[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԲՐԵՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

Հունիսի 22-24-ն Արցախում էր գտնվում բրենդինգի և գովազդի շուկայում մեծ փորձ ունեցող հայտնի մասնագետների մի խումբ՝ Հայաստանի գովազդային խորհրդի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ով միաժամանակ նաև ՙԱնտարես՚  մեդիահոլդինգի ղեկավարն է: Խումբը   Ստեփանակերտում անց է կացրել արցախյան բրենդի ձևավորման և զարգացման վերաբերյալ սեմինար-քննարկում:

Այն նախաձեռնել էր  ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և կրում էր  ՙԱրցախի բրենդինգ. զարգացման հեռանկարներ, գաղափարից դեպի մարմնավորում, միջազգային փորձ՚ խորագիրը:  

Հիշեցնենք, որ 2010 թվականից ի վեր  միջազգային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ այցելում են Արցախ  և աշխատանքներ տանում երկրի բրենդի ձևավորման ուղղությամբ: Նրանց պնդմամբ, այդ աշխատանքներն իրականացնելիս կարևոր է հասկանալ նաև այստեղ ապրողների, այսինքն` այդ բրենդն  իրականում գործածության մեջ դնողների, մարմնավորողների  կարծիքն ու զգացողությունները, հակառակ դեպքում այն չի աշխատի: Ա. Մարտիրոսյանի  խոսքով՝  ցանկացած տարածքային բրենդի համար տվյալ երկրի հասարակությունը, բնակչությունն ինքը պետք է գործածեն այն, քանի որ իրենք են այդ վայրի արժեհամակարգը կրողը: Տեղեկացանք, որ ներկայում սեղանի վրա է Արցախի բրենդի աշխատանքային տարբերակը, որն անվանել են  ՙՎայր, որտեղ իմաստ կա՚, բայց ավարտական տեսքի բերելու և աշխատանքն ամփոփելու համար, ինչպես նշվեց,  կարևոր է նաև  տեղացիների տեսակետը:

Ինչպե՞ս ծնվեց արցախյան բրենդ ստանալու գաղափարը: Այս մասին Ա. Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանի գովազդային խորհուրդը, որը ներկայումս աշխատում է այդ ուղղությամբ, և որը տարիներ շարունակ անց է կացնում  ՙՊոպոք՚ գովազդային միջազգային փառատոնը և նրա   մասնակիցներին  մի քանի օրով այցեության է բերում  Արցախ, վերջիններիս առաջարկությունները հիմք ընդունելով է  սկսել աշխատել  այդ ուղղությամբ: Նրանց հետաքրքրում էր, թե  ինչու՞ նորանկախ մեր հանրապետությունը բրենդ չունի, և, ԱՀ կառավարության հետ քննարկումից հետո, մեկնարկել է Արցախի բրենդի ստեղծման գործընթացը: Այս անգամ խումբն Արցախում է, վերջնական տեսքի բերելու  այդ ուղղությամբ իրականացվող   աշխատանքը: 

Սեմինարի մասնակիցներին  ողջունելով` Հայաստանի գովազդային խորհրդի ղեկավարը նշել է, որ տարածքային բրենդինգը պետք է լինի ամենաազնիվը և ճշմարտությանը մոտիկը:

Սեմինար-քննարկմանը  խմբի անդամները կիսվել են իրենց և այլ գործարարների հաջողված փորձով՝ բրենդինգի և գովազդի ոլորտում, նորարաություններով:  Վիտա Հայսմանը՝ Լատվիայից, ով Արցախում  արդեն երրորդ անգամ է, ներկայացրել է մի քանի  հիմնական գործոններ, որոնք անհրաժեշտ են Արցախում  բնագավառը զարգացնելու համար: Նրա խոսքով` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես մի քանի ուղղությունների՝ զբոսաշրջության, մշակութային ժառանգության, կառավարման ոլորտների վրա:

ՙPrime Commercial՚ գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանն  անդրադարձել է տարածաշրջանի տուրիստական գրավչությանը, զբոսաշրջության ոլորտում առկա  դրական եւ բացասական կողմերին, ինչպես նաև բրենդինգի զարգացման համար օգտագործվող հիմնական գործիքներին: Նա  տեղի գործարարներին խորհուրդ է տվել ուշադիր լինել, հետևել առկա թրենդներին, որոնք բիզնես-միջավայրի ձևավորման և պոտենցիալ սպառող գտնելու  տեսանկյունից անչափ կարևոր են, օգտագործել համացանցի անսպառ հնարավորությունները:  

ՙԲիզնեսի զարգացման համար այսօր նպատակահարմար է օգտագործել համացանցը: Բրենդինգի զարգացման գործում մեծ տեղ ունի նաև ՙթրենդ՚ հասկացությունը: Google և Yandex ծառայությունները հնարավորություն են տալիս որոնողական համակարգի միջոցով պարզել տվյալ շրջանին բնորոշ թրենդինգային բառերն ու հասկացությունները: Գովազդն իր մեջ կրում է երկու հիմնական կետ՝ գովազդային հաղորդակցության ստեղծում, երբ առկա է համապատասխան մեսիջը և դրա տարածումը: Այդ առումով շատ կարևոր է դրա հանրայնացման դերը՚,- նշել է Ս. Սահակյանը: 

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցվել են տարբեր հարցեր և առաջարկություններ: Սեմինարի մասնակիցներն ընդգծել են Արցախի առանձնահատկությունները. քաղաքական կարգավիճակը, տարածքի և բնակչության փոքր չափերը,  արցախցիների հոգեկերտվածքը (մենթալիտետ), որոնք կարող են գովազդային շուկայում հաջողությամբ կիրառվող  գործիքները որոշակիորեն անարդյունավետ կամ քիչ արդյունավետ դարձնել: 

Հանդիպման երկրորդ փուլը կայացել է Շուշիում, ներկա է եղել նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Կլոր սեղանի շուրջ քննարկվել է նույն թեման. Արցախի հնարավորությունները, մշակութային, ավանդական ներուժը, որոնք կարող են օգտագործվել Արցախի բրենդի ստեղծման ժամանակ: Այցի ընթացքում կազմակերպիչները եղել են  Արցախի տեսարժան վայրերում, այցելել են Հունոտի կիրճ, Շուշիի դրամի թանգարան, Պատկերասրահ:  

 

;

Սրբուհի ՎԱՆՅԱՆ