[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ

Իվան ԱՎԱՆԵՍՅԱՆԸ Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնել է անցյալ տարվա հոկտեմբերին:

Մինչ այդ նա մեծամասնական ընտրակարգով չորրորդ և հինգերորդ գումարումների ԱԺ պատգամավոր էր: Ավելի վաղ զբաղեցրել է Հադրութի քաղաքապետի, ԼՂՀ ՆԳ շրջանային բաժնի պետի, այլ պատասխանատու պաշտոններ: Արցախյան պատերազմի տարիներին եղել է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ: Պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով: Հայտնի է որպես հաջողակ գործարար: Իվան Ավանեսյանի հետ մեր հարցազրույցը շրջանում իրականացվող նոր ծրագրերի, գոյություն ունեցող հիմնախնդիրների և դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ է:

-Պրն Ավանեսյան, ստանձնելով այս պաշտոնը, օրենսդրական դաշտը փաստորեն փոխարինել եք գործադիրով, կարելի՞ է ենթադրել, որ գործունեության այս դաշտը Ձեզ համար ավելի սրտամոտ  է: Կարո՞ղ ենք արդեն խոսել իրականացված աշխատանքների մասին:

- Նախ ասեմ, որ  սրտամոտ լինելը չէ, որ ստիպել է ինձ ստանձնել այս պաշտոնը: Որպես պատգամավոր ևս ես փորձում  էի բարձրաձայնել մեր ժողովրդին հուզող հարցերն ու օգնել դրանց լուծման համար օրենսդրական դաշտը հստակեցնել: Այս պաշտոնն էլ պարտավորեցնում է իրականացնել կառավարության տարածքային քաղաքականությունը: Կարծում եմ` երկու դեպքում էլ նպատակը նույնն է. դառնալ մեր ժողովրդի հոգսերը կիսողը, ներկայացնել նրա խնդիրները պետական ատյաններում, թույլ չտալ, որպեսզի մեր ժողովուրդը հայտնվի հուսախաբության վիճակում: Չեմ սիրում բարձրագոչ բառեր, միայն ասեմ, որ այս պաշտոնն ավելի է ուժեղացրել շրջանի նկատմամբ պատասխանատվության այն զգացումը, որն ունեմ ի ծնե, քանի որ ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել ու  միշտ էլ  խորությամբ տեղյակ եմ եղել առկա խնդիներին: Ինչ վերաբերում է իրականացված աշխատանքներին, ապա ասեմ, որ նախորդ տարիների մասին և անգամ 2017-ի մասին չեմ խոսի, քանի որ շրջանը ղեկավարում եմ նախորդ տարվա հոկտեմբերից և, բնականաբար, անցած տարին չեմ կարող վերագրել ինձ: Ասեմ միայն, որ 2017-ը բարեհաջող ենք ավարտել` ընդհանուր առմամբ գրանցելով առաջընթաց ու դրական զարգացումներ,  գյուղատնտեսական տարին բավականին հաջող էր շրջանի համար: Չեմ ուզում թվերով հեղեղել մեր հարցազրույցը, նշեմ միայն, որ 2018թ. շրջանի հողատարածքներում կատարված ցանքսը երեք անգամ գերազանցում է վերջին տարիների ընդհանուր թիվը. նախկին 7800 հա-ի փոխարեն այսօր ունենք 22800 հա: Սա ես իսկապես նվաճում եմ համարում:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ տարածքներից ստացվելիք բերքից:

-Վիճակը մի փոքր մտահոգիչ էր` կապված տեղումների ձմեռային սակավության հետ, սակայն գարնան առատ անձրևները լրացրին բացը: Կարծում եմ, մեր հողագործներն այս տարվա բերքից դժգոհ չեն լինի: 

-Անդրադառնանք գյուղատնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման ջրի հարցին: Կխնդրեի նաև անդրադառնալ ոռոգման ցանցի բարելավման առումով Արաքսի գոտում իրականացված աշխատանքներին:

-Ասել, որ Հադրութի շրջանը ջրի բավականաչափ պաշարներ ունի, իհարկե, սխալ կլինի: Ոռոգովի ցանքատարածությունները հիմնականում տեղաբաշխված են Արաքսի և Իշխանագետի մոտակայքում: Արաքսի հովիտն իսկապես այդ առումով ամենահաջողված նախագիծն է: Գաղտնիք չէ, որ հովիտը վերջին տարիներին գտնվում է հանրապետության նախագահի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Իրականացված աշխատանքները քիչ չեն, մեծածավալ տարածքներ են մաքրվել, ոռոգման հնարավորություններն են ընդլայնվել, ջրանցքի վթարված հատվածներն են նորոգվել, նորերն են անցկացվել: Արաքսի հովտում ավելի քան 150 հա հողատարածքներում գարնանացան աշխատանքներ են իրականացվել: Տարածքի կայուն զարգացման նպատակով ընթացիկ տարվա սկզբին Գյուղնախարարության կողմից  ստեղծվել է ՙԱրաքսի գոտի՚ ՊՓԲԸ-ն, որը, եթե կարելի է այսպես ասել, բոլոր ծրագրերի համակարգողն է: Վերականգնվել են ավելի քան 60 հա  խաղողի այգիներ: Այգեգործության համար նախատեսված 80 հա-ից ավելի հողեր կան: Ուրախացնող նորություն է  անձրևացման երեք համակարգերի տեղադրումը, որոնք ամբողջ աշխարհում արդեն հայտնի են որպես ջրային պաշարների խնայողաբար օգտագործման լավագույն միջոց: Վերջին տարիներին շրջանում հաջողությամբ  զարգանում է նաև այգեգործությունը, ինչը ևս եկամտաբեր ճյուղ է բնակիչների համար: Շրջանի տարբեր հատվածներում մրգատու ծառերի տնկարկների ընդարձակման աշխատանքներն են շարունակվում, հիմնվում նոր այգիներ:

-Պարոն Ավանեսյան, ինչպե՞ս կգնահատեք Հադրութի շրջանի բնակչության սոցիալական վիճակը: Ո՞րն է շրջվարչակազմի դերը վիճակը բարելավելու հարցում:

 -Շրջանն ընդգրկում է 30 համայնք, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, որոնք էականորեն չեն տարբերվում  հանրապետության այլ համայնքներում առկա խնդիրներից: Շրջվարչակազմի բոլոր բաժինների գործունեությունը կազմակերպվում է այնպես, որ մենք մշտապես հասանելի լինենք բնակիչների համար:  Իհարկե, յուրաքանչյուր համայնքում առկա է բնակչության որոշակի հատվածի` աղքատությունը հաղթահարելու  խնդիրը: Մեր հիմնական անելիքն այդ աղքատության մակարդակը կրճատելն է ու  մարդկանց կենսապայմանները բարելավելը: Շրջանում չկա համայնք, որտեղ  ֆինանսական տարբեր աղբյուրների միջոցով համայնքի զարգացմանը նպաստող աշխատանքներ կատարված չլինեն: Պետությունն իր վրա վերցրած լիազորություններն է հնարավորությունների սահմաններում կատարում: Իհարկե, յուրաքանչյուր բնակչի սոցիալական խնդիրն անմիջապես լուծում չի ստանում, բայց շրջանի համար հեռահար նշանակության ծրագրեր ենք իրականացնում, որոնք, ցավոք, անմիջականորեն չեն ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա:

-Ո՞ր անելիքներն եք այսօր համարում առաջնահերթ:

- Մեր հիմնական խնդիրն է  շրջանում գործարկել այնպիսի ծրագրեր, որոնք համապատասխանում են  առկա հնարավորություններին: Պետք է նաև չմոռանալ, որ ցանկացած ծրագրի արդյունավետություն պայմանավորված է  նաև ժողովրդագրական աճով: Կարևոր է նաև գյուղտնտեսության և այլ ոլորտների զարգացմանը նպաստող  պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը: Բացի պետական ծրագրերից, ունենք նաեւ այլ ներդրումային փաթեթներով ընթացող աշխատանքներ, որտեղ ներառված են գերակա ոլորտները: Առաջնահերթ եմ համարում նաև շրջանի առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները, բժշկական կադրերի հարցն է շատ սուր, շարունակում ենք կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման ծրագրերը: Հրատապ է միջհամայնքային ճանապարհների բարեկարգումը: Իհարկե, խնդիրները շատ են, միջոցները`՝ սահմանափակ, բայց մենք ձգտում ենք առավելագույնն անել, երբեմն ներգրավելով անգամ  սեփական միջոցներ: Ո՞րն է մեր գլխավոր անելիքը.  մենք պետք է ստեղծենք աշխատատեղեր, գյուղացիներին օգնենք նոր տեխնիկա ձեռք բերելու հարցում: Գյուղատնտեսությունը պիտի զարգանա  ոչ միայն շնորհիվ խոշոր հողատերերի, ովքեր արդեն մասնագիտացել են այդ ոլորտում։ Այսօր անհրաժեշտություն կա  լիովին գործարկել Արաքսի հովտում դեռևս սկզբնական փուլում գտնցող պահածոների գործարանը, մտածել նմանատիպ նոր արտադրամասերի մասին: Սրանք լուրջ խթան կհանդիսանան, որպեսզի գյուղացին զբաղվի գյուղատնտեսությամբ,  միրգ ու բանջարեղեն աճեցնի, երիտասարդությունն աշխատատեղ ունենա, այլ ոչ թե աշխատանքի փնտրտուքներում մտածի ծննդավայրը լքելու մասին:  

Վերջին տարիներին շրջանում հաջողությամբ զարգանում է այգեգործությունը, ինչը ևս ուրախալի է։ Ունենք ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, ինչը չի եղել խորհրդային տարիներին։ Այս տարի լավ բերք է ստացվել ջերմոցներից և գրեթե ինքնաբավ վիճակ գրանցվել բանջարեղենի շուկայում: 

Շատ ենք խոսում անասնապահության զարգացման անհրաժեշտության մասին,  սակայն այստեղ ևս որոշակի վերլուծությունների կարիք կար: Շրջանի ցանքատարածությունների ու այգիների  հարակից տարածքները որպես արոտավայր օգտագործելը լուրջ վնաս էր գյուղատնտեսության համար:  Այս տարվանից մենք որոշել ենք անասնապահությամբ զբաղվող խոշոր ֆերմերների հետ կնքել պայմանագրեր, ըստ որոնց՝ նրանց տրամադրվելու են հստակ քարտեզագրված տեղանքներ՝ արոտավայրերի և ձմեռանոցների համար: Ի՞նչն եմ ուզում շեշտել. մենք պետք է ունենանք հստակ ծրագրեր՝ տվյալ համայնքի ու տարածքի հնարավորությունների ու պայմանների հաշվառմամբ, կկոչենք դա  տնտեսության դիվերսիֆիկացում, թե մեկ այլ անվանում կունենա` հարցի ոչ այնքան կարևոր մասն է: Մի խոսքով, խնդիրները շատ են, ու մեր բոլոր ջանքերն այսօր դրանց աստիճանական լուծմանն են ուղղված: Մեր խնդիրն է բացահայտել շրջանի տնտեսության այն ճյուղերի զարգացման ներուժը, որոնք թույլ են զարգացած, և ներդրողներին ուղղորդել նշված ոլորտներում իրականացնելու իրենց ծրագրերը:

-Քիչ առաջ  Հադրութի կենտրոնում հավաքված մի խումբ երիտասարդների հետ ենք զրուցել, նրանք ասացին, որ Դուք շատ մեծ տեղ եք տալիս բարեգործությանը: Ձեր անձնական միջոցներով   Հաղթանակի տոն է կազմակերպվել` հյուրասիրություններով ու համերգով: Հիշեցին նաև, որ կանանց տոներին Հադրութի փողոցներով անցնող յուրաքանչյուր կին ծաղիկ է ստացել շրջվարչակազմի անունից: Մտավախություն չունե՞ք, որ նման քայլերը կարող են նաև պոպուլիստական որակվել:

-Կարծում եմ, մեր բնակչությունն արժանի է հաճելի անակնկալների: Նման միջոցառումներում ես որևէ այլ նպատակ երբևէ չեմ հետապնդել: Մինչ այս պաշտոնին անցնելը միշտ էլ հնարավորությունների սահմաններում օգնել եմ բոլոր նրանց, ովքեր որևէ խնդրանքով դիմել են ինձ: Հաջողության հասել եմ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում:  Ես սիրում եմ աշխատել և պահանջել աշխատանք, որովհետև մեր գործատուն ու մեր աշխատանքից արդյունք ակնկալողը մեր ժողովուրդն է:

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ