[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԿԸՆԴԳՐԿՎԻ ԵՎՍ ՄԵԿ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտից Ասկերան տանող մայրուղին վերջին ամիսներին ավելի բարեկարգ է երևում. նրա երկայնքով ձգվող ծառերը խնամված են, չորացած թփուտներ, խոտերի ու տերևների մնացորդներ չկան։

 Այդ աշխատանքները, պարզվեց, իրականացնում է ՙԽաչենշին՚ ՓԲԸ¬ն, որն ստեղծվել է սույն թվականի հունվար  ամսին, Ասկերանի կոմունալ տնտեսության, Ջրային տնտեսության և ՙԱրցախուղի՚ ընկերություններից մասհանված տեխնիկական բազայի հիմքի վրա։ 

Ինչպես իրազեկեց ՙԽաչենշին՚ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Բախշիյանը, Ասկերանի կոմունալ տնտեսության վերակազմավորման  արդյունքում ստեղծվել է ՙԽաչենշին՚-ը, որին է տրամադրվել  մեկ աշխատանքային բրիգադ՝ ՙԱրցախուղի՚ ընկերությունից, իսկ  Ջրային տնտեսությունը նրան է փոխանցել ոռոգման համակարգերի սպասարկման լիազորությունը:   Այսպիսով, ՙԽաչենշին՚ ՓԲԸ-ն իրականացնում է մի կողմից  սանմաքրման, կանաչապատման, ճանապարհների պահպանման և մասնակի վերանորոգման, մյուս կողմից՝ ոռոգման համակարգերի պահպանման ու  շահագործման գործառույթ։ Այս երկու ուղղություններով աշխատանքները կազմակերպվում են 2 բաժնի աշխատակիցների՝ թվով 85 հոգու,  ջանքերով։

Ինչո՞ւ նման կառույցի ստեղծման անհրաժեշտություն ծագեց: Հարցի առնչությամբ գործադիր տնօրենը պարզաբանեց, որ  մինչև նոր կազմակերպության ստեղծումն այդ բոլոր աշխատանքներն իրականացվում էին տարբեր կառույցների կողմից: Երբ ԱՀ  սահմանադրական բարեփոխումների արդյունքում  կառավարությունում կատարվեցին  կառուցվածքային փոփոխություններ, և համայնքներին որոշակի լիազորություններ  շնորհվեցին, առավել համակարգված,  արդյունավետ աշխատանքի  անհրաժեշտություն ծագեց՝  խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար,  ուստի և ստեղծվեց ՙԽաչենշին՚-ը: 

Ստեղծման օրից ի վեր ընկերությունն  Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարության հանձնարարականով արդեն հասցրել է բարեկարգել Նախիջևանիկ¬Ասկերան¬Վարդաձոր¬Ակնաղբյուր համայնքները կապող  20կմ¬ոց ճանապարհահատվածը, մաքրել ճանապարհի եզրերը: Նախատեսվում է նաև կարգի բերել նշված համայնքների գյուղամիջյան փողոցները, որոշ ներհամայնքային ճանապարհներ։ 

Մայիսիննյան տոնակատարությունների նախօրյակին և բարեկարգման միամսյակի շրջանակներում Ասկերանից Մարտակերտ տանող մայրուղու երկու կողմերում ավելի քան 1200 ծառ է տնկվել։ Ա. Բախշիյանի տեղեկացմամբ` ծրագիրը շարունակական է լինելու։ Կազմակերպության գործունեության հինգ  ամիսների ընթացքում մաքրվել և բարեկարգվել է շրջանի ոռոգման համակարգի 18 կմ¬ոց մի հատված։ Մեր հարցին ի պատասխան` Ա. Բախշիյանը նշեց, որ տեխնիկական հագեցվածության առումով  ընկերությունը բավարարված  է. ունեն 14 միավոր ինժեներական ու այլ մեքենակազմ, ինչն առկա աշխատանքներն իրականացնելու համար բավարար է։ 

Գյուղամիջյան ճանապարհների շինարարության հարցում ՙԽաչենշին՚ ՓԲԸ-ն համագործակցում է համայնքների, համապատասխան կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով շինարարական տեխնիկա։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ