ՊՐՈԲԻՈՏԻԿ ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՆՈՐ ՄԹԵՐՔ

 

 

 

ՀՀ  կրթության  և  գիտության  նախարարության  գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցության շնորհիվ 2011-2017  թվականներին  Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանության լաբորատորիայի գիտաշխատողներն ուսումնասիրել են  Արցախի   տարբեր շրջանների կաթնաթթվային բակտերիաների կենսաբազմազանությունը։

Այս  մասին    մեզ   հետ  զրույցում   ասել  է    Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանության լաբորատորիայի պատասխանատու, գիտաշխատող Արևիկ  Իսրայելյանը։

Նրա   խոսքով՝   ներկայումս    Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանության լաբորատորիայում պահվում է ավելի քան 200 կաթնաթթվային բակտերիա, ստեղծվել է կաթնաթթվային մանրէների գենոֆոնդ, ընտրված են պրոբիոտիկ հատկություններով օժտված էնդեմիկ մանրէներ, որոնք հիմք կարող են հանդիսանալ ֆունկցիոնալ սննդի արտադրության, բժշկության և անասնաբուժության համար։ 

ՙՀայտնի է, որ Արցախում և Հայաստանում կաթնամթերքի արտադրությունում հիմնականում օգտագործվում է արտասահմանյան հայտնի ֆիրմաների մերան։ Կարծում  ենք՝   հարկ    է    օգտագործել    մեր տեղական էնդեմիկ մանրէները, քանի որ վաղուց ի վեր հայտնի է, որ յուրաքանչյուր տարածաշրջանի և, բնականաբար, նաև մեր օրգանիզմին բնորոշ է տեղի մանրէների կենսաբազմազանությունը։ Օգտագործելով ներկրված մերան՝  կարող ենք խնդիր ունենալ էնդեմիկ մանրէների անհետացման  գործում։  Հաշվի  առնելով  այս  ամենը՝   սկսեցինք  զբաղվել   ՙԱրցախլակտ՚    անվանումն  ստացած   պրոբիոտիկ կաթնաթթվային մթերքով՚,-պարզաբանել    է  Ա.  Իսրայելյանը։

ՙԱրցախլակտ՚ պրոբիոտիկ կաթնաթթվային մթերքի սերիական արտադրության գաղափարը պատկանում է ՀՀ Գիտությունների    ազգային  ակադեմիայի   ՙՀայկենսատեխնոլոգիա՚ գիտաարտադրական  կենտրոնի   սննդի կենսաանվտանգության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական  գիտությունների  թեկնածու Ֆլորա Տխրունուն և Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանական լաբորատորիայի գիտաշխատողներ Արևիկ Իսրայելյանին և Լիլյա Առստամյանին։

Թե    ինչ  է   իրենից  ներկայացնում  ՙԱրցախլակտ՚-ը,   մեր  զրուցակիցը  պարզաբանել  է, որ   այն   Արցախի Հանրապետության էնդեմիկ, պրոբիոտիկ կաթնաթթվային մանրէների  (Enterococcus durans և Lactobacillus acidophilus) մաքուր կուլտուրաներով բնական պաստերիզացված կովի կաթի խմորման ճանապարհով ստացված ֆունկցիոնալ սննդամթերք է։ Այն ունի նուրբ կաթնաթթվային համ ու հոտ, կաթնասպիտակավուն գույն։ Շնորհիվ կենսաբանական բարձր առանձնահատկությունների՝  կաթնամթերքը կիրառվում է որպես պրոբիոտիկ.  այն նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։

Ա.  Իսրայելյանն    ավելացրել  է, որ   ՙԱրցախլակտ՚-ը   կարևոր դեր է խաղում աղիքային միկրոֆլորայի կարգավորման գործում։ Կաթնամթերքում պարունակվող կաթնաթթվային բակտերիաներն օժտված են հակաօքսիդանտային հատկությամբ և հակամանրէային բարձր ակտիվությամբ՝ լայն սպեկտրի ախտածին և պայմանական ախտածին միկրոֆլորայի ներկայացուցիչների  նկատմամբ.  այն  վերականգնում է աղիների նորմալ միկրոֆլորան։ 

Ա.  Իսրայելյանը նաև   տեղեկացրել  է, որ    արտադրանքը    շուտով  հասանելի   կլինի սպառողներին։

 

Վեհանուշ   ՀՈՎՍԵՓՅԱՆ