[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵՆ ԸՍՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սեպտեմբերի 14-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշենի համայնք, հանդիպել գյուղի բնակիչների հետ։ Բերդաշենն Արցախի խոշոր գյուղերից է. բնակչության թիվը` 1592։

Սա այն համայնքներից է, որտեղ ապրող երիտասարդները բախտ չեն փնտրում քաղաքներում։ Ու պատահական չէ, որ գյուղի միջնակարգը երկու հարյուրից ավելի աշակերտ ունի։ Հենց դպրոցում էլ կայացել է երկրի ղեկավարի հետ հանդիպումը։ 

1975թ. կառուցված շենքը երբևէ հիմնովին չի վերանորոգվել։ Կրթօջախի տնօրեն Արտակ Զարգարյանի խոսքով՝ շինարարական միջամտության կարիք կա. անձրևային եղանակներին դպրոցի բակում քայլելը դառնում է անհնար։ Իսկ ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնում են նկուղային հարկում: 

Բերդաշենի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը վերանորոգվելու է միջնաժամկետ ծախսերի պետական ծրագրի շրջանակներում։ Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ դպրոցին կից կառուցվելու է մարզադահլիճ, որը ծառայելու է ոչ միայն դպրոցականներին, այլև ողջ համայնքին։ Այս աշխատանքներից հետո կրթօջախի բակն ամբողջությամբ բարեկարգվելու է։ Հանձնարարականը տեղում ստացել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։

Ավարտվող գյուղատնտեսական տարին Բերդաշենում բարեհաջող չէր։ Գյուղացիներից շատերը զբաղվում են հացահատիկի մշակությամբ, որի համար բավարար տեղումներ չեն եղել։ Համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանի տեղեկատվության համաձայն՝ շատերը հեկտարից ստացել են վեց ցենտներ միջին բերքատվություն, ինչը չի ապահովում անգամ գյուղացու ներդրումները: 

Հաջորդ տարում հացահատիկի առատ բերք ստանալու համար բերդաշենցիները Նախագահի հետ հանդիպմանն առաջարկել են կյանքի կոչել սև ցելի ծրագիրը՝ ակնկալելով կառավարության աջակցությունը։ Բակո Սահակյանը հիշեցրել է, որ իշխանություններն անտարբեր չեն գյուղացու խնդիրների նկատմամբ, և այս քաղաքականությունն Արցախում շարունակվում է: ՙԱյս տարիների ընթացքում մենք երբևէ անուշադրության չենք մատնել տեղերում առկա խնդիրները և մեր հնարավորությունների շրջանակում ամեն կերպ նպաստել ենք և շարունակում ենք նպաստել այդ խնդիրների լուծմանը՚,-հայտարարել է երկրի ղեկավարը։

Այս համայնքում առկա է խմելու և ոռոգման ջրի, ճանապարհների բարեկարգման, համայնքային կենտրոնի և ակումբի խնդիր։ Գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատելու գյուղացիների խնդրանքի կատարումն այս պահին երկրի ղեկավարը հնարավոր չի համարում։ Ճանապարհաշինարարության տեսանկյունից առաջիկայում պետական միջոցներն ուղղվելու են Տիգրանակերտ-Մարտունի մայրուղու կառուցմանը։ Նախագահ Սահակյանի գնահատմամբ՝ ճանապարհը ռազմավարական առումով շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է անելիքներին, ապա հանրապետության ղեկավարն առաջարկել է անելիքները դասակարգել ըստ առաջնահերթությունների և աշխատել կառուցողական մթնոլորտում՝ հայտարարել այն, ինչ հնարավոր է անել ներկայում:

Շուրջօրյա ջրամատակարարման փոխարեն այս տարեշրջանում Բերդաշենում խմելու ջուր են ստանում գրաֆիկով։ Պատճառը ջրի նվազումն է, որը ստիպում է պահեստավորել ջուրը՝ մինչև հաջորդ օրը։ Խնդրի լուծումը Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը տեսնում է Բերդաշենի խորքային ջրհորերը մաքրելով, որի ուղղությամբ համապատասխան մասնագետների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն։ Օհանյանի վստահեցմամբ՝ հարցը լուծվելու է առաջիկա հոկտեմբեր-նոյեմբերի ամիսների ընթացքում: Աշխատանքների նախահաշիվը պատրաստ է, այն կազմում է շուրջ քսանմեկ միլիոն դրամ։ Գումարը տրամադրելու է Գյուղատնտեսության նախարարությունը՝ համապատասխան պայմանավորվածություն արդեն իսկ կա։ 

Բերդաշենում լիահույս են, որ խորքային ջրհորերը մաքրելով խմելու ջրի ավելցուկ կունենան։ Երկրի ղեկավարի հանձնարարությամբ Բերդաշենի տարածքում ևս կօգտվեն ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի արտեզյան ջրհորերի ծրագրից։ 

Հանդիպմանը Բերդաշենի բնակիչները բարձրացրել են համայնքային կենտրոն և դահլիճ ունենալու հարցը։ Հաշվի առնելով, որ գյուղն ունի հանդիսությունների տուն՝ պետության ղեկավարը հակված է մտածելու, որ համայնքի վարչակազմին պետք են գրասենյակներ՝ աշխատանքները կազմակերպելու համար։ Դահլիճի մասին խոսելիս Բակո Սահակյանն առաջարկել է ուսումնասիրել բազմաֆունկցիոնալ դահլիճ կառուցելու հնարավորությունները։ Խնդրի լուծմանն աջակցում է համագյուղացի ճարտարապետ Սևակ Ասրյանը՝ հեղինակելով գյուղի զարգացման նախագծերը։ 

Բերդաշենցիներին մտահոգում է իրենց՝ հանրահայտ հուշակոթողի ճակատագիրը։ Գյուղացիների խոսքով՝ այստեղ գտնվող շինության տանիքը փլվում է, մինչդեռ տարածքը խոշոր զբոսաշրջավայր դառնալու հնարավորություններ ունի, իսկ դրանք զարգացնելու համար պատրաստի նախագիծ ունեն։ Նախագահ Սահակյանի հանձնարարությամբ տանիքի վերակառուցմամբ կզբաղվի Քաղաքաշինության նախարարությունը, իսկ հուշարձանի հետ կապված հետագա ծրագրերը, պետության ղեկավարի գնահատմամբ, պետք է կյանքի կոչել արտաբյուջետային միջոցներով։ Բակո Սահակյանը կարծում է, որ համայնքային խնդիրներն ավելի արագ կլուծվեն պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ, ասել է թե` կարող ուժեր ընդգրկելով և տեղերում համայնքային մտածողությամբ նախաձեռնողականություն ապահովելով։

Հանդիպման ավարտին Նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է բերդաշենցիների աշխատասեր և արարող տեսակը՝ նրանց քաջագործությունները հիշելով նաև գոյամարտի տարիներին, երբ շինականն անպարտ մարտիկ էր և այսօր կրկին արարում է սեփական արյամբ պաշտպանված հայրենիքում։

 

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ