Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԼԱՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ` ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ապրիլի 24-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում սկսվեց կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքների սկիզբը՝ Ստեփանակերտում գործող ՙՔարավան՚ ՍՊԸ-ի (տնօրեն՝ Հակոբ Հակոբյան) կողմից։

 Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացմամբ` հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով ՙՔարավան՚-ը կասֆալտապատի մոտ 3կմ ճանապարհահատված։ Ճանապարհաշինարարներն սկսել են նշված փողոցի ասֆալտի նախկին շերտի հեռացումը։ Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանի և ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ եղանք ճանապարհաշինարարների մոտ։ ՙՔարավան՚ ՍՊԸ աշխատակից, տեղամասի աշխատանքների ղեկավար Արշալույս Ազատյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից կմաքրեն ճանապարհի նախկին ասֆալտի շերտը, այնուհետև կսկսեն հարթեցումը, խճապատումը, այլ աշխատանքներ։ Ամռան ընթացքում կասֆալտապատվի Բերձորի Խաղաղության հրապարակից սկսվող փողոցը, որը հասնելու է շրջանային բուժմիավորում և քիչ հեռու։ Նույն օրը ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ տնօրեն Հովհ. Սահակյանի և գլխավոր ճարտարագետ Կարեն Դանիելյանի հետ այցելեցինք Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից դեպի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք ձգվող ճանապարհը բարեկարգող ճանապարհաշինարարներին։ Կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհը վերջին տարիներին դարձել է դժվարանցանելի, անձրևներից և ձնհալից առվակներ ու փոսորակներ են առաջացել: Ապրիլի 8-ից ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի կողմից սկսվեց ճանապարհի բարեկարգումը։ Աշխղեկ Սեյրան Պողոսյանը տեղեկացրեց, որ ճանապարհի բարեկարգումն սկսել են Խնձորեսկի մոտից և այս օրերի ընթացքում աշխատանքներ կատարել մոտ 20կմ հատվածի վրա։ Նշվեց, որ օրերս տեղացած անձրևները խանգարեցին իրենց, սակայն այժմ եղանակային պայմանները թույլ են տալիս նախատեսված ժամկետում ավարտել աշխատանքները։    

Օրվա ընթացքում եղանք նաև Իշխանաձոր գյուղում՝ անցնելով դաշտամիջյան ճանապարհով։ Աշնանացան հացահատիկի արտերն առատ բերք են խոստանում։ Իշխանաձորում շարունակվում են Ազատամարտիկների թաղամասում նոր բնակելի առանձնատների և հասարակական նշանակության շինությունների կառուցման աշխատանքները։ Թաղամասի հարևանությամբ այս տարվա սկզբից մոտ 10հա տարածք ազատվեց թփերից, մացառներից, և տեղում նռան այգի է հիմնվել։ Մոտ 30հա տարածք էլ ազատվել է եղեգներից ու մացառներից, տարածքում դրենաժ է փորվել։ Հողն արդեն հերկվել է, և մեր այցի պահին եղեգների արմատներից, քարերից և այլ ավելորդություններից այն մաքրվում էր։ Այստեղ էր շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով տեղեկացրեց, որ մոտ օրերս հողի մշակները կսկսեն մարգեր բացել հերկի վրա և տնկել բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները։ Տարածքում նաև  ջերմոցային տնտեսություն կհիմնվի՝ սածիլներ թողարկելու նպատակով։ Սա հնարավորություն կտա, որ Իշխանաձորից ու մոտակա բնակավայրերից մի քանի տասնյակ մարդ ունենան  մշտական ու սեզոնային աշխատանք։  

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր