Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

Հիրավի, նուռը մրգերի թագավորն է, աշխարհում ամենաթանկարժեք մրգերից մեկը:

Նռան հայրենիքը համարվում են Միջին Ասիան և Մերձավոր Արևելքը: Իր յուրահատուկ համով առանձնանում է հայկական, առանձնապես` Արցախի նուռը: 90-ականների պատերազմական գործողություններից հետո Արցախում նռան մշակությունը գրեթե դադարել էր: Եղածը խորհրդային տարիներից մնացած այգիներն էին, որոնք տարիների ընթացքում ծերացել և շատ ցածր բերքատվություն ունեին: Վերջին տարիներին, սակայն, եռապատկվել են նռան այգիները: Արցախի հարթավայրային գոտիներում` ծովի մակարդակից 400-500 մետր բարձրության վրա, նուռը համարվում է ամենահարմար մշակաբույսը, որովհետև տարածաշրջանն ունի բարենպաստ  կլիմա, ձմեռն էլ խիստ չէ: Մարտունու շրջանը նույնպես գտնվում է նշված գոտում: 

Վերջին տարիներին Մարտունու շրջանում զարկ է տրվել նռան այգիների մշակությանը: Շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանն ասվածը թվերով է ներկայացնում:

Հունիսի 15-ի դրությամբ շրջանում առկա է 314,29հա  նռան այգի (2016թ. համեմատ ավելացել է 40,5հա-ով), որից 200,84հա-ն հին է, 113,45հա-ն նորատունկ` 1-4 տարեկան, բերքատու է 198,03հա-ն: 270,3հա-ն ոռոգովի համակարգի տակ է, որից արտեզյան ջրհորերով` 172,3հա, կաթիլային` 98հա: Այգիներից ոռոգված է 113,2հա: Նախատեսվում է 2018-2019թթ. հիմնել ևս 50հա նորատունկ նռան այգի` կիրառելով կաթիլային ոռոգման համակարգ: ՙՆռան այգու հիմնադրման համար անչափ կարևոր է համապատասխան պայմանների առկայությունը՚,- ասում է Ռ.Վանյանը` ընդգծելով, որ գյուղամերձ տարածքներում, որոշակի բարձրության  վրա, առատ բերք չի երաշխավորվում, քանի որ այն արևադարձային, ջերմասեր կուլտուրա է և ցրտադիմացկուն չէ: Նռնենին չունի ուղղաձիգ, խորը գնացող արմատներ, բայց բավականաչափ չորադիմացկուն է և լավ զարգանում է փուխր, ջրաթափանց հողերում: Մինչև 2009թ. շրջանում չի ցրտահարվել ոչ մի նռան այգի: Այսօր բնակլիմայական պայմանները փոխվել են. շատացել են ցրտահարության դեպքերը, ուստի պտղատու այգի հիմնադրելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այգու տեղի ճիշտ ընտրությանը: 

Շրջանի գյուղոլորտի պատասխանատուն հավաստիացնում է` այստեղ հողը բերրի է, պետությունն էլ ամեն կերպ աջակցում ու խրախուսում է հողօգտագործողին` զբաղվելու պտղաբուծությամբ, հատկապես նռան այգիների ընդլայնմամբ: ԱՀ կառավարության նոր հայեցակարգի համաձայն` 2018թ. ապրիլից նոր հիմնադրվող և մինչև երկու տարեկան բազմամյա տնկարկների, ինչպես նաև ծխախոտի մշակության համար ոռոգման կաթիլային համակարգի տեղադրման նպատակով հողօգտագործողներին  աջակցություն է ցուցաբերվում համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց և նույնքան անտոկոս փոխառության միջոցով, իսկ երեք և բարձր տարիքի բազմամյա տնկարկների դեպքում` համակարգի ամբողջ արժեքի չափով անտոկոս փոխառության տրամադրմամբ:

Ռ. Վանյանը ներկայացրեց շրջանի այն հողօգտագործողների ցուցակը, ովքեր ցանկություն են հայտնել կաթիլային համակարգով ոռոգվող նոր այգիներ հիմնել և ունեցած այգիներում կաթիլային համակարգ տեղադրել: Նրանք 28-ն են, որոնցից 18-ը նռան այգիների մշակությամբ զբաղվողներ են (Մարտունի, Ճարտար, Կարմիր Շուկա, Պառավաթումբ, Սպիտակաշեն, Խնուշինակ, Բերդաշեն համայնքներից): Նա նաև իրազեկեց, որ նվազագույնը 10հա մակերեսով գործող այգի ունենալու և հետագայում ևս առնվազը 10հա-ով այգու տարածքը մեծացնելու հնարավորության, անհրաժեշտ ջրային ռեսուրսների, ենթակառուցվածքների և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում պետական կամ այլ միջոցներով կկառուցվեն խորքային հորեր (արտեզյան ջրհորեր):

Բերդաշենից Անդրանիկ Ալավերդյանը շրջանի հին, այգու մշակման նրբություններին տիրապետող այգեգործներից է: Նա 5հա նռան այգի է մշակում: Տնկիներն աճեցրել է իր իսկ ձեռքերով: Սկզբում 1500, ապա 2000 տնկի է աճեցրել, այսօր ունի 30.000 տնկի: Նրա խոսքով` մշակումը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է բերք ստանալ արդեն 3-րդ տարում: 10-րդ տարուց սկսած՝ նռան ծառը հասնում է իր լավագույն բերքատվությանը, 15 տարեկանից հետո սկսում է նվազեցնել բերքատվությունը: 25-30 տարեկան այգին համարվում է ծեր: Նա այգու ծառերի մի մասը տնկել է 10 տարի առաջ` սեփական միջոցներով, մյուս մասը` 4 տարի առաջ` հիփոթեքային վարկավորմամբ: Հա-ի վրա աճում է 625 ծառ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեկ ծառից ստացվում է 40-50կգ բերք, այսինքն՝ հեկտարից 20-30տ: Այգին խնամում է արտեզյան և ոռոգման ջրերով, որոնք բավականացնում են նրա մշակությանը, և կաթիլային  համակարգի անցնելու պահանջը չի զգացվում: 

-Տարվա ընթացքում 4 անգամ`  մայիսից մինչև օգոստոսի 1-ը, ծաղկում է: Առաջին ուտելու նուռը քաղում եմ արդեն սեպտեմբերի վերջին, -ասում է Ա. Ալավերդյանը:-Բերքի իրացման խնդիր չկա, ընդհակառակը, պահանջարկը մեծ է ոչ միայն Մարտունու շրջանում, այլև Արցախի ու Հայաստանի ողջ տարածքում, իսկ գինը պայմանավորված է որակով ու տեսակով: 

Անդրանիկ Ալավերդյանի ընկերը` բերդաշենցի Սանասար Գրիգորյանը, 7հա-ի վրա 4 տարեկան այգի ունի, որը հիմնել է հիփոթեքային վարկավորմամբ և ԳԳԱՀ-ի աջակցությամբ: 2017թ. պետաջակցությամբ անցել է ոռոգման կաթիլային եղանակի: Այգում աճում է ՙԳյանջա՚ տեսակի նուռը, որը կարմիր, լավ սորտի նուռ է: Կտրոնների ձեռքբերման և արմատակալների աճեցման աշխատանքներով անձամբ է զբաղվել: Այսօր այգում աճում է 4375 ծառ, յուրաքանչյուր հա-ի վրա` 625 հատ: Ձեռք բերված պայմանագրի համաձայն` Սանասարը բերքն իրացնում է ՀՀ-ում` բնական հյութերի, պահածոների արտադրությամբ զբաղվող ՙՍիս նատուրալ՚ ՓԲԸ-ում: Ի տարբերություն ոռոգման հին եղանակի, որով հնարավոր էր միայն տարին երկու անգամ ոռոգել այգին, այժմ, շնորհիվ կաթիլային համակարգի, այն ոռոգվում է շաբաթը մեկ անգամ, ինչը շատ արդյունավետ է: Առաջին հայացքից նռան այգու մշակությունը թվում է քիչ ծախսատար ու շահավետ, բայց եթե մշակում ես այնպես, ինչպես հարկն է` բոլոր ագրոկանոններով, ծախսատար է, բայց և բերքատվությունն է մեծանում։ Պահանջարկը մեծ է, շուկան էլ առկա է բերքն իրացնելու համար: 

Նորշենցի այգեգործ Կամո Կարապետյանը 2015թ. 18հա-ի վրա նռան այգի է հիմնել, ապա կաթիլային ոռոգման անցել, պետական աջակցությամբ, 50 տոկոս անհատույց, 50 տոկոս անտոկոս փոխառության կարգով: Կտրոնների ձեռքբերումը և արմատակալների աճեցման ու խնամքի աշխատանքներն անձամբ է կատարել: Սպասում է այգու առաջին բերքին:

 Վազգենաշենից Սոս Աղաջանյանը 60հա նռան այգի է մշակում, որից կաթիլային ոռոգման տակ է 43,5հա-ն: Կաթիլային համակարգին անցնելուն աջակցել է պետությունը: Չորս տարեկան այգի է, հիմնել է սեփական միջոցներով: Տնկիները ձեռք է բերել Մեղրիի տարածաշրջանից և Իրանից: Երրորդ տարում այգին բերք է տվել` 100 տոննա նուռ, որը սպառել է Երևանում: 

Զրուցակիցներս ասում են. խորհրդային տարիներին Արցախում աճում էր նռան մոտ 40 տեսակ, այժմ դրանցից մնացել է մոտ 10-ը` ուժեղ տեսակները: Նռան հիմնական տեսակը  ՙԳյուլաշն՚ է, որն ունի բազմաթիվ տարատեսակներ: Դրանցից մեկը կիսաքաղցր ՙՄալասն՚ է: ՙԳյուլաշը՚ լինում է վարդագույն, քաղցր և թթու: Ամենատարածվածը ՙԿարմիր՚ և ՙՄալաս՚ տեսակներն են: Դրանք տալիս են բարձրակարգ հյութ: Ուտելու համար շատ ավելի հաճելի է ՙՄալասը՚, ՙԿարմիրն՚ ավելի թթու է: Վարդագույն նուռն ավելի շատ սեղանին դնելու համար է, իրականում այն իր որակով զիջում է մյուսներին, նրանից անգամ հյութ չես կարող քամել: Այս միրգը դժվար է երկար պահել, միայն որոշակի պայմաններում է այն մինչև ապրիլ-մայիս պահպանվում: 

Արցախի նուռն առայժմ միջազգային շուկաներում իր տեղը չունի: Հուսանք` այն մի օր կհասնի որակի բարձր մակարդակի, իսկ նուռ արտադրողները կունենան սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա թարմ նուռ մատակարարել կլոր տարին:

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի