[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հունիսի 2-ին շրջվարչակազմի ղեկավար  Իվան Ավանեսյանի նախաձեռնությամբ Հադրութի մշակույթի տանը կազմակերպվել է հանդիպում  շրջկենտրոնի և շրջակա համայնքների հասարակության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների հետ։ 

 Բացման խոսքում Ի. Ավանեսյանը նշեց, որ արդեն 8-րդ  ամիսն է, ինչ ղեկավարում է շրջանը, և ավելի մոտիկից է ծանոթացել առկա հիմնախնդիրներին, որոնք լուծում են պահանջում։ Ղեկավարման առաջին իսկ օրերից նա հանձնարարել է համայնքապետերին տեղերում ուսումնասիրել խնդիրները, բնակչության պահանջները և հայտ ներկայացնել շրջվարչակազմ` դրանք ըստ առաջնահերթության լուծում տալու համար։ Նման առաջարկություններ բոլոր համայնքները ներկայացրել են։ Այս հանդիպումը նպատակ է հետապնդում մեկ անգամ ևս լսելու առաջարկություններն ու առկա խնդիրները, ինչը հնարավորություն կտա համատեղ ուժերով լուծումներ գտնել։ 

Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերի գերակշիռ մասն անհատական բնույթի էր. վերաբերվում էին շինանյութերի հատկացմանը, քաղծառայության կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձանց աշխատանքի տեղավորման խնդրի հստակեցմանը` հաշվի առնելով մրցույթին մասնակից անձի տվյալ պաշտոնի համապատասխանությունը։ 

Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրյանի կողմից բարձրացված հարցերը վերաբերվում էին թոշակառուներին աշխատանքից ազատելուն և երիտասարդ կադրերին աշխատանքով  ապահովելուն, պետհիմնարկներում աշխատողների կատարողական կարգապահությունը բարձրացնելուն։ Հարցերի վերաբերյալ շրջվարչակազմի ղեկավարը տվեց սպառիչ պատասխաններ, նշելով, որ, իրոք, դեռևս կան պետական պաշտոնյաներ և համայնքների ղեկավարներ, ովքեր իրենց պարտականությունները  պատշաճ չեն կատարում, և առաջիկայում կանդրադառնան այդ հարցերին։ Այգեստան գյուղի բնակիչ Վ. Բաղդասարյանի կողմից բարձրացվեցին գյուղը խմելու ջրով ապահովելու, փողոցների բարեկարգման, ինչպես նաև գյուղին կից տարածքները վարձակալությամբ օրենքով հատկացնելու հարցերը։ Առաջարկվեց համայնքի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին պարզաբանում տալ։ 

Հարցերի առնչությամբ արտահայտվեց նաև շրջվարչակազմի ղեկավարը, ըստ որի` գյուղամիջյան փողոցներն առաջիկայում կխճապատվեն, լուծում կստանա նաև խմելու ջրի հարցը։ 

Նման հանդիպման ձևաչափը բնակչության սրտով էր. որոշվեց այն դարձնել շարունակական:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ