[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌՈՒՅՑ, ՈՐ ԿԱՐԻՔԱՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ Է

Արցախի նորօրյա տարեգրության մեջ, ի մասնավորի` նորանկախ մեր հանրապետության տնտեսության զարգացման, սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման գործում անուրանալի դերակատարություն ունեն բարեգործական հիմնադրամները:

Դրանցից ամենաերիտասարդը թերևս ՙՎիտալի Գրիգորյանց՚ բարեգործական հիմնադրամն է, որը ստեղծվել է 2016 թվականին։ 

Կառույցի հիմնադիր Վիտալի Սարգսի Գրիգորյանցը` բարեսիրտ և մեծահոգի մի անձնավորություն, երբեք անտարբեր չի մնացել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց նկատմամբ։ Դեռ մինչև հիմնադրամի ստեղծումը Վիտալի Գրիգորյանցն օգնել է շատերին։ Այնուհետև ծնվել է բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ինչը հնարավորություն կտար կարիքավորներին առավել ծավալուն և նպատակային օգնություն ցուցաբերել։ Հիմնադրամը նպատակ ունի բարձրացնել մարդկանց կենսամակարդակը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի տարածքում։ Իր գործունեության ընթացքում այն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնցից առաջինը բազմաբնակարան շենքի շինարարությունն էր Ստեփանակերտում. 2016 թվականի հոկտեմբերի 31-ին բարեգործը մասնակցել է զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար Ստեփանակերտի Թումանյան փողոցում իր աջակցությամբ կառուցվելիք բազմաբնակարանային շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։

Հարկ է նշել, որ ընդհանուր 7100 քառ.մ շինարարական տարածք ունեցող, 108 բնակարանի համար նախատեսված 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկերով շենքի կառուցման ծրագրի նախնական արժեքը կազմում է ավելի քան 7մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է, շինարարական կազմակերպությունը շտապում է ավարտել ծրագիրը 2019 թվականի սեպտեմբերին։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր շնորհակալությունն է հայտնել Վիտալի Գրիգորյանցին, նշելով նրա հայրենանվեր գործունեությունը, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը։ 

Հիմնադրամը զգալի աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի խոցելի խավերին. բազմազավակ, հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների աջակցությանն ուղղված հերթական բարեգործական ծրագիրն իրականացվեց 2017 թվականի մարտի վերջին։ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել 2017 թվականի արտադրության TOYOTA Hilux մակնիշի 3 ավտոմեքենա, որոնք հանրապետության կառավարության երաշխավորությամբ հանձնվել են հասցեատերերին։

Հաջորդ գործը ֆինանսական աջակցությունն էր Շահբազյանների ընտանիքին։ 37-ամյա Կամո Շահբազյանը երեք երեխաների` ապագա զինվորների, և կնոջ հետ, ով սպասում էր հերթական երեխային, ցրտաշունչ ձմռանը մնացել էին առանց օթևանի։ Անելանելի դրության մեջ հայտնված Կամոն ստիպված էր եղել ընտանիքի անդամներին տեղափոխել շենքի նկուղային հարկ։ Հիմնադրամն արագ արձագանքեց ստեղծված իրավիճակին և կարճ ժամկետներում լուծում տվեց խնդրին. Ամանորին ընդառաջ ՙՎիտալի Գրիգորյանց՚ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը մատուցեց հերթական անակնկալը։ Նկուղում ապրող ընտանիքն ունեցավ սեփական բնակարան: Որոշ ժամանակ անց Հիմնադրամը երջանկացրեց մեկ այլ ընտանիքի։ Արսեն Միքայելյանը պատահմամբ տեղեկացավ Ղուկասյանների խնդրի մասին և որոշեց բնակարան ձեռք բերել բազմազավակ այս ընտանիքի համար։ Այսօր դա իրականություն է:

ՙՎիտալի Գրիգորյանց՚ բարեգործական հիմնադրամը չի շրջանցում նաև առողջապահության ոլորտները։ Մեկ տարվա ընթացքում բազմիցս Հիմնադրամ են դիմել սրտի հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց վիրահատության ծախսերը ֆինանսավորվել են: Ներկայում Հիմնադրամն օգնում է մի երեխայի, ով անսպասելի հիվանդացել է լեյկեմիայով (սպիտակարյունություն)։ Երեխայի հայրը հուսահատ վիճակում դիմել է տնօրեն Արսեն Միքայելյանին` ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով։ Անմիջապես կազմակերպվել է օգնությունը, քանզի այս հիվանդության բուժման ժամանակ յուրաքանչյուր օրն էլ ճակատագրական է։ Երեխային անմիջապես նշանակվել է համապատասխան բուժում, որն ընթանում է հաջողությամբ։ 

Այսպիսով, ՙՎիտալի Գրիգորյանց՚ բարեգործական հիմնադրամը հաջող մեկնարկով բռնել է բարի գործերի ուղին։ Առջևում նախատեսվում են բազմաթիվ նոր և հասարակության համար օգտակար ծրագրեր, որոնք միանշանակ իրագործվելու են։ Հիմնադրամի աշխատանքներին կարելի է հետևել FACEBOOK սոցիալական ցանցում (ՙՎիտալի Գրիգորյանց՚ բարեգործական հիմնադրամ)։

 

Մհեր ԻՍՐԱՅԵԼՅԱՆ