[ARM]     [RUS]     [ENG]

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՆ ՍԿՍԵԼ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ

2018-ի առաջին եռամսյակը ֆինանսների նախարարությունը գերակատարումների աննախադեպ ցուցանիշներով է ամփոփում: Աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակների մասով: Եվ դա այն դեպքում, երբ հարկերի դրույքաչափերում նախորդ տարվա համեմատ էական փոփոխություններ չկան:

 Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 11 մլրդ 304 մլն դրամ` պլանավորված 10 մլրդ 700 մլն դրամը գերազանցելով 5,6 տոկոսով, կամ 604 մլն-ով, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշը 74,6 տոկոսով, կամ 4 մլրդ 831 մլն դրամով: Ֆինանսների նախարարությունում վստահեցնում են. գերակատարումները տնտեսական աճն են արտացոլում: ՙ2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների մեջ դրույքաչափերի փոփոխություններ չկան: Այնպես որ, կարող ենք հաստատ ասել, որ մուտքերի գերակատարումն ի հաշիվ դրույքաչափերի բարձրացման չի ապահովվել՚,- ընդգծում է Արցախի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը: 

Հարկային եկամուտներում շարունակում է աճել խոշոր հարկատուների չափաբաժինը: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների եւ տուրքերի գումարից 9 մլրդ 117 մլն, դրամը կամ 80,6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ 612 մլն դրամի, կամ 71,2 տոկոսի դիմաց: Խոշոր հարկատուների շարքը ՙԲեյզ Մեթըլս՚-ն է շարունակում գլխավորել: Երկրորդ տեղում ՙԱրցախէներգո՚-ն է, երրորդ` ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ը: ՙԱճի հիմնական մասը` շուրջ 3 միլիարդ 900 միլիոն դրամը, ապահովվել է ՙԲեյզ Մեթըլս՚-ի կողմից վճարված հարկային եկամուտների, իսկ 906 մլն դրամը` հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի եւ հարկային մարմնի վարչարարության շնորհիվ՚,- մանրամասնում է Արթուր Հարությունյանը: 

Հարկային մարմնի վարչարարությունն էլ տարիների հետ դառնում է ավելի հասցեական եւ արդյունավետ: Դա են հուշում արդյունքները: ՙ2018թ. առաջին եռամսյակում իրականացվել է 58 ստուգում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 49 ստուգման դիմաց,- այս ոլորտում արվածը թվերի է վերածում նախարարության ստուգումների եւ կամերալ ուսումնասիրությունների համակարգման բաժնի պետ Արեգա Հովհաննիսյանը:- Ստուգումներով հաշվարկված պարտավորությունները կազմել են 99,7 մլն դրամ՚: ՙՀարկերի վճարումից խուսափելու եւ հարկային իրավախախտումների դեմ պայքարի՚ հայեցակարգի շրջանակներում հարկային մարմինը տարեսկզբից իրականացրել է նախազգուշական, ծանուցման աշխատանքներ: Այս փուլում անցել են հսկողական միջոցառումներին: Հարկայինի այցերից ապահովագրվելու համար բավական է միայն կանխիկ գործարքների դեպքում ՀԴՄ կտրոնի տրամադրման պահանջի կատարումը, բոլոր աշխատակիցների գրանցումը եւ նրանց աշխատավարձի իրական չափերը ցույց տալը, վստահեցնում է Արեգա Հովհաննիսյանը՝ կանխանշելով, թե հատկապես որ ուղղություններն են լինելու հարկային ծառայողների ուշադրության կենտրոնում:  

2018-ի առաջին եռամսյակում որոշակի նորություններ են գրանցվել նաեւ ներմուծման-արտահանման մասով: Ներմուծման կառուցվածքում աճել է գյուղատնտեսական ապրանքների, շինանյութի եւ հագուստի չափաբաժինը: ՙՀաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածք են ներմուծվել 26,1 մլրդ դրամի ապրանքանյութական արժեքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 2 մլրդ դրամով՚,- նշում է նախարարության արտաքին ապրանքաշրջանառության հսկողության, հաշվառման վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

Աճ է արձանագրվել նաեւ արտահանման հարցում, նախորդ տարվա համեմատ` 3 անգամ: Արտահանման ծավալները գրեթե հասել են ներմուծման ծավալներին: Արտահանման առյուծի բաժինը լեռնահանքային արդյունաբերության ոլորտն է ապահովել: ՙ2018թ. առաջին եռամսյակում հանրապետության տարածքից արտահանվել են 23,4 մլրդ դրամի ապրանք, նախորդ տարվա 7,4 մլրդ դրամի դիմաց՚,- եռակի աճը թվերով է ներկայացնում Կարեն Գրիգորյանը:

Ներմուծման մոտ 60 տոկոսը Աղավնոյի անցակետին է բաժին հասնում` Ստեփանակերտ-Գորիս ուղղությանը: Արտահանման 97 տոկոսը` Մարտակերտ-Վարդենիս ուղղությանը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ