[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ. ԱՌՋԵՎՈՒՄ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՆ

 

 

 

Մեղվաբուծության ոլորտում առկա իրավիճակի, ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից այդ ասպարեզում առկա հիմնախնդիրների ու ծրագրերի շուրջ մեր հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան ԱՌՍՏԱՄՅԱՆԸ:

 

- Պարոն Առստամյան, որքան տեղյակ ենք, մեղվաբուծության հիմնավոր զարգացումը գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի մեջ, որպես առանձին ուղղություն, դեռևս հաշվառված չէ։ Այնուամենայնիվ, վերջին մեկ-երկու տարիների ընթացքում որոշակի քայլեր են կատարվել: Ներկայացրեք, խնդրեմ, այդ աշխատանքները։ 

-Մեղվի ու մեղրի օգտակարության մասին ավելորդ եմ համարում խոսել.  մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Մի կողմից այն աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ, իսկ մյուս կողմից` մեղուն, որպես մի շարք մշակաբույսերի հիմնական փոշոտող, բարձրացնում է պտղատու ծառերի, խոտաբույսերի, բանջարեղենի և բամբակենու բերքատվությունն ու սերմնակալումը։ Հետազոտողները պարզել են, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը՝ 40-50, իսկ խնձորենու պտղակալումը՝ 60%-ով։ Այսպիսով՝ հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը։

Նաև նշեմ, որ ինքնաբավության տեսակետից մեղվարտադրությունը հանրապետությունում լուծել է իր առջև դրված խնդիրը, սակայն, հաշվի առնելով, որ անասնաբուծության այս ճյուղի զարգացման համար բավականին բարենպաստ են արցախյան լեռնային ու նախալեռնային վայրերի ալպյան փարթամ ծաղկառատ արոտավայրերը,  գյուղատնտեսության զարգացման հայեցակարգից բխող միջոցառումներից է հանդիսանում նաև մեղվաբուծության խթանումը։

Հայտնի պատճառներով որոշ ժամանակ մեղվապահությունն Արցախում մի տեսակ հետաճ էր ապրել։ Սակայն վերջին տարիներին այն մեզ մոտ զգալի առաջընթաց է արձանագրում։ Աստիճանաբար գյուղատնտեսության համախառն արտադրանքում ավելացել է մեղրի տեսակարար կշիռը։

Արձանագրված հաջողությունները մեծապես պայմանավորված են ոլորտի նկատմամբ պետության հոգածությամբ։ Սկսած 2010 թվականից, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից մի շարք ֆիզիկական անձանց տրամադրվել են դրամական փոխառություններ, ինչը նպաստել է մեղվապահների առջև ծառացած տարատեսակ խնդիրների լուծմանը, այդ թվում նաև նոր մեղվաընտանիքների ձեռքբերմանը։ Արդյունքում եթե 2010թ. մեղվաընտանիքների քանակը հասել էր 20421-ի, արտադրվել 213 տոննա մեղր, ներկայում դրանց թիվը հասնում է արդեն 25896-ի, ստացված բերքն էլ մոտենում է 400 տոննայի սահմանագծին, ինչն իր հերթին նշանակում է, որ օրակարգ է մտնում արտաքին շուկա դուրս գալու հարցը։

- Արցախի  մեղվաբուծության ոլորտում առկա ի՞նչ խնդիրներ  կառանձնացնեիք և ի՞նչ ուղիներ  եք առաջարկում մեղվաբույծներին՝ դրանք վերացնելու համար։ 

 -Ցանկացած ոլորտ ունի իր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Մեղվաբուծությունում հիմնական խնդիրը նոր շուկայի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում աջակցելն է։ Ոլորտում առկա խնդիրների լուծումը, կարծում եմ, ժամանակի հարց է։

-Նորագույն գյուղատնտեսությունը  նոր մեթոդներ է առաջ քաշում նաև այդ ոլորտում։ Առաջարկվում են արդի  տեխնոլոգիաներ, պարտադրվում է նոր որակ, ապրանքային տեսք, որոնք կամ ընդունվում կամ չեն ընդունվում ավանդական  եղանակով մեղր արտադրողների կողմից։  Նախ՝ որքանո՞վ է նպատակահարմար և տեղին ավանդականից հրաժարվելը (գուցե և՝ մասամբ)։  Եվ եթե իսկապես անհրաժեշտ է, ապա ինչպե՞ս եք կարողանում համոզել, ասենք,  տասնամյակների փորձ ունեցող մեղվաբույծին  նոր տեխնոլոգիաներով արտադրություն կազմակերպելու առավելության մեջ։ 

-Ինչպես գյուղատնտեսության մյուս ոլորտները, մեղվաբուծությունում նույնպես առանց նոր մեթոդների, առանց արդի տեխնոլոգիաների զարգացում ապահովելն անհնար է։ Ի դեպ, նոր տեխնոլոգիաներով արտադրության կազմակերպումը ողջունում է նաև մեղվաբույծների մեծ մասը։

-Արցախյան մեղրն արտաքին սպառողի կողմից   պահանջվա՞ծ է  արդյոք: Այլ խոսքով՝ մրցունա՞կ է այն, արդյոք,  մեղրի միջազգային շուկայում և  այն արտաքին շուկա դուրս բերելու  ի՞նչ ծրագրեր կան։

- Արցախյան մեղրը միշտ աչքի է ընկել իր բարձր որակով, անուշ համով և բուժիչ հատկություններով։ Իսկ որպեսզի Արցախի մեղրը մրցունակ լինի մեղրի միջազգային շուկայում, այն պետք է համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին։ Ապրանքատեսքը պետք է համապատասխանի այսօրվա միջազգային չափորոշիչներին։ Ավանդական ձևի տարաներով մեղրի վաճառքը չի կարող մեզ հնարավորություն տալ ինտեգրվելու միջազգային շուկային, բայց արտադրանքի (այն ժամանակակից տեսքի բերելու պարագայում) իրացումն արդեն ավելի արդյունավետ կդառնա։ Նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակն էլ հենց դա է, որ մեր  արտադրողները կարողանան իրենց արտադրած մեղրը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեսքի բերել ու գրավել միջազգային շուկաներ։

Մեղվաբուծության ոլորտում լուրջ աշխատանքներ է իրականացվել մեղվաբույծների անձնագրման, ինչպես նաև տեղական մեղրը լաբորատոր հետազոտման ենթարկելու ուղղությամբ, որոնք նույնպես պարտադիր պահանջներ են արտաքին շուկա դուրս գալու համար։

-Տեղյակ ենք, որ ստեղծվել է Արցախի մեղվաբույծների ասոցիացիա։ Պետությունը համագործակցո՞ւմ է նրա անդամների, հանրապետության այլ մեղվաբույծների հետ։ Կա՞ն պետական աջակցության ծրագրեր՝ ինչպիսիք առկա են  գյուղատնտեսության մյուս ոլորտների համար։ 

- Այո, Արցախում ստեղծվել է մեղվաբույծների ասոցիացիա, որի նախագահն է մեղվաբուծության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող գործարար  Սուրեն Գրիգորյանը։ Պետությունը միշտ էլ համագործակցել և առաջիկայում նույնպես կհամագործակցի մեղվաբույծների ասոցիացիայի անդամների, ինչպես նաև մյուս մեղվաբույծների հետ։ Համոզված եմ, որ ինչպես գյուղատնտեսության մյուս ոլորտների համար, մեղվաբուծության համար նույնպես կլինեն պետական աջակցության ծրագրեր։