վերակառուցվել են մոտ հինգ տասնյակ արտեզյան հորեր: Առաջին փուլով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով նախատեսվում է հանրապետության ողջ տարածքում կառուցել 37 նոր արտեզյան ջրհորեր, ինչից հետո ընթացք կտրվի նոր հորերի համար ներկայացված հայտերին:

-Չնայած Հայեցակարգը նոր է հաստատվել, դեռևս անցյալ տարի նրա շրջանակներում հենց ոռոգման ծրագրով տրվել է պետական աջակցություն: Քանի՞ հոգու է այն տրամադրվել, և, արդյո՞ք, արդյունավետ է եղել այդ փորձը:

-2016 թվականից կառավարության կողմից իրականացվում է նաև նորագույն ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու ծրագիրը, և փաստացի արդեն համակարգերը ներդրվել են 350 հա հողատարածքներում: Առկա է ընդամենը 30 հայտատու:  Ոռոգման կաթիլային համակարգերի ներդրումը կնպաստի ջրի արդյունավետ օգտագործմանն ու հողերի մելիորատիվ վիճակի բարելավմանը: Այս ամենը կնպաստի նաև այն բանին, որ ինտենսիվ գյուղատնտեսության տեսակարար կշիռն ավելանա:

-Ի՞նչ եք ակնկալում ոռոգման համակարգերի արդիականացման վերջնական արդյունքում:

-Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հասնել ոռոգման հուսալիության բարձրացմանը, ֆերմերների տնտեսական վիճակի բարելավմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության աճի և հանրապետության պարենային պաշտպանության ապահովմանը: Բոլորիս է պարզ ոռոգման ջրի դերը գյուղատնտեսության զարգացման համար: Ծրագիրը կյանքի կոչելով գյուղացու համար հնարավորություն կստեղծենք մշտապես ունենալ ոռոգման ջուր, իսկ սա նշանակում է, որ նա կստանա նաև բարձր բերքատվություն, որակյալ գյուղմթերք, հետևաբար և՝ ավելի բարեկեցիկ կյանք:

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ