[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քաշաթաղի շրջանի հարավային թևում՝ Իշխանաձոր գյուղի տարածքում, եղեգնապատ ու մացառուտներով լի տարածքները մաքրվել, տեղում 10հա նռան այգի է հիմնվել, իսկ մոտ 40հա-ի վրա էլ կմշակվի լոլիկ, պղպեղ, սմբուկ, ձմերուկ, այլ բանջարեղեն։

Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով հերթական անգամ Իշխանաձոր  էր այցելել շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը։ Հենց նա էլ տեղեկացրեց, որ այսկերպ նպատակ կա տարածքում աշխատատեղերի խնդիր լուծել։ 

Բացի իշխանաձորցիներից, գյուղատնտեսական ու շինարարական աշխատանքներում ընդգրկված են նաև հարևան համայնքների բնակիչներ։ Օրական մինչև 50, հաճախ ավելի մարդ է աշխատում այստեղ։ Արտադրված բանջարեղենի մեծ մասը կմթերվի ՙԱրցախՖրուտ՚ ընկերության կողմից։ Աշխատանքները ղեկավարում են Երիցվանքի և Փակահանի գյուղական համայնքների ղեկավարներ Զարզանդ Միքայելյանը և Արայիկ Եղիազարյանը։ Հողատարածքի հարևանությամբ շինարարներ էին աշխատում՝ պահեստ ու ավտոկայանատեղի են կառուցում։ Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը գոհ է գործընթացից, հատկապես ուրախ է, որ միայն իրենց գյուղից օրական 20-30 հոգի է ընդգրկված  այս աշխատանքներում։ Այժմ ընդհանուր 37հա-ի վրա է կատարվում է բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսը, սակայն կա հնարավորություն այլ տարածքներ ևս ազատել մացառներից, եղեգնից: Արդեն ցանքսի տակ դրված տարածքից կանխատեսվում է մոտ 1500տ բերք։ Գյուղատնտեսներ Արայիկ Հայրապետյանը, Արտակ Մելիքյանը և Սամվել Միքայելյանը վերահսկում են աշխատանքները, տալիս խորհուրդներ։ Նրանք վստահեցրին, որ աշխատանքներն ընթանում են ագրոտեխնիկական կանոններին համաձայն։ Միակ մտահոգիչը` եղեգնը նորից չաճի։ Ուստի տարածքը հնարավորինս մաքրվում է արմատներից, բացի այդ, փորվել են դրենաժներ։ 

Զրուցեցինք նաև բանվորների հետ։ Գոհ են, որ ունեն աշխատանք և օրական ստանում են 5000 դրամ գումար։ Վարդան Այվազյանը և Աննա Աղաբեկյանը Գետամեջ գյուղից են գալիս աշխատանքի, ունեն 5 անչափահաս երեխա։ Վարդանը մարգեր է ջրում, Աննան տնկում սածիլներ։ Բոլոր բանվորները գոհ էին նաև վարձավճարից։ Իշխանաձորից 6 երեխայի մայր Արմինե Ստեփանյանը գոհունակությամբ նշեց, որ նախ իրենց ընտանիքին հատկացվել է նորակառույց առանձնատուն Ազատամարտիկների նորակերտ թաղամասում։ Ամուսինն աշխատում է դպրոցում, ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ինքն էլ այստեղ աշխատանք ունի։ Մոտ մեկ տարի առաջ են Արարատի մարզից եկել Իշխանաձոր և այլևս վերադարձի մասին չեն մտածում։  

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ շրջեցինք նաև Թովմասարի տարածքում։ Այստեղ մոտ 10000հա հացահատիկի աշնան ցանքս է կատարվել։ Ընդհանուր պատկերը գոհացուցիչ է։ Ու եթե եղանակային վայրիվերումները չլինեն, բարձր բերքը երաշխավորված է:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր